Բաժիններ՝

«Դա պետք է բոլորիս խղճի վրայից դուրս գա. մենք ապրում ենք այդ ծանր բեռով». Սամվել Նիկոյանը՝ Մարտի 1-ի մասին

«Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել է նախընտրական քարոզչության ժամանակ»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ:

Ս. Նիկոյանի խոսքով՝ դա դաժան, աններելի մրցակցություն էր երկու կողմից: Ըստ նրա՝ կատարված դեպքերի պատճառներից էր ընտրական համակարգի նկատմամբ անվստահությունը, իշխանական համակարգում եղած շատ մարդկանց՝ իրենց օրենքից դուրս դնելը, դատաիրավական համակարգի նկատմամբ ոչ վստահելի իրավիճակը և ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու կամ ձեռք բերելու մոլուցքը:

«Այսպիսի իրավիճակներում տեղի ունեցավ ընտրությունները և հետընտրական գործողությունները: Ես դրա մասին իմացա հաջորդ օրը հեռուստացույցից: Հանձնաժողովի բոլոր անդամների համար ստեղծվեց մի իրավիճակ, որ պետք է եզրակացություն կազմես մի իրավիճակի մասին, որին ականատես չես եղել, որի  ինֆորմացիան միակողմանի դու ստանում ես: Այդ ժամանակ ես հասկացա, որ հանձնաժողովի փրկությունն այն է, որ ընդդիմությունը կարող էր մեզ օգնել: Մենք նրանց խնդրեցինք օգնել անել այն,  ինչը ցանկանում ենք անել, որովհետև որևէ ոստիկան, որը «Չերեմուխա» էր օգտագործել, հանձնաժողովից որևէ մեկի բարեկամը չէր, ոչ էլ զոհերը մեր թշնամիներն էին: Հանձնաժողովը ցանկանում էր գործ անել:

Զոհվածների հարազատները մեզ չէին հավատում: Երբ հասկացանք, որ ընդդիմությունը չի ուզում հանձնաժողովում լինել, սկսեցինք փաստեր հավաքել, ու առաջին հայտարարությունը որ արեցինք, դա այն էր, որ «Չերեմուխան» կարելի է օգտագործել միայն փակ տարածքներում, եթե օգտագործվել է բաց տարածքում, դա արդեն իսկ խախտում է, որը պատժելի արարք է հրաման տվողի համար, և այլն: Բերեցին՝ հանձնաժողովին ներկայացրեցին փաստաթուղթ, որ արտադրող ընկերությունն ասում է, որ այդ զենքը կարելի է օգտագործել նաև բաց տարածքներում: Հանձնաժողովի ձեռքերը կարճվեցին»,- նշեց Ս. Նիկոյանը:

Նա պատմեց, որ իրենք դիմել են հանրությանը, որ նրանք տարբեր ձերով իրենց ինֆորմացիա տան, բայց միայն մի հոգի է արձագանքել: Դիմել են նաև միջազգային հանրությանը, տարբեր ատյաններին, որպեսզի կարողանան զենքի բեկորների իդենտիֆիկացիան իրականացնել, սակայն, ոչ մեկը չի արձագանքել:

«Ես այստեղ այսօր լսեցի, որ արդեն կան տեխնոլոգիաներ, որոնք կարող են դա իդենտիֆիկացնել. Դատախազության ներկայացուցիչներին եմ ասում՝ արեք դա, որովհետև դա պետք է բոլորիս խղճի վրայից դուրս գա: Ով սխալ է արել, պետք է պատժվի, որովհետև մենք ապրում ենք այդ ծանր բեռով: Ես երբ հիշում եմ այդ իրադարձությունները, դա մի դժոխք էր»,- հայտարարեց Ս. Նիկոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս