Ցուցարարները դարձյալ ԵՊՀ-ում են (լրացված)
Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում են ԵՊՀ-ում։ Նրանք դասադուլի կոչեր են անում ուսանողներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ ապրիլի 13-ին՝ քայլերթից Երևան վերադառնալու օրը, դարձյալ ԵՊՀ էր մուտք գործել։ Նրանց հաջողվել էր հասնել մինչև ռեկտորի աշխատասենյակի դռան մոտ։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ:
Քիչ առաջ ԵՊՀ անվտանգության աշխատակիցը մոտեցավ Փաշինյանին, հետաքրքրվեց, թե ինչ են պատրաստվում նա անել, ապա ասաց. «Ինչո՞վ աջակցենք»։
Ցուցարարներն այս պահին մուտք են գործել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք։
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջ Փաշինյանը ելույթ ունեցավ և պարզաբանեց, թե ինչու են ԵՊՀ-ում. «ԵՊՀ-ն պետք է լինի ՀՀ քաղաքացիների և ուսանողների ազատության սիմվոլը։ Այս ընթացքում մենք բազմաթիվ զանգեր ու ահազանգեր էինք ստանում տարբեր բուհերից և ուսումնական հաստատություններից, թե ուսանողների առաջ դռները փակվել են և նրանք չեն կարողանում դուրս գալ։
Հարցն ունի երկու կողմ՝ առաջին՝ մեծագույն խայտառակություն է, երբ ուսումնական հաստատության դռները փակվում են չափահաս մարդկանց առաջ, ի վերջո, ուսանողների մեծ մասը չափահաս մարդիկ են։ Սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ստեղծած ստահոդ պետության կարևորագույն սիմվոլներից մեկն է, և կոչ ենք անում բոլոր բուհերի ռեկտորներին, ԿԳՆ-ին՝ վերջ տալ այդ պրակտիկային։
ԵՊՀ դռները բաց են մեզ համար և մենք ողջունում ենք դա։ Այն օրը Մանկավարժական համալսարանն էլ չփակեց իր դռները, և մենք դա ողջունում ենք, որովհետև սա քաղաքակիրթ շարժում է, որ առաջնորդվում է գաղափարներով, ՀՀ շահերով»։
Նա նշեց, որ եթե այդ ամենը տեղի ունենար մեկ շաբաթ առաջ, հասկանալի կլիներ, բայց հիմա, երբ ըստ նրա՝ Հայաստանում ձևավորվել է «ազատ, անկախ ուսանողը», ուսանողների առաջ դռներ չեն կարող փակվել. «Ուսանողներ, մենք ձեզ ցույց ենք տվել դռները բացելու ձևերը»։