Բաժիններ՝

«Երևի մարդն ընդունակ է ինքն իրեն ոչնչացնելու… երևի… Եվ Նիկիտա Միխալկովի մոտ դա ստացվեց բոլորից լավ». Վիտալի Մանսկի

Կինովավերագրող, դոկումենտալիստ  և պրոդյուսեր, Artdocfest դոկումենտալ ֆիլմերի փառատոնի նախագահ Վիտալի Մանսկին ծնվել է Լվովում, սովորել է տեղի թիվ 52 միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորության ֆակուլտետը (Սերգեյ Մեդինսկու դասարանում): Երկար տարիներ  Մանսկին ապրել ու աշխատել է Մոսկվայում։ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ռեժիսորը որոշում է կայացնում  հեռանալ Ռուսաստանից  և կացության իրավունք խնդրել Լիտվայում: «Adami» միջազգային հեղինակավոր մեդիա-կինո մրցանակաբաշխության երևանյան երկօրյա գիտաժողովի վերջին օրը, որին փորձագետի կարգավիճակով մասնակցում էր նաև ռեժիսորը, մեզ հաջողվեց զրուցել նրա հետ:

«Առհասարակ ինձ որևէ սիստեմ դուր գալ չի կարող, եթե այն միակն է,  ցանկացած սիստեմ՝ լինի պետական, գաղափարախոսական, կրթական թե այլ: Սիստեմը ոչնչացնում է կյանքը: Սիստեմի բազմազանությունը միակ հնարավոր տարբերակն է՝ պահպանելու մարդկության գոյությունը երկիր մոլորակի վրա: Ալտերնատիվ տարբերակ չկա, միակ ալտերնատիվը սիստեմների  բազմազանությունն է»,- «168 Ժամի» հետ բացառիկ զրույցում նկատեց Վիտալի Մանսկին:

– Պարոն Մանսկի, ինչպիսի՞ նկարագիր ունի ժամանակակից դոկումենտալ կինոն:

– Նախևառաջ ուզում եմ հիշեցնել, որ դոկումենտալ կինոն մշտապես տեխնիկական  փոփոխությունների գերի է եղել՝ ի տարբերություն խաղարկային և անիմացիոն ֆիլմերի: Հետևաբար, տեխնիկական փոփոխությունների արդյունքում ռադիկալ կերպով փոփոխության է ենթարկվել նաև դոկումենտալ կինոյի լեզուն: Խաղարկային կինոյի ի հայտ գալուն զուգահեռ՝ մեծ տարբերություններ ժանրերում և հատկապես գեղարվեստական հարցերը լուծելու տեսանկյունից՝ չեն գրանցվել:

Կարդացեք նաև

Դոկումենտալ կինոն, որ նախևառաջ ռեալ իրականության ֆիքսացիան է, մեծապես կախված է տեխնիկական բնույթի հարցերից: Երբ հայտնվեցին փոքր կամ 16 մմ-անոց տեսախցիկները, որոնք արդեն թույլ էին տալիս ֆիքսել ինչպես՝ պատկերը, այնպես նաև՝  ձայնը, կամ թվային տեխնիկայի հայտնությունը հնարավորություն ընձեռեց ավելի խորը թափանցել  իրականության մեջ, այսպիսով,  դոկումենտալ կինոն  դարձնելով ավելի ինտիմ ու հասանելի: Մենք հիշում ենք, թե  ինչ էր կատարվում նախկինում՝ նկարահանող ողջ խումբը՝ ռեժիսորը, օպերատորը,  օպերատորի ասիստենտը, լուսավորողը, հնչյունային ռեժիսորը՝ բոլորը միասին  կարող էին հայտնվել հերոսի տանը:  Նկարահանումից առաջ անպայման և շատ մանրամասն պետք էր բացատրել հերոսին, թե ինչպե՞ս նա պետք է իրեն դրսևորի այս կամ այն իրավիճակում, էլ չեմ ասում, որ հերոսներն իրենք էին նախապատրաստվում ընդունելու ողջ նկարահանող խմբին՝ կարգի բերելով իրենք իրենց, կամ իրենց բնակարանը, և այլն:

Այս ամենն արվում էր մի պարզ պատճառով՝ ռեժիսորը նկարահանում էր ժապավենի վրա, որը ոչ միայն սահմանափակ քանակություն ուներ՝ ընդամենը, ասենք, 10 րոպե տևողություն, այլ նաև բավականին թանկ արժեք: Ամեն բան պետք էր ֆիքսել տրամադրված 10 րոպեների ընթացքում, և սա այլընտրանք չուներ:

Մեր օրերում դոկումենտալ կինոն ներխուժում է հերոսի մասնավոր տարածք՝ չթակելով անգամ դռները, և սա սկզբունքորեն փոխում է դոկումենտալ կինոյի լեզուն ու բնույթն առհասարակ: Այս  ներխուժումը որևէ մեկի անձնական տարածք դեռ երկար շարունակվելու միտում ունի, եթե հաշվի առնենք, որ արդեն վաղուց շատ արդիական են ինտերնետի տրամադրած անսահմանափակ հնարավորությունները՝ դրանք տարածելու և հասանելի դարձնելու ամենալայն մասսաններին ու ամենատարբեր որակի լսարանին: Այսպիսով,  պատասխանելով ձեր հարցին, պետք է արձանագրենք՝ 21-րդ դարն արմատական ձևով փոխեց դոկումենտալ կինոյի տեսակը:

– Ինչպե՞ս եք դուք, որպես ռեժիսոր, գնահատում այս հեղափոխության արդյունքները:

– Չենք կարող չնկատել, որ արդյունքում դոկումենտալ կինոն ֆունդամենտալ և ռադիկալ կերպով խախտեց մարդու անձնական կյանքի բոլոր նորմերը: Մորալի հարցերը՝ դոկումենտալ կինոյի կոնտեքստում առայժմ միայն և միայն սրացումներ են նախանշում: Մենք հայտնվել ենք  պոտենցիալ բավականին դաժան կոնֆլիկտային իրականության առջև: Այս իրավիճակում փորձել հավասարակշռության եզրեր փնտրել՝ հեղինակի մասնագիտական և հերոսի անձնական իրավունքների  միջև, երբ առաջինը փորձում է հնարավորինս արժանահավատ ներկայացնել այս կամ այն պատմությունը, իսկ հերոսը  ոչ միշտ է պատրաստ դրան, հավատացեք,  բարդ է:

– Դուք խնդիրը ներկայացրեցիք մորալ հարաբերությունների կոնտեքստում, որը գուցեև առաջնային պլանում է, բայց ինձ հետաքրքրում է նաև՝ ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել ֆիլմը զուտ պրոֆեսիոնալ՝ որակական հատկանիշների տեսանկյունից:

– Ֆիլմի որակական հարցերը մշտապես և մեծապես կախված են դրա հեղինակից, թեև պետք է ընդգծեմ, որ ինձ, որպես հանդիսատես, երբեմն անկարևոր են  դառնում ֆիլմի որակի հետ կապված շատ հարցեր:

– Տեխնիկակա՞ն որակները նկատի ունեք:

– Առհասարակ՝ ամեն տեսակի որակները: Վերջին տարիներին ինձ վրա մեծ տպավորություն է թողել մի ֆիլմ, որն  առհասարակ որևէ մեկը չի նկարահանել: Այդ ֆիլմն ուղղակի չունի հեղինակ: Մի մեքենա է, որ կանգնած է մեծ սուպերմարկետներից մեկի առաջ, և, որի վարորդն ուղղակի մոռացել է անջատել մեքենայի DVR-ը (видеорегистратор): Սա նման է աշխարհում ստեղծված առաջին ֆիլմերին, որոնք ամբողջությամբ նկարահանվում էին մեկ կադրով և միջին պլանով: Մենք ականատես ենք լինում բացառիկ ֆանտաստիկ և դրամատիկ գործողությունների և դրանց զարգացումներին, որը կինո է, հասկանո՞ւմ եք՝ իսկական կինո:

– Մոնտաժ նո՞ւյնպես չկա:

– Բացարձակ ոչ: Մենք նույնիսկ մեծ ջանքեր թափեցինք գտնելու այս ֆիլմի հեղինակին, բայց չգտանք, ուղղակի չգտանք, և վերջ: Մենք այս ֆիլմը ներառել էինք «Արտդոկֆեստի»՝ «Ֆիլմեր  ինտերնետից» անվանակարգում: Ֆիլմի վերնագիրն է՝ «Առանց վերնագիր», հեղինակը՝ առանց հեղինակի:

– Ահա եկավ պահը՝ հասկանալու ինտերնետնի և կինոյի փոխհարաբերությունների մասին ձեր կարծիքը, պարոն Մանսկի:

– Ինտերնետն առաջին հերթին՝ մեր կյանքի որակի վրա է ազդել՝ արմատապես փոխելով դրա ընթացքը, իսկ կինոն մեր կյանքի հայելին է: Ինտերնետն անմիջական փոփոխությունների է ենթարկել կինոյի լեզուն, դրա բնույթը և անգամ դրա կառուցվածքը: Այսօր շատ ֆիլմեր նկարահանվում են այնպիսի կադրերով, որոնք հեղինակը գտնում է միայն և հենց ինտերնետում: Այդպիսի մի ֆիլմ է ռեժիսոր Օլեգ Մովրոմատիի՝ «Հիմարներն այստեղ տեղ չունեն» («Дуракам здесь не место», 2015) դոկումենտալ կենսագրական պատումը, որ մի մարդու մասին է, ում հետ ռեժիսորը երբեք ծանոթ չի եղել, այլ պարզապես հետևել է իր հերոսի յութուբյան ալիքին:

Արդյունքում՝ այս նյութով Մովրոմատին կենսագրական ֆիլմ է նկարահանել մի մարդու մասին, որին երբեք չի հանդիպել, երբեք նույնիսկ չի էլ զրուցել նրա հետ: Այս ֆիլմը ցուցադրվել  է Ռոտերդամի և աշխարհի այլ հայտնի կինոփառատոներում: Մենք արդեն համակերպվել ենք մտքի հետ, որ ինտերնետը  մեզ զուգահեռ և բոլորովին այլ իրականություն է, որտեղ մենք նույնպես ապրում ենք և գոյություն ունենք:

Իմ վերջին՝ «Հարազատները» ֆիլմի առանցքային էպիզոդներից է երկու քույրերի զրույցը՝ սկայպով: Նրանք այլևս երբևէ ռեալ հանդիպելու ոչ մի շանս չունեն, և նրանց հաղորդակցման միակ միջոցը մնացել է ինտերնետը՝ սկայպով: Սա նույնպես ձեր հարցի պատասխանն է:

Կա ևս մի փաստ՝ այսօր կան ֆիլմեր, որոնք հանդիսատեսին հասնելու միակ ճանապարհն անցնում են ինտերնետի միջոցով, որովհետև դրանց գոյության բոլոր տարբերակներն ուղղակի արգելված են: Սա ևս անհերքելի իրականություն է՝ ինտերնետի արդիականության վերաբերյալ: Ինտերնետը հսկայական փոփոխություններ է մտցել նաև կինոբիզնեսի կանոններում՝ տոտալ պիրատների, ծովահենների տեսքով՝  դիստրիբյուտորներին, կինոթատրոններին և նաև հեղինակներին ստիպելով այլ ճանապարհներ փնտրել իրենց  արտադրանքը հանդիսատեսին հասցնելու մեխանիզմների մեջ:

Անձամբ ես այս հարցում համոզմունքներ ունեմ՝ պիրատները հանցագործներ են, ուղղակի գողեր, ովքեր կողոպտում են հեղինակին:

Սրա դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմները դեռևս գտնված չեն: Ես նրանց չեմ դաստիարակում, իսկ նրանք ինձ վրա թքած ունեն: Եվ եթե մեզ մնում է ֆիքսել, որ այս դաշտում ճնշող մեծամասնությունը հենց նրանք են, գուցե անհրաժեշտ է ոչ թե մեր վերաբերմունքը փոխել նրանց նկատմամբ, որովհետև նրանք, միևնույն է՝ մնում են գողեր, այլ ֆիլմերի հասանելիության այլ մեխանիզմներ մշակել՝ հարցը տեղափոխելով հանդիսատես-հեղինակ հարթության մեջ:

– Մի առիթով ասել եք, որ կինոյում ձեզ առաջնորդող բարոյական սահմանափակումներ չկան: Ուզում եմ հասկանալ՝ այդպես հնարավո՞ր է:

– Այո, ասել եմ և կրկնում եմ ՝ բարոյական սահմանափակումներ չկան,  գոյություն չունեն, կան միայն իրավաբանական սահմանափակումներ: Եթե օրենքն այս կամ այն բանն արգելում է, ուրեմն հեղինակը պետք է այս կամ այն կերպ հարմարվի այդ իրականության հետ,  կամ գոնե դրանք հաշվի առնի: Բայց սկզբունքորեն հեղինակը կարող է խախտել նաև իրավաբանական արգելքները, եթե վստահ է, որ կարող է  դրա համար պատասխանատվություն կրել: Եթե  հեղինակը չխախտի  այդ օրենքները, կյանքը մի պահ կանգ կառնի, ապա կդառնա անիմաստ: Ընդ որում, միայն արտիստն ու  գիտնականը կարող են խախտել օրենքներ, իսկ գիտնականները նույնպես արտիստներ են: Եթե չլինեին արտիստներն ու գիտնականները՝ երկրագունդը կլիներ հարթ և դեռևս՝ կանգած երեք կետերի վրա:

– Եվ, այնուամենայնիվ, պարոն Մանսկի, բարոյական սահմանափակումներ պետք է լինեն՝ գոնե ստեղծագործողի ներսում կամ … չգիտեմ՝ ինչպես բացատրեմ…

(ժպտում է.- Ն.Մ.)… Ներսում՝ այո: Հսկայական թվով հեղինակներ այնպիսի ներքին բարոյական կոդեքսներ ունեն, որ նույնիսկ անհնար է նայել նրանց ստեղծած արվեստը…

– Իսկ դո՞ւք:

– Ես չունեմ:

– Ինչո՞ւ:

– Դե՜… որովհետև ինչ-որ մեկը պետք է լինի, չէ՞, որ այդպիսի կոդեքսներ չունենա։

– Միգուցե…Մի առիթով դուք ասել եք՝ լինել ժամանակակից ռուս ռեժիսոր մի քիչ կասկածելի է…

– Դժվար ես նման բան ասած լինեմ, կամ գոնե կուզենայի իմանալ՝ ի՞նչ կոնտեքստում եմ դա ասել:

– Այդ կոնտեքստում դուք խոսում էիք նաև Նիկիտա Միխալկովի  վերջին տարիներին ստեղծած ֆիլմերի մասին:

– Եկեք պայմանավորվենք այսպես՝ ես կասկածում եմ, որ երբևէ ասած կլինեմ՝ լինել ռուս ժամանակակից ռեժիսոր՝ կասկածելի է, բայց հենց հիմա ուզում եմ զարգացնել այս թեման և ասել՝ լինել Նիկիտա Միխալկով՝ կատաստրոֆիկ ամոթալի է և չափազանց անարդար, որովհետև Նիկիտա Միխալկովը հրաշալի ռեժիսոր էր, ով ինձ անձամբ նվիրել է հարուստ գեղարվեստական տարածություն իմ  կինեմատոգրաֆիստական մուտքի զարգացման և կայացման համար: Եթե անգամ ես չեմ սովորել իր ֆիլմերի վրա, նրա ֆիլմերն իմ մասնագիտական կյանքում անջնջելի հետք են թողել, ինչպես, օրինակ՝  պարասրահից դուրս եկած  գեղեցիկ աղջկա հետ քայլում ես ծառուղիով, բայց այնուամենայնիվ չես համարձակվում համբուրել  նրան, այլ ուղղակի բռնում ես ձեռքը: Սա  շատ ինտիմ,  հարազատ մի զգացողություն է, որ դժվար է լինելու բառերով փոխանցել, և գուցե բոլորովին էլ կարիքը չկա դա անելու:

Եվ հանկարծ  այս մարդը վերածվում է ինչ-որ անհասկանալի հրեշի: Ինչպես  այն աղջիկը, ում ձեռքից բռնած քայլել ես ծառուղիով, հանկարծ պարզվում է՝  պոռնոդերասանուհի է… Դու  մտածում ես՝ Աստված իմ, ինչո՞ւ, ինչպե՞ս դա կարող էր  դա տեղի ունենալ:

– Եվ իսկապես՝ ինչո՞ւ, ինչպե՞ս:

– Որովհետև երևի մարդն ընդունակ է ինքն իրեն ոչնչացնելու… երևի… Եվ Նիկիտա Միխալկովի մոտ դա ստացվեց բոլորից լավ:

– Դուք չափազանց հետաքրքիր ձևակերպումներ ունեք ազատության վերաբերյալ: Երբ մենք խոսում էինք պարկեշտության հարցերից, ինձ հետաքրքրեց՝ ազատության սահմաններն ինչ-որ կերպ  կարո՞ղ են հատվել պարկեշտության հետ:

– Ցավում եմ, որ սկզբունքորեն այնքան ուժեղ մարդ չեմ, լինելու համար այնքան ազատ,  որքան կուզենայի, և նույնքան քաջ չեմ,  որ լինեմ այնքան անպարկեշտ, որքան կցանկանայի: Իմ թուլությունը, որ բնորոշ է ցանկացած մարդու,   թույլ չի տալիս ինձ լինել այնքան ազատ, որքան իսկապես կցանկանայի: Ես երբեմն նախանձով եմ նայում իսկապես ազատ մարդկանց,  նախանձում եմ Ջորդանո Բրունոյին,  ում այրեցին հրապարակի մեջտեղում՝  խարույկի վրա: Ես նախանձում եմ մարդկանց,  ովքեր ողջ աշխարհին հայտարարեցին, որ երկիրը կլոր է,  երբ ողջ աշխարհը վստահ էր,  որ այն տափակ է:

– Ինձ թվում է՝ դուք նույն բանն եք ասում՝ ձեր ստեղծած կինոյի լեզվով:

– Բայց ինձ ոչ ոք չի այրում խարույկի վրա… նշանակում է՝ դա նույնը չէ (ժպտում ենք.- Ն.Մ.):

– Ես նայել եմ ձեր աղմկահարույց ֆիլմերից մեկը՝ «Արևի շողերի տակ»: Իհարկե, ծանոթ եմ ֆիլմի հետ կապված բոլոր հնարավոր մեկնաբանություններին և արձագանքներին: Այնտեղ անհավատալի իրականություն կա, բայց հետաքրքիր է առավել անսպասելի բացահայտումը հենց ձեզ համար, որ եղել է այդ ֆիլմի ընթացքում կամ դրանից հետո:

– Ամենաանհավատալին և ապշեցուցիչն ինձ համար այն էր, որ այդ ամենն իրականում կատարվում է այստեղ և այսօր, որ դա մի որևէ այլ մոլորակի իրականություն չէ: Պարզապես պետք է հատել Հյուսիսային Կորեայի պետական սահմանը և ընկնել  բոլորովին այլ քաղաքակրթություն: Ինչպե՞ս կարելի է, ախր, բավականին բաց աշխարհի մի անկյունում  ապրել  բացարձակ անհասկանալի բարքերով և օրենքներով:

– Երբ նայում էի այդ ֆիլմը՝ կարմիր թելի պես մի հարց էր անդադար հուզում ինձ՝ այդ մարդիկ զգացմունքներ ունե՞ն, նրանք երջանկություն կամ վախ զգո՞ւմ են: Նրանք իսկապես զգացմունքներո՞վ են ապրում, թե՞ բնազդներով: Հատկապես մասսայական տեսարաններում որևէ մեկը չէր ժպտում, ժպիտներ ես չէի տեսնում այդ ֆիլմում, միայն, եթե դրանք սցենարով նախատեսված չէին…

– Այո, դուք իրավացի եք: Բանը նրանում է,  որ նրանք պարզապես չեն էլ պատկերացնում կյանքի այլ ընկալում, պարզապես չգիտեն, և վերջ: Դա հնարավոր է, և հենց դրանում է կայանում իմ մեծագույն զարմանքը,  որի մասին ասացի: Ես էլ, ինչպես դուք, կարծում էի, որ դա անհնար է, բայց դա հնարավոր է: Դա նրանց կյանքի՝  իրենց հայտնի  միակ հնարավոր գոյատևման միջոցն է, որովհետև ոչ թե  չկա ալտերնատիվ տարբերակ, այլ, որ նրանք ուղղակի  պատկերացում չունեն ալտերնատիվ տարբերակի մասին:

Ինչ վերաբերում է ժպիտների բացակայությանը՝ մեզ շրջապատող իրականությունն է մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին մենք կանք:  Հավանաբար մենք մեր գենետիկ նախնիներից մեզ փոխանցված ինչ-ինչ  ինֆորմացիաների կրողն ենք… Մաուգլին, այնուամենայնիվ, դարձավ կենդանիների խմբի առաջնորդ, բայց միևնույն է՝  նա մնաց կենդանի:

– Հյուսիսային Կորեայի առաջնորդն իսկապե՞ս աստված է իր երկրի բնակիչների համար:

– Այո, բացարձակ աստված: Եվ այն պարագայում, երբ այդ երկրում հիմա ինչ-որ առումով շատ ունիկալ իրավիճակ է՝ հայր, որդի և սուրբ հոգի…

– Ես լսել էի, որ դուք պատրաստվում էիք Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել: Նկարահանեցի՞ք:

– Այո, նկարահանել եմ ֆիլմը: Այն կոչվում է «Գիրքը»:

– Որտե՞ղ կարելի է այն նայել:

– Դա գաղտնի ֆիլմ է:

– Ինչո՞ւ:

– Որովհետև լինում են, չէ՞, գաղտնի ֆիլմեր… լիամետրաժ ֆիլմ է, բայց՝ գաղտնի:

– Իսկ որևէ մեկը կարո՞ղ է տեսնել այդ գաղտնի ֆիլմը:

– Այո, Հայաստանում մի ցուցադրություն է եղել՝ փակ: Այդ ցուցադրությանն անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էր ներկա: Մեծ պրեմիերա էր. այն նայեց ողջ կառավարությունը, և այլևս այդ ֆիլմը որևէ տեղ չցուցադրվեց:

– Ինչի՞ մասին է այդ ֆիլմը:

– Կյանքի մասին:

– Հայաստանի՞ կյանքի մասին:

– Իհարկե:

– Ինչպես Հյուսիսային Կորեայի մասի՞ն էր:

– Պետք է նայել ֆիլմը…

– Բայց որտե՞ղ նայել, եթե այն գոյություն չունի, առնվազն հասանելի չէ հանդիսատեսին:

– Ես չգիտեմ, ոչինչ ասել կամ ոչնչով օգնել չեմ կարող, որովհետև ինքս այդ ֆիլմի նկատմամբ որևէ իրավունք՝ հեղինակային կամ այլ տեսակի, չունեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս