«GetContact-ն ամենավառ օրինակներից մեկն է, որ մարդիկ չեն զգում, որ վատ բան են անում». Սամվել Մարտիրոսյան

«Անձնական տվյալները պետք է շատ խիստ պաշտպանված լինեն, բայց մեր լեզվում նույնիսկ privacy բառը չի թարգմանվում։ Եթե ինչ-որ տեղ ապրում ես, ապա շքամուտքի մոտ նստած բոլոր տատիկները պետք է մանրամասն իմանան՝ դու ուր ես գնացել, և այլն, որովհետև այդ privacy-ն գոյություն չունի, լեզվի մեջ չկա։ Դա արդեն ցույց է տալիս, որ խնդիր ունենք»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանական այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ գրագիտության բացակայության խնդիր նկա Հայաստանում. «ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր գործն անում է, բայց դա շատ քիչ է։ Շատ ծրագրեր են պետք, որպեսզի հանրությունը հասկանա՝ գոյություն ունի անձնական տվյալների պաշտպանության խնդիր, հասկանա, թե որոնք են այդ անձնական տվյալները, ինչու և ինչպես պետք է պաշտպանի դրանք։ ՏՏ զարգացումն իր հետ բերում է մի հետաքրքիր բան.  լայնանում է անձնական տվյալների տիրույթը։ Օրինակ՝ մինչև վերջերս մեր դեմքն անձնական տվյալ չէր, եթե մեզ տեսախցիկով նկարում էին փողոցում։ Երբ դու տեսախցիկում հայտնվում ես, դա դառնում է անձնական տվյալ, քեզ կարող են նույնականացնել»։

Մեդիափորձագետն ընդգծեց՝ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց տվյալներն աջ ու ձախ տարածելով՝ նույնիսկ չեն կարող իրավապահ մարմիններին դիմել, որովհետև շատ դեպքերում դժվար է գտնել, թե ում են իրենց տվյալները տվել. «Օրինակ՝ այս տարի հայ ժողովուրդն իր համար բացահայտեց «Սև ուրբաթը», և բոլորը սկսեցին էլեկտրոնային առևտրով զբաղվել։ Դրանից օգտվեցին որոշ խաբեբաներ, որոնք Ֆեյսբուքում գովազդում էին կայքեր, որտեղ շատ մեծ զեղչեր էին, մարդիկ իրենց բանկային քարտերի տվյալներն արագ-արագ գրում էին, որ շատ էժան ապրանք առնեին, և փաստացի այդ տվյալները կորչում էին։ Սա՝ օրինակ, երբ տվյալը նաև գումար է։ Հարցն այն է, որ մարդիկ թերագնահատում են տվյալների ազդեցությունը և չեն հասկանում, թե ում են դրանք տրամադրում։

GetContact-ն ամենավառ օրինակներից մեկն է, որ մարդիկ չեն զգում, որ վատ բան են անում, երբ իրենց հեռախոսային գրքույկը տրամադրում են երրորդ կողմին։ Հայաստանում նորմալ է համարվում, երբ ուրիշի հեռախոսահամարը հեշտ տարածում են։ Շատ քիչ մարդ կա, որ քեզ նախօրոք հարցնում է՝ կարո՞ղ է քո համարն ուրիշին տալ, թե՞ ոչ։ Այդ մշակույթը չկա, և մարդիկ հեշտությամբ GetContact-ին տրամադրում են իրենց հեռախոսահամարը, հետո զարմանում են, որ ուրիշներն էլ իրենց են նայում այդ հավելվածով։ Հետո ազդվում են, ջնջում են, բայց տվյալները մնում են»։

Կարդացեք նաև

Հետևաբար, ըստ Մարտիրոսյանի՝ անձնական տվյալների պաշտպանության հարցում ամենակարևորը գրագիտությունն է.

«Իրավիճակն աշխարհում այնքան արագ է փոխվում, անձնական տվյալներ գողացող հանցագործներն այնքան են հմտացել նոր բաներ հորինելու մեջ, որ առնվազն մարդիկ պետք է գիտակցեն, որ պետք է անընդհատ կրթվեն։ Առաջընթաց կա, բայց տեմպը չի գոհացնում։ Աշխարհը փոխվում է ավելի արագ, քան մենք հասցնում ենք կրթվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս