Կրիպտոարժույթով որևէ գործարք չի կատարվի, քանի դեռ Հայաստանում այն չի կարգավորվել. նոր ստեղծվելիք մայնինգ կենտրոնի պարզաբանումը
Հայաստանում ստեղծվելիք մայնինգ կենտրոնը կտեղակայվի Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ: Դրան զուգահեռ կստեղծվի տեխնոլոգիական կլաստեր, որում կտեղակայվեն ստարտափերը, նրանց ծառայություններ մատուցող ընկերությունները, աքսելերատորը, կրթական և գիտահետազոտական նախագծերով զբաղվող «Հայկական բլոկչեյն համաժողովը» և այլն: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է «Հայկական բլոկչեյն համաժողով»-ի և ECOS-ի հանրային կապերի պատասխանատու Իրինա Գոլովանովան:
–Կցանկանայիք իմանալ, մասնավորապես, որտե՞ղ եք ծրագրում հիմնել մայնինգ կենտրոն։
-Մայնինգ կենտրոնը գտնվելու է Հրազդան ՋԷԿ-ի հարևանությամբ: Առաջին բլոկը Հրազանդ էլեկտրակայանին մոտ վայրում է։ Նրանում տեղակայված կլինեն մայնինգ ֆերման և տարբեր ծառայություններ՝ կապված տեխնիկական լուծումների հետ։ Երկրորդ բլոկը 4-5 հարկանի կառույց է, որում կտեղակայվեն բոլոր ընկերությունները՝ այդ թվում՝ «Հայկական բլոկչեյն համաժողովը» (ABF, այն հանդես կգա կրթական և գիտահետազոտական նախագծերով), Ազատ առևտրի գոտու կազմակերպիչը, Հետազոտական և զարգացման (R&D) լաբորատորիաները, աքսելերատորը՝ որպես կազմակերպություն, գործընկերային տարածք և ծառայություն մատուցող ընկերությունները, որոնք կօգնեն ստարտափերին։
–Ինչպես ավելի վաղ տեղեկացել ենք, կրիպտոմայնինգ ֆերման կհիմնվի ազատ տնտեսական գոտում։ Ի՞նչ արտոնություններ կտրամադրի այն։
-Ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող մայնինգում կիրառվող սարքավորումները կազատվեն ավելացված արժեքի հարկից: Միևնույն ժամանակ ընկերությունը պետք է համապատասխանի ԱՏԳ-ի գործունեության ուղղությանը։ Օրինակ, եթե ընկերությունը մշակում է հավելված բլոկավորման համար, այն կստանա արտոնություններ, բայց եթե փոխարենը ընկերությունը ներգրավված է մայնինգում`ոչ մի արտոնություն։
–Ովքե՞ր են ներդրողները, ի՞նչ ծավալի ներդրումների մասին է խոսքը։
-Ներդրողների ցանկն այս պահին հրապարակելի չէ: Պետությունը տրամադրում է ոչ ֆինանսական աջակցություն։ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախաձեռնությունը դեկտեմբերին դրական գնահատականի է արժանացել նաև ՀՀ կառավարության կողմից։ Բիզնեսում մասնավոր հատվածի կողմից ուղղակի ներդրումները տարեկան կկազմեն առնվազն 30 միլիոն դոլար։
-ECOS-M-ը պայմանագիր է ստորագրել Հրազդան ՋԷԿ–ի հետ վերջինիս կողմից մայնինգ կենտրոնին էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ։ Ինչպե՞ս պետք է այս գործընթացը տեխնիկապես իրականացվի։
-Տեխնիկապես, սա կապ է Հրազդան ՋԷԿ-ի հետ և 50 ՄՎտ էլեկտրաէներգիայի ստացում։ Առկա է նաև ներուժը մինչև 200 ՄՎտ հասցնելու համաձայնագիր:
–Կրիպտոարժույթի ոլորտը Հայաստանում դեռևս կարգավորված չէ, ինչպե՞ս են նոր ընկերությունները գործառնելու այդ պայմաններում։ Կա՞ որևէ միջազգային պրակտիկա, թե դա ինչպես է հնարավոր։
-Ստեղծված ազատ տնտեսական գոտու նպատակն է լինելու տեխնոլոգիական ստարտափերի ներգրավումն աշխարհի տարբեր կողմերից և ապահովելու հարմարավետ պայմաններ դրանց զարգացման համար։ Նոր էկոհամակարգի շրջանակներում կգործարկվի նաև նույնականացման կենտրոն, որի նպատակը
ԱՏԳ մասնակիցների՝ միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխանության ապահովումը կլինի:
Ոչ մի գործարք չի կատարվի կրիպտոարժույթներով, քանի դեռ Հայաստանում այդ հարցը չի կարգավորվել։
Հարցազրույցը՝ Անի Նազարյանի