Բաժիններ՝

«Դա ի՞նչ է, ֆաշի՞զմ է, թշնամությո՞ւն է մեր հասարակության դեմ». Արարատ Զուրաբյան

Ամպամած Բրիտանիան այսօր 25% արևային էներգիա է օգտագործում, իսկ արևային Հայաստանը` չնչին, Գերմանիայում 80% է: Այս մասին այսօր ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը` նկատելով, որ աշխարհում արևային էներգետիկան այսօր պատիկներով է ավելանում:

«Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում մեկ անհատին արևային էներգիայի սահմանափակում կա: Դա ի՞նչ է, ֆաշի՞զմ է, թշնամությո՞ւն է մեր հասարակության դեմ, ընդհանրապես` ի՞նչ նպատակ ունի սահմանափակումը, եթե մարդիկ պատրաստ են ներդրում կատարել»,- ասաց Ա.Զուրաբյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանեց, որ արևային էներգիայի աղբյուրներն անսպառ են մեր երկրում, բայց չենք կառուցում արևային կայաններ, որովհետև առանց կուտակիչների անվտանգ կարելի է կառուցել մինչև 150 մվտ կայաններ:

Նա նշեց, որ հարց է առաջանում, որին կպատասխանեն առաջիկա ամիսներին` արևային կայանները կառուցել խոշո՞ր, թե՞ մանր, կուտակիչներո՞վ, թե՞ առանց, կուտակիչները կառուցել առանձի՞ն, թե՞ միասնական: Դրանից հետո, ըստ նախարարի, անսահմանափակ կայաններ կառուցելու լիցենզիաներ կտրվեն: Ա.Մանուկյանի խոսքով` հարց է նաև՝ Արարատյան դաշտի սևահողերի վրա կառուցե՞լ, թե՞ ոչ, ճանապարհներից մինչև 20 մ հեռավորության վրա՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում, վստահեցրեց նախարարը, առաջկա 10 տարում արևային կայանների կառուցմամբ կհրաժարվենք ամբողջությամբ գազային կայաններից:

Կարդացեք նաև

Ա.Մանուկյանը համաձայնեց Ա.Զուրաբյանի դիտարկմանը, որ արևային էներգետիկան պատմական շանս է` մեր երկիրը զարգացնելու համար: Թե ինչո՞ւ է այդ դեպքում Երևանում կառուցվում ՋԷԿ-ի երկրորդ բլոկ, նախարարը հայտարարեց. «Հայաստանը դարձնում ենք էներգետիկ միջանցք: ՋԷԿ-երը պետք է միայն արտաքին աշխարհի վրա աշխատեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս