«Թուրքերի համար հայի ապրելն անընդունելի է, նրանց պարտվել, նշանակում է՝ լինել կատարյալ էշ». Վովա Վարդանով
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց վերջին օրերին ադրբեջանական կողմի ակտիվության մասին և պարզաբանեց, թե ինչու են հենց տվյալ ուղղություններում միջադեպեր գրանցվում։
«Հերթական անգամ Նախիջևանի ուղղությամբ փոխհրաձգություն եղավ, ակտիվ էին թուրքերը, մերոնք երկար չպատասխանելուց հետո պատասխանեցին, և կամաց-կամաց մարեց այդ փոխհրաձգությունը։
Հետագայում Բաղանիսի ուղղությամբ կրակելու դեպքեր եղան, որոնց արդյունքում մի գյուղացի տուժեց՝ կորցնելով 3 գլուխ անասուն։ Ակտիվացում կար նաև Արցախում, ունենք մեկ զոհ։ Լրատվամիջոցների ուշադրությունից էլ վրիպեց մի միջադեպ, որ երեկ եղել է Ճամբարակի ուղղությամբ, երբ երեկ մոտ 3-4 ժամ թուրքերը կրակում էին ոչ միայն՝ հրազենով, այլև՝ ականանետ-հրետանի է օգտագործվել։
Բնակավայրին ականանետը կարող էր հեշտությամբ խփել, բայց չէին խփում, պատճառը չգիտեմ, բայց դիրքերին շատ լուրջ խփում էին այնքան ժամանակ, մինչև մերոնք պատասխան կրակով չստիպեցին, որ նրանք լռեն։ Նման միջադեպերի նպատակն իրենց զինվորականներին լարված վիճակում պահելն է։ Նրանց մարտունակությունը բարձր պահելն է։ Թուրքն այդ ուղղություններին է ուշադրություն դարձնում, որովհետև դրանք այն ճանապարհներն են, որոնցով սնուցվում են Արցախում և Զանգեզուրում եղած մեր զորամիավորումները»,- ասաց նա։
Լայնամասշտաբ գործողությունների հավանականություն Վարդանովը չի տեսնում։
«2016թ. ապրիլն էլ լայնամասշտաբ գործողություն չէր, լայնամասշտաբ գործողության սկիզբ էր, որը կարող էր զարգանալ, վերածվել լայնամասշտաբ գործողությունների։ Բայց որ Բաքվից հրաման գա՝ հարձակում ենք սկսում, մանավանդ, որ Երևանից նման հրաման լինի, ես չեմ սպասում»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ ասաց նա։
Վարդանովը նկատեց՝ հայկական կողմի հաջողությունները թուրքերի խառը իրավիճակներով չեն բացատրվում, ինչպես նրանք են փորձում ներկայացնել.
«Իրենց խառը իրավիճակներն առաջանում են մեր հաջողությունների արդյունքում։ Մենք թուրքերին սկսեցինք ծեծել, երբ ռուսը դադարեց բացահայտ կողմնակալություն անել և պաշտպանել թուրքերի շահերը։ Հենց Ռուսաստանի զինվորականներին ծեծելով լարեցինք, սկսեցինք թուրքերին ծեծել։ Հիմա էլ, եթե նորմալ պատրաստված լինենք, ում պետք է՝ կծեծենք։
Մի քիչ հասարակ լեզվով եմ խոսում, ներող եղեք։ Մեզնից քիչ հեռու զորամաս կա, նայում ես՝ խախանդ, դինջ, իրենց եղբայրների վրա կրակել են մեկ-երկու օր առաջ, որտե՞ղ է դա զգացվում։ Կամ ձեր վրա զգացվո՞ւմ է, որ ձեր հարազատների կամ հարազատների խնամիների վրա կրակել են Բաղանիսում։ Կոպիտ եմ ասում, բայց մենք էշի ականջում քնած ենք, թե՛ մանկապարտեզի դաստիարակը, թե՛ մեր նորանշանակ նախագահը, թե՛ բոլորս։ Մենք բոլորս ինքնախաբեությամբ ենք զբաղված, մեզ թվում է՝ պատերազմ չկա»։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիները ոչինչ չեն անում, որ լայնածավալ պատերազմի դեպքում պարտվող չլինեն. «Մեր ինքնախաբեությունն այն աստիճանի է հասել, որ չենք հասկանում՝ մեր դիմաց հոլանդացին չէ, որ մեզ ստրկացնի և քաղաքակիրթ ձևով մտրակի, ստիպի, որ աշխատենք, իրեն հարստացնենք։ Եթե մենք պարտվենք, հաղթելու է հայասպանը, որի համար կարևորն այն է, որ հայն այս տարածքում չլինի՝ անգամ ստրուկի տեսքով։
Մի հատ ուշադրություն դարձրեք՝ Ալիևն ում դեմ է պայքարում․ 6 տարեկան երեխա, որի մոտ հայրանունն է միայն հայի, ութսունքանի տարեկան տատիկ, որ ծնվել է, Աստված գիտի՝ որ թվականին, Թիֆիլիսի գնացքով գնալիս՝ իրեն իջեցնում են։ Իրենք ցանկացած հայի դեմ են պայքարում, անկախ նրանից՝ նա Վաշինգտոնում է ծնվել, թե Մոսկվայի բիզնեսմեն է։ Իրենց համար հայի ապրելն անընդունելի է, նրանց պարտվել, նշանակում է՝ լինել կատարյալ էշ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում