ԵՄ-ն ուշադիր հետևում է ընթացիկ զարգացումներին
Ապրիլի 19-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը և ԵՄ անդամ երկրների դեսպանությունները հայտարարություն են տարածել՝ երկրում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Հայաստանը խորհրդարանական հանրապետություն փոխակերպելու սահմանադրական փոփոխություններին հետևեց ապրիլի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը և ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը՝ որպես ՀՀ վարչապետ»,- ասված է ԵՄ հաղորդագրության մեջ:
«Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է ընթացիկ զարգացումներին, որոնք սկսվել են ընտրություններից հետո մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում:
«Քաղաքացիներն ունեն խաղաղ ճանապարհով և օրենքով սահմանված կարգով ազատ հավաքներ իրականացնելու օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավոր են ապահովել հանրային անվտանգությունն ու առողջությունը` արդար և համաչափ կերպով օրենքի կիրառմամբ: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն»,-ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն հավելել է, որ պատրաստ է շարունակել աշխատել պետական կառույցների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ` աջակցելով Հայաստանին իր ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ճանապարհին` ի օգուտ քաղաքացիների: