Ինչու են թիրախավորել Կարեն Կարապետյանին
Արդեն երկու օր է՝ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրենց քննադատության սլաքները հստակ ուղղել են վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության դեմ ու «հարձակումներ» են գործում։
Բարձրացված խնդիրները՝ փոքր ու միջին բիզնեսի ճնշումները, գազի և բենզինի ոլորտում չարաշահումները, անխոս, առկա են, սակայն այդ քննադատությունների քաղաքական ենթատեքստն էլ ակնհայտ է։ Տարիներ առաջ ԲՀԿ-ական պատգամավորները նույն եռանդով հարձակումներ էին գործում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ, երբ կուլիսներում ակտիվորեն շրջանառվում էր նրա պաշտոնանկության թեման։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք անդրադառնում են երևույթներին, փոքր, միջին ու շատ փոքր ձեռնարկատերերն արդեն 7-րդ անգամ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում, գրություններով հանդես է եկել 3000-ից ավելի ձեռնակատերեր, իսկ կառավարությունը, ըստ նրա՝ անհամարժեք պատասխաններ է տալիս, իսկ վերջին 1 ամսվա ընթացքում տասնյակ ձեռնարկություններ, ԱՁ-ներ արդեն փակվել են: Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը խոստանում է, որ լավ կլինի, բարեփոխումներ են իրականացնում, պատգամավորը հակադարձեց. «Ոչ, ի՞նչը լավ կլինի: Մենք հետևում ենք այդ խոսքերին և իրականությունն էլ ենք լավ տեսնում, դրա համար էլ ահազանգում ենք»:
Վ. Էնֆիաջյանի խոսքով` իրականությունը չի համապատասխանում Կ. Կարապետյանի խոսքերին. «Արդեն 7-րդ անգամ են մարդիկ հավաքվում, ի՞նչն է խնդիրը, որ մեր հարևան խմբակցության ներկայացուցիչները չեն հանդիպում այդ քաղաքացիների հետ»:
Ընդդիմադիր գործընկերների ակտիվացումը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կապում է քաղաքական աշնան և կրքերի թեժացման հետ։ Ըստ նրա` ՀՀԿ-ն սատարում է Կարապետյանի քաղաքականությանը, որը միտված է լուծել այն խնդիրները, որ կան մեր երկրում, իսկ ինչքանո՞վ արդյունավետ կլինի, ինչքանո՞վ՝ ոչ, ցույց կտա ժամանակը:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններում քաղաքական ենթատեքստ կար, Է.Շարմազանովը պատասխանեց.
«Քաղաքական գործընթացների մեջ պետք է լինի քաղաքական ենթատեքստ: Եթե լիներ անձնական, դա ծիծաղելի կլիներ: Շատ նորմալ է, որ քաղաքական ուժերը շփվում են քաղաքական ենթատեքստերով: Հիմա իրենք հարց են բարձրացրել, կտեսնենք՝ այսօր և վաղը բյուջեի քննարկումն ինչպես կընթանա: Եվ, ինչպես մեր հարգաժան առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր ասում ու շատ ճիշտ էր ասում, ընդդիմությունը քննադատելու համար է, իշխանությունը նրա համար է, որպեսզի պատասխանի այդ քննադատություններին: Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է` իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ընդդիմությունն ասում է` սա իմ շնորհն է: Սա էլ ես չեմ ասել, ավելի խելացի մարդ է ասել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»:
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամների առաջարկին` ստեղծել հանձնաժողով և ուսումնասիրել, թե ինչպես է գոյացել Կարեն Կարապետյանի և Վարդան Հարությունյանի ունեցվածքը, նաև գազի ու բենզինի ոլորտում չարաշահումները, Է.Շարմազանովը նշեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, իսկ Հանրապետականն ինքն է օրակարգ թելադրում, բայց իրենք չեն մերժում որևէ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնություն հայտարարելու իրավունքը:
Է.Շարմազանովը բացառեց, որ Կ.Կարապետյանի կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական կտա: Ըստ նրա` եթե այս կառավարությունը ձախողի, դա կլինի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձախողում, սակայն ձախողման միտումներ չկան.
«Կան դրական միտումներ և առաջընթացի միտումներ, որ լինելու են երկարաժամկետ, և 2022 թ., երբ գնանք նոր ընտրությունների, կարձանագրենք այն բոլոր պլյուսները, որ ունենք»:
Դաշնակցականներն առայժմ լռություն են պահպանում։ ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, լսելով մեր հարցը, թե ինչո՞ւ են «Ծառուկյան» խմբակցության անդամները թիրախավորված քննադատում վարչապետին, ասաց, որ հարցազրույց չի տալիս։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չբացառեց, որ Կարեն Կարապետյանին հատուկ թիրախավորել են, բայց հավելեց, որ մատնանշած բացերն ակնհայտ են. «Կառավարությունն այնքան բացեր ունի, որ դրանց մասին խոսելը և բարձրաձայնելը երբեք էլ ժամանակավրեպ չի, որովհետև մանրածախ առևտրով զբաղվողները 3-4-րդ անգամ էին գալիս ԱԺ, նրանց շարքերում, բնականաբար, նաև Առինջ մոլի աշխատողներն էին, որոնք ուղղակի տնտեսական առումով շփվում են «Ծառուկյան» դաշինքի հետ և առաջին հերթին իրենց են բողոքել, բայց այդ խնդիրը կա նաև այլ առևտրի կետերում։ Ես էլ եմ տեսնում, որ գազի ոլորտում իսկապես շատ ավելի մեծ կոռուպցիա կա, քան մանրածախ առևտրի ոլորտում։
Ես, ի զարմանս բոլորի, աջակցում եմ «Ծառուկյան» դաշինքին, գտնում եմ, որ այդ հարցը ճիշտ էր բարձրացված։ «Ելքը» կաջակցի նաև գազի, նավթի, բնագավառում ստուգումներին և գործընթացին կմիանանք։ Իրական կոռուպցիան թողած՝ ընկել են մանր ու միջին բիզնեսի հետևից»։
Խոսելով խնդրի քաղաքական երանգների մասին՝ Ա.Սարգսյանը նշեց, որ գործող ՀՀ նախագահի ու վարչապետի միջև հակադրությունը տեսանելի է։
«Կարծում եմ՝ գործող նախագահը թերագնահատում է վարչապետի ամբիցիաները, դա իրականում այդպես չի։ Ես տեսնում եմ նաև, որ Կարեն Կարապետյանն ընդերքում լավ աշխատում է։ Ես ուշադիր հետևել եմ, թե «Ռիո» առևտրի կենտրոնի բացումից հետո ճաշկերույթին ովքեր են մասնակցել, և միանշանակ էր, որ Հայաստանի տնտեսական դաշտում գործունեություն ծավալած բոլոր մեծահարուստները ներկա էին, ներկա էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց այդտեղ չէր Սերժ Սարգսյանը։
Ես տեսնում եմ ռուսական կապիտալի հոսքն այստեղ, և այդ կապիտալն օր օրի ուժեղանում է, իսկ ցանկացած կապիտալ, որ ուժեղանում է երկրում, սկսում է պետական խնդիրներ լուծել, հայտ է ներկայացնում իշխանություն լինելու։ 2018-ի ապրիլին այդ կապիտալը փորձելու է սեփական վարչապետ ունենալ, և այդ առումով լուրջ պայքար կարող է լինել։ Սերժ Սարգսյանը ժամանակ է սահմանել, որ ՀՀ բնակչությունը պետք է դառնա 4 մլն։ Ես չեմ բացառում, որ ինչպես ինձ ազատեցին ծնելիության ցածր տոկոսի պատճառով, Սերժ Սարգսյանն էլ Կարեն Կարապետյանին կարող է ազատել ծնելիության ցածր տոկոսի պատճառով, եթե դրա համար համապատասխան քաղաքական դաշտը ձևավորվի»,- ասաց Ա.Սարգսյանը։