Նիգերիայի բանակը գրեթե 150 պատանդների է ազատել «Բոքո հարամի» գերությունից
Նիգերիայի բանակը հայտնել է «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում 149 պատանդների ազատման մասին: Այդ մասին գրել է Premium Times հրատարակությունը: Բանակն ազատել է 54 կանանց եւ 95 երեխաների, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Գործողության ընթացքում բանակը ոչնչացրել է երեք զինյալների, եւս հինգին գերի են բռնել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալների գերությունից ազատված 105 նիգերիացի դպրոցական աղջիկներ վերադարձել են իրենց ընտանիքներ: Փետրվարին հայտնի էր դարձել, որ խմբավորման զինյալները դպրոցի հարյուրից ավելի աշակերտուհիների էին առեւանգել Նիգերիայի Յոբեի նահանգում:
Նիգերիայում գործող «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը հանդես է գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում է հասնել ամբողջ երկրում շարիաթի նորմերի հաստատման: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ «Բոքո հարամի» զինյալների բռնարարքների հետեւանքով ութ տարվա ընթացքում զոհվել է շուրջ 20 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: