«Սա ցեղասպանության քաղաքականության մի դրսևորում է». Դավիթ Բաբայանը՝ Արցախ այցելած թուրք գործիչներին Թուրքիայի կողմից մեղադրանք առաջադրելու մասին

Ինչպես հայտնի է, Թուրքիայում քրեական գործ է հարուցվել չորս գործիչների նկատմամբ, որոնք սեպտեմբերին այցելել էին Լեռնային Ղարաբաղ: Քրգործ է հարուցվել գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով կատարվածի մասին, նշեց, որ Թուրքիան սրանով իր իրական դեմքն է ցույց տալիս:

«Երբ Թուրքիայում վրդովմունք են հայտնում, թե ինչո՞ւ եվրոպացիները չեն ուզում, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, բա նման պետության հետ ի՞նչ ձևով վերաբերվեն: Այսինքն՝ Թուրքիան այսպիսի պահվածքով ոչ միայն իր հայատյաց, ցեղասպան դիրքորոշումն է հայտնում, այլ նաև ցույց է տալիս  իր իրական պատկերը, և նման պետությունը, բնական է, չի կարող լինել ԵՄ-ի, եվրոպական ընտանիքի, քաղաքակիրթ հանրության անդամ:

Այսպիսի քայլերը, կարծում եմ, առաջին հերթին՝ մեզ համար նորություն չեն, անակնկալ չեն, և այն մարդիկ, որոնք նույնիսկ ուզում են ինչ-որ ձևով իրենց կեղտոտ, արյունոտ անցյալից ձերբազատվեն ու կապեր հաստատեն հայ ժողովրդի հետ, նրանց ճնշում են, ենթարկում են բռնությունների: Սա ցեղասպանության քաղաքականության մի դրսևորում է, և այս քայլերն առաջին հերթին պետք է միջազգային հանրության կողմից ֆիքսվեն: Կարծում եմ՝ համապատասխան հետևություններ արվում են միջազգային հանրության կողմից»,- նշեց Դ. Բաբայանը:

Հիշեցնենք նաև, որ Մինսկում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտին ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը:

Դրա համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Դ. Բաբայանը շատ կարևորեց ՀԱՊԿ-ի կողմից արված այս հայտարարությունը. «Վերջերս մենք տեսնում ենք, որ մի շարք պետություններ՝ Թուրքիայի գլխավորությամբ, փորձում են խարխլել այդ ձևաչափը, անընդհատ ինչ-որ ձևով խցկվել այդ ձևաչափի մեջ, փոխել ձևաչափը: Սա ոչ այլ ինչ է, քան  հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի տապալման փորձ:

Թուրքիայի ներգրավումը տարածաշրջանում ցանկացած գործընթացի մեջ միշտ բերել է բացասական երևույթների, սա փաստ է: Այսպիսի հայտարարությունը, կարծում եմ, առաջին հերթին ուղղված է հենց Թուրքիային, բայց կարծում եմ՝ սա լոկ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի քաղաքականությունը չէ, այլև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի, որովհետև դրանից առաջ համանախագահներն Անկարայում հանդիպել են թուրքական իշխանությունների ղեկավարության հետ: Սա էլ մի մեսիջ է, որպեսզի ցույց տան այն կարմիր գիծը, որը Թուրքիան չպետք է հատի»:

Տեսանյութեր

Լրահոս