Բաժիններ՝

ADAMI-2017-ը՝ Երևանում

ADAMI մեդիա մրցանակը, որն իր գործունեությունը ծավալում է՝ ելնելով «Բազմազանությունը ժպտալու պատճառ է» նշանաբանից, ստեղծվել է 2015 թվականին և նպատակ ունի ԵՄ ծրագրի շրջանակներում խրախուսել ռեժիսորներին, լրագրողներին և լրատվամիջոցների աուդիովիզուալ մասնագետներին Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ արտագաղթի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության թեմաների առաջխաղացման համար: Մրցանակը 6 մասնակից երկրներում բաց է հեռարձակող ընկերությունների և աուդիովիզուալ արտադրանք ստեղծող ԶԼՄ-ների համար:

Մրցանակը տրվում է նաև այն հեռուստաըներություններին, ֆիլմերին և առցանց ծրագրերին, որոնք զբաղվում են բազմազանության հետ կապված հարցերով: Մրցանակի հետ միասին՝ ADAMI-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ ստեղծելով ցանցեր և նպաստելով Արևելյան Եվրոպայի և ԵՄ-ի ԶԼՄ-ների մասնագետների միջև տեղեկատվության փոխանակմանը:

ADAMI մեդիա մրցանակը բազմազանությունը համարում է հասարակության կարևորագույն արժեքը:

«Զանգվածային լրատվամիջոցները սոցիալական հարաբերությունների ձևավորման գործում կարևոր դեր են խաղում, և բազմազանությունը դրական լույսի ներքո ներկայացնելով՝ լրատվամիջոցները կարող են նպաստել հասարակության տարբեր խմբերի միջև խաղաղ գոյակցությանը»,- նշված է ADAMI մեդիա մրցանակի պաշտոնական կայքում: 

Տարբեր երկրների մասնագետներին ու նրանց թարմ գաղափարները միավորող, մշակութային կարծրատիպեր կոտրող, իր տեսակի մեջ աննախադեպ այս մրցանակաբաշխության նպատակն է՝ մեդիայի միջոցով պայքարել ատելության և տգիտության դեմ:

ADAMI բառը ծագում է վրացերեն adamiani բառից, որը թարգմանաբար նշանակում է՝ «մարդ»՝ առաջին մարդու, աստվածաշնչային Ադամի անունից: Եվ ADAMI-ն ինքը մարդկանց մասին է: Բոլոր հեռուստաընկերությունների և լրատվամիջոցների արտադրանքի հետևում մարդիկ են կանգնած. նրանք ստեղծում և տարածում են մարդկանց կերպարներ. կերպարներ, որոնք ձևավորում են Եվրոպայի ապագան:

ADAMI-ի գործունեությունը 

Ողջ տարվա ընթացքում ADAMI-ն կազմակերպում է միջոցառումներ, որպեսզի մասնակից երկրներում մեդիա-արտադրանքներն ավելի բազմազան դառնան: Միջոցառումներն իրենցից ներկայացնում են մամուլի ասուլիսներ, բրիֆինգներ, դասախոսություններ համալսարաններում, մասնակցություն հեռուստատեսային թոք-շոուներում և ռադիոհաղորդումներում, որոնք իրականացնում են ADAMI-ի երկրների ներկայացուցիչները: «ADAMI մեդիա մրցանակը» տարվա գլխավոր միջոցառումն է, որի ընթացքում մրցույթին մասնակցող աշխատանքներից յուրաքանչյուրը գնահատվում է ԶԼՄ-ների ոլորտում մասնագիտացած ժյուրիի անդամների քննարկումների միջոցով:

ADAMI-ի մրցանակաբաշխությունն ամեն տարի տեղի է ունենում տարբեր քաղաքներում՝ բոլոր մասնակից երկրներում ADAMI-ի գաղափարը տարածելու համար:

Բայց ADAMI-ի գործունեությունն այսքանով չի ավարտվում: ADAMI-ի հնարավորությունները շատ են. հաղթած նախագծերի ներկայացում միջազգային կինոփառատոներում, հատուկ ցուցադրություններ պետական հաստատություններում՝ այնպիսին, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը Ստրասբուրգում, իսկ ADAMI Fellowship-ի կրթաթոշակին արժանացած երիտասարդ լրագրողը հնարավորություն կստանա մեկ ամիս անցկացնել ֆրանս-գերմանական մշակութային ARTE հեռուստաալիքում:

ADAMI մեդիա մրցանակը ֆինանսական աջակցություն է ստանում Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և ProCredit հոլդինգի կողմից, գործընկերների թվում են նաև Եվրոպայի Հեռարձակողների Միությունը (EBU), Deutsche Welle ակադեմիան, Արևելաեվրոպական հետազոտությունների գերմանական ընկերակցությունը (DGO)։ ADAMI-ին աջակցում են այնպիսի մեդիա գործընկերներ, ինչպիսիք են ֆրանս-գերմանական մշակութային ARTE, գերմանական ZDF և MDR հեռուստաալիքները։ ADAMI մեդիա մրցանակը գերմանական ոչ առևտրային Forschungsgruppe Modellprojekte e.V. կազմակերպության նախաձեռնությունն է։

Ինչպես մասնակցել մրցույթին 

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվելիք «ADAMI երկխոսություն-Երևան» միջազգային գիտաժողովի ծրագրին մասնակցելու համար Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակն ընդունում է տեսանախագծերի հայտեր` մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության թեմաներով։ Գիտաժողովին կարող են մասնակցել հեռուստալրագրողներ, խմբագիրներ և ռեժիսորներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, որոնք աշխատում են տարբեր ձևաչափի ֆիլմերի, ռեպորտաժների կամ հեռուստասյուժեների պատրաստման վրա։

«ADAMI երկխոսություն-Երևան» գիտաժողովն ընդունում է արտադրության տարբեր փուլերում գտնվող նախագծերի հայտեր` մտահղացումից մինչև մոնտաժ: Հայտերը պետք է պարունակեն նախագծի թեմայի, հերոսների և կոնցեպտի նկարագրությունները։

«ADAMI երկխոսություն-Երևան» գիտաժողովն անցկացվում է ստեղծագործական արվեստանոցի ձևաչափով, որին մասնակցելու են եվրոպացի փորձագետներ և մասնակից երկրների ներկայացուցիչներ։ Գիտաժողովի կարևոր նպատակն է երկխոսության միջավայրի ձևավորումը` տարածաշրջանի մշակութային բազմազանությունը վիզուալ մեդիայի միջոցով ցուցադրելու համար, ինչպես նաև՝ Արևելյան Գործընկերության երկրների հեռարձակողների, կինո կամ տեսապատկերային գործիչների ու նրանց եվրոպացի գործընկերների միջև մասնագիտական ցանցի ստեղծումը։

Մասնակիցները գիտաժողովում պետք է 5-7 րոպե տևողությամբ պրեզենտացիայի տեսքով, ֆիլմի թրեյլերի կամ որևէ էպիզոդի (առկայության դեպքում) ցուցադրությամբ, բանավոր կերպով ներկայացնեն իրենց նախագծերը։ Համատեղ քննարկումներում որոշվում են ֆիլմի իրականացման ուղիները, վիզուալ ու թեմատիկ կոնցեպտը: Համատեղ աշխատանքի նպատակն է` նախագծերի ընդհանուր կոնցեպտի և դրամատուրգիական կառուցվածքի վերլուծությունը, նկարահանման և մոնտաժի հարցերում փորձագետների առաջարկների բարձրաձայնումը:

Ավարտված տեսանյութերը «ADAMI երկխոսություն-Երևանի» մասնակիցները կարող են ներկայացնել ADAMI մրցանակաբաշխությանը, որի անցկացումը նախանշված է 2018 թվականին Քիշնևում։

«ADAMI երկխոսություն-Երևանի» փորձագետների թվում են կինովավերագրող Վիտալի Մանսկին (Լատվիա-Ռուսաստան) և պրոդյուսեր, ռեժիսոր Անջեյ Կլամտը (Գերմանիա)։ Գիտաժողովի մոդերատորն է կինովավերագրող Իրենե Լանգեմանը։ 

«ADAMI երկխոսություն-Երևան»

– Ժամկետ` նոյեմբերի 4-5, 2017թ.
– Վայր` Երևան, Հայաստան
– Աշխատանքային լեզուներ` ռուսերեն, անգլերեն
– Հայտերի ընդունման վերջնաժամկետ` սեպտեմբերի 20, 2017թ.
– Մասնակցության արժեք` 500 եվրո, սակայն ամենաուշագրավ նախագծերի հեղինակներին կհատկացվի կրթաթոշակ։ Հայտերի ներկայացումն անվճար է։
– Մասնակցության արժեքը ներառում է ճանապարհածախսը, հյուրանոցը և սնունդը:
Հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի սեպտեմբերի 20-ը:
Ընտրված հայտատուները և կրթաթոշակի արժանացած նախագծերի հեղինակները կտեղեկացվեն 2017թ. հոկտեմբերի 5-ին։

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս