Մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության գիտաժողով Երևանում
Այսօր մեկնարկեց Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակի ստեղծագործական երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող 18 մասնակիցներ, ովքեր գիտաժողովի անցկացման ողջ ընթացքում կստանան միջազգային փորձագետների անհատական խորհրդատվություն՝ սեփական ֆիլմերը զարգացնելու համար:
Հանդիպման մոդերատոր, ADAMI մեդիա մրցանակի տարածաշրջանային համակարգող Նելլի Մզավանաձեն գիտաժողովի մեկնարկին ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ ասում է. «Այս գիտաժողովը հարթակ է Եվրոպայի Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող հեռուստատեսության, մեդիայի և ֆիլմարտադրությամբ զբաղվող մասնագետների համար՝ ներկայացնելու իրենց տեսանախագծերն ինտեգրացիայի և մշակութային բազմազանության թեմաներով»:
Գիտաժողովն այս տարի ընդգրկել է վեց փորձագետների՝ կինովավերագրող Վիտալի Մանսկիին՝ Լատվիա-Ռուսաստանից, պրոդյուսեր և ռեժիսոր Անջեյ Կլամտին՝ Գերմանիայից, ֆիլմարտադրող Իրենե Լանգեմաննին՝ Գերմանիայից, Արտե հեռուստաալիքի առաջատար լրագրող Վլադիմիր Վազակին՝ Ֆրանսիայից, լրագրող Սաթիկ Սեյրանյանին՝ Հայաստանից, և սցենարիստ Կոնստանտին Ժանդիերին՝ Վրաստանից:
Գիտաժողովի փորձագետ, «Արտե» հեռուստաալիքը ներկայացնող լրագրող Վլադիմիր Վազակն անդրադառնալով ADAMI մեդիա մրցանակի ինտեգրման և խաղաղ համակեցության թեմային՝ նկատում է.
«Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում աշխարհում: Ակնհայտ իրականություն է՝ ամբողջ աշխարհը գնալով ավելի ու ավելի է ենթարկվում ինտեգրման պրոցեսներին, և դրա արդյունքում կենսական անհրաժեշտություն են դառնում խաղաղ համակեցության խնդիրները: Ես ինքս ռուսական ծագման անուն եմ կրում: Հայրս Չեխիայից Ֆրանսիա գաղթած քաղաքական վտարանդի էր, մայրս՝ ֆրանսուհի: Ես աշխատել եմ Ֆրանսիայում և արդեն ավելի քան 25 տարի՝ սկսած 1992 թվականից, համարվում եմ հեռուստատեսության աշխատակից, ով պարբերաբար վեր է հանում և քննարկում ինչպես՝ մշակութային բազմազանության, այնպես նաև՝ ինտեգրման և խաղաղ համակեցության խնդիրներ շոշափող թեմաներ:
Ես հպարտորեն եմ կրում իմ ռուսական անունը և նույնքան հպարտ եմ՝ վերհանելու այնպիսի թեմաներ, որոնք ընդունակ են այս կամ այն կերպ առնչվելու մշակութային բազմազանության և խաղաղ համակեցության խնդիրներին: Ողջունում եմ բոլոր երկրների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաև հայերին, որոնց հետ մենք մեկտեղվել ենք՝ քննարկելու և լուծումներ փնտրելու այս կարևորագույն խնդիրների շուրջ»:
«Ես միայն և միայն ողջունում եմ և չափազանց կարևորում ցանկացած տեսակի համագործակցություն, որ դրական արդյունքներ է գրանցում խաղաղ համակեցության խնդիրների շուրջ՝ ողջ աշխարհում: Դրանք կարող են լինել հաջողված ֆիլմերի տեսքով, որոնք արտացոլում են իրականությունը՝ իր ողջ բազմազանությամբ: Ես այստեղ եմ եկել փնտրելու և գտնելու նմանօրինակ պատմություններ՝ նաև սեփական նախագծերի համար՝ կլինի դա փառատոն թե հաղորդաշար, կարևորն այստեղ նմանօրինակ խնդիրները հնարավորինս մասսայականացնելու ջանքերն ու հնարավորություններն են»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «ADAMI երկխոսություն-Երևան» գիտաժողովի փորձագետ, կինովավերագրող Վիտալի Մանսկին:
Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակի ստեղծագործական գիտաժողովը կշարունակվի նաև վաղը: Գիտաժողովի շրջանակներում այսօր տեղի կունենա Վիտալի Մանսկու «Հարազատները» ֆիլմի հանրային ցուցադրությունը, որին կհաջորդի հարցուպատասխանի ձևաչափով հանդիպումը հեղինակի հետ:
Հիշեցնենք, որ ADAMI մեդիա մրցանակի նպատակն է՝ խրախուսել Արևելյան գործընկերության երկրներում աշխատող ռեժիսորներին, լրագրողներին և աուդիովիզուալ մասնագետներին՝ միգրացիայի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության թեմաների բարձրաձայնման համար: ADAMI մեդիա մրցանակը շնորհվում է բազմազանության թեմային նվիրված լավագույն հեռուստատեսային ֆիլմերին և առցանց ծրագրերին:
ADAMI մեդիա մրցանակը ֆինանսական աջակցություն է ստանում Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և ProCredit հոլդինգի կողմից, գործընկերների թվում են Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU), Deutsche Welle Ակադեմիան, Արևելաեվրոպական հետազոտությունների գերմանական ընկերակցությունը (DGO): ADAMI-ին աջակցում են այնպիսի մեդիա գործընկերներ, ինչպիսիք են Ֆրանս-գերմանական մշակութային ARTE, Գերմանական ZDF և MDR հեռուստաալիքները: