Մարզպետարանների միջքաղաքային հեռախոսավճարները. 1 մարզպետարանն ունի 23-38 հեռախոսահամար
Որքա՞ն են վճարում մարզպետարանները միջքաղաքային հեռախոսային ծառայությունների դիմաց. 4-5 տարվա ծախսերն ու բաժանորդային վճարները
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել են մեկ անձից գնումներ կատարած կառույցների պայմանագրերը, որոնց ժամկետն ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերին:
ՀՀ տասը մարզպետարաններն էլ բավական ակտիվ են եղել մեկ անձից գնումներ կատարելիս:
Պարզել ենք, թե մարզպետարանները որքան գումար են վճարում միջքաղաքային հեռախոսային ծառայությունների դիմաց:
Ուսումնասիրել ենք այն պայմանագրերը, որոնց ծառայությունների ձեռքբերման վերջնաժամկետ նշված է եղել 2017 թվականի դեկտեմբերը, կայքում առկա են նաեւ պայմանագրեր, որոնց վերջնաժամկետն ավարտվել է ավելի վաղ:
Հետաքրքիրն այն է, որ հիմնական ծախսը եղել են բաժանորդային վճարները, ավելի ճշգրիտ` հեռախոսագծերը/ հեռախոսահամարներն են շատ եղել, քան կազմել են րոպեավճարները եւ մատուցվող ծառայությունների վճարները: Ի դեպ, մեկ հեռախոսագծի (իրավաբանական անձի) ամսական վճարը կազմում է 4.800 ՀՀ դրամ:
Միջքաղաքային հեռախոսային ծառայությունների ձեռքբերման համար մարզպետարանները պայմանագիր են կնքում «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ի («ԱրմենՏել» ՓԲԸ) հետ, որը 2017 թվականին վերանվանվեց «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի, այն «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից է:
Արագածոտնի մարզպետարանը «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերության հետ 2014 թվականի հուլիսին կնքել է պայմանագիր, ծառայությունների գինը կազմել է 4 մլն 821 հազար ՀՀ դրամ, որից բաժանորդային տարեկան վճարը եղել է 1 մլն 902 հազար ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ը, մյուս գումարը կազմել է մատուցված ծառայությունների վճարը, րոպեավճարը եւ այլն: Պայմանագրից պարզվում է, որ Արագածոտնի մարզպետարանը պայմանագրի կնքամն պահին ունեցել է թվով 33 հեռախոսահամար/հեռախոսագիծ:
Արարատի մարզպետարանը 3 պայմանագիր ունի, որոնց վերջնաժամկետը եղել է 2017 թվականը, ընդհանուր վճարել է 4 մլն 700 հազար 500 ՀՀ դրամ:
Առաջին պայմանագիրը կնքել է 2014 թվականի մարտին, ծառայությունների արժեքը կազմել է 175 հազար 200 ՀՀ դրամ, որից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 116 հազար 400 ՀՀ դրամէ ներառյալ ԱԱՀ-ը, պայմանագրի կնքամն պահին նախատեսվել է վճարել 2 հեռախոսահամարի/հեռախոսագծի համար:
Արարատի մարզպետարանը նույն ընկերության հետ պայմանագիր կնքել է նաեւ 2014 թվականի փետրվարին, վճարել է 350 հազար 400 ՀՀ դրամ, որից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 231 հազար 600 ՀՀ դրամ, նախատեսվել է վճարել 4 հեռախոսագծի/հեռախոսահամարի համար:
Արարատի մարզպետարանը 3-րդ պայմանագիրը կնքել է արդեն «ՎԵՈՆ Արմենիա»-յի հետ` գումարը կազմել է 4 մլն 174 հազար 900 ՀՀ դրամ: Նշված գումարից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 2 մլն 534 հազար 400 ՀՀ դրամ, նախատեսվել է վճարել է 38 հեռախոսագծի, 2 ուղիղ գծի, մեկ միջքաղաքային կապուղու, մատուցված ծառայությունների 1 հաշվի առաքման համար:
Արմավիրի մարզպետարանը 3 պայմանագիր ունի, ընդհանուր վճարել է 3 մլն 595 հազար 900 ՀՀ դրամ: Առաջին պայմանագրով ծառայությունների արժեքը կազմել է 138 հազար 800 ՀՀ դրամ, կնքվել է 2015 թվականի փետրվարի 16-ին: Ըստ պայմանագրի`նշված գումարից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 118 հազար 800 ՀՀ դրամ, նախատեսվել է վճարել է 2 հիմնական հեռախոսագծի, 1 հաշվի առաքման, 1 զանգող համարի ներկայացման համար:
Մյուս պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն 67 հազար 100 ՀՀ դրամ, պայմանագիրը կնքվել է 2015 թվականի փետրվարին: Նշված գումարից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 1 մլն 326 հազար ՀՀ դրամը, վճարվել է 1 հաշվի առաքման, 23 հիմնական հեռախոսագծի համար:
3-րդ պայմանագրի արժեքը կազմել է 390 հազար ՀՀ դրամ, որից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 360 հազար ՀՀ դրամ` 1 հաշվի առաքում, 1 հիմնական հեռախոսագիծ, 1 միջքաղաքային կապուղի, 1 ուղիղ գիծ:
Գեղարքունիքի մարզպետարանն ունի մեկ պայմանագիր, որը կնքել է 2013 թվականի հուլիսին: Ծառայությունների գինը կազմել է 2 մլն 373 հազար 700 ՀՀ դրամ, որից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 1 մլն 934 հազար 400 ՀՀ դրամ, պայմանագիրը կնքելու պահին նախատեսվել է վճարել թվով 32 հեռախոսագծի համար, յուրաքանչյուրի ամսական վճարը կազմել է 4800 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ը, մեկ հեռախոսագծի համար էլ ամսական վճարվել է 7500 ՀՀ դրամ, մատուցվող ծառայության հաշվի ամսական մեկ առաքում է եղել, ամեն ամսի գինը կազմել է 100 դրամ:
Կնքած պայմանագրերի քանակով աչքի է ընկնում Լոռու մարզպետարանը, ընդհանուր արժեքը կազմել է 2 մլն 322 հազար 600 ՀՀ դրամ: 2013 թվականից կնքել է 5 պայմանագիր: 2013 թվականին ծառայությունների գինը կազմել է 74 հազար 600 դրամ, որից բաժանորդային տարեկան վճարը կազմել է 57 հազար 600 ՀՀ դրամ, 1 հեռախոսագծի համար:
2013 թվականի հուլիսին մեկ այլ պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, վճարել է 135 հազար 800 ՀՀ դրամ:
2013 թվականի հուլիսին եւս պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ, վճարել է 59 հազար 900 ՀՀ դրամ:
Մյուս ծառայությունների գինը կազմել է 83 հազար 100 ՀՀ դրամ:
Լոռու մարզպետարանի հրապարակած վերջին պայմանագրով ծառայությունների գինը կազմել է 1 մլն 969 հազար 200 ՀՀ դրամ, նախատեսվել է վճարել 34 հիմնական հեռախոսագծի, 1 բաժանորդային վճարի, բաժանորդային վճար զանգող համարի 4 ներկայացման համար:
Անի Մկրտչյան
asparez.am