«Մեր խոսակցությունը ստացվեց». Հրանտ Մարգարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ և նրան երկխոսության կոչ արել։

«Մեր խոսակցությունը ստացվեց, և հույս ունեմ՝ կշարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան։ Մենք անցած 5-6 օրվա ընթացքում այս տեսակ ծավալուն աշխատանքի մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջև կանգնած այս թնջուկին։ Կարևորն այն է, որ մենք՝ իբրև Դաշնակցություն, կողմ չենք ձերբակալություններին, նաև դեմ ենք, երբ վերջնագրերով են խոսում։ Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն՝ հանուն այս ժողովրդի ու երկրի»,- ասել է Հ. Մարգարյանը։

Ըստ նրա՝ պետք է կարողանան լուծում գտնել, որ երկխոսությունը կայանա, և երկիրը ցնցումերի չմատնվի։ Հ. Մարգարյանի կարծիքով՝ այս պահին կարևոր է, որ փողոցը շատ ավելի զգույշ լինի և սադրանքների չենթարկվի, խաղաղ բնույթը պահպանվի, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ լուծում գտնվի։

«Մենք ամեն ինչ անում ենք, և այս ճիգ ու ջանքի մեջ կուսակցական ու անհատական շահը չէ խնդիրը, երկիրն ու ժողովուրդն է հիմնական արժեքը, հանուն որի՝ պետք է կողմերը զիջումների գնան»,- հավելեց Հ. Մարգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս