«ԲելՏԱ»-ն նշում է իր 100-ամյակը. Մինսկում կայացել է հատուկ թողարկված նամականիշի մարումը
«ԲելՏԱ» բելառուսական հեռագրային գործակալության 100-ամյակի առթիվ Մինսկում կայացել է հատուկ թողարկված նամականիշի մարումը: Նամականիշը մարել են «ԲելՏԱ» գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը, մի շարք գերատեսչությունների, գործակալությունների ներկայացուցիչներ:
Բելառուսի կապի և տեղեկատվության նախարարության կողմից թողարկված հատուկ նամականիշն ունի հետևյալ խորագիրը՝ « Բելառուսի հեռագրական գործակալության100 տարին» («100 гадоў Беларускаму тэлеграфнаму агенцтву»): Նամականիշը թողարկվել է 12 հազար օրինակով:
Ինչպես նշել է Կապի և տեղեկատվության նախարարի տեղակալ Պավել Լյոգկին, Բելառուսական հեռագրական գործակալությունը ոչ միայն մեծ պատմություն է, ոչ միայն հզոր ներկա է, այլև ապագայի ձգտում է:
«Մենք, անկեղծ հույս ունենք, որ գործակալությունը ոչ միայն կպահպանի իր առաջատար դիրքերը, այլև դրանք նշանակալի ձևով կամրապնդի: Կյանքը տեղում չի կանգնում: Ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ, գալիս են նոր մարդիկ, և մենք մեզ վստահ ենք զգում այն իմաստով, որ գործակալությունը հետևում է ժամանակակից մոտեցումներին»,-ասել է նա:
«ԲելՏԱ»-ն Բելառուսի Հանրապետությունում ամենախոշոր տեղեկատվական գործակալությունն է։ Այն ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ Մինսկում բացվել է Ռուսաստանյան հեռագրական գործակալության բելառուսական մասնաճյուղը՝ ԲելՕտՌՈՍՏԱ-ն։ Գործակալությունը նորություններ է հրապարկում բելոռուսերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:
«Արմենպրես»-ը սերտորեն համագործակցում է «ԲելՏԱ»-ի հետ: Երկու գործակալությունների միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագրի ստորագրման միջոցով և՛ «Արմենպրես»-ի, և՛ «ԲելՏԱ»-ի համար իրական քայլ է արվում տեղեկատվության և նյութերի փոխանակման առումով։ «ԲելՏԱ»-ն երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալության հետ, Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, «Ռոյթերս»-ը, «Սինխուա»-ն, «ԻՐՆԱ»-ն, «ՄԵՆԱ»-ն, «ԲՏԱ»-ն, «Ազերպրես»-ը, «Կազինֆորմ»-ը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում: