Մեծ հնարավորություններ, բազմաթիվ գործընկերներ. ինչ կարող է ADAMI մեդիա մրցանակը տալ հայ լրագրողներին
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Adami հեղինակավոր մեդիա մրցանակաբաշխության ներկայացուցիչների ասուլիսը, որին մասնակցում էին Adami-ի ներկայացուցիչ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, մամուլի դեպարտամենտի ղեկավար Կլաուս Վենդելբերգերը և Adami մրցանակաբաշխության հայաստանյան սիմպոզիումի խոսնակ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ-վարող Սաթիկ Սեյրանյանը։
Աշնանը Երևանի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկն Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող Adami մեդիա մրցանակի կողմից «Adami երկխոսություն-Երևան» միջազգային գիտաժողովի անցկացումն է: Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Adami հեղինակավոր մրցանակաբաշխության ներկայացուցիչ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին, սիմպոզիումը տեղի է ունենալու նոյեմբերի 4-5-ը:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, մամուլի դեպարտամենտի ղեկավար Կլաուս Վենդելբերգերն իր խոսքում կարևորեց մրցանակաբաշխության անցկացումը՝ նշելով, որ ի թիվս հեղինակավոր այլ գործընկերների՝ Adami-ին աջակցում է Գերմանիայի կառավարությունը՝ ի դեմս Արտգործնախարարության:
Adami մեդիա մրցանակի նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) խրախուսել ռեժիսորներին, լրագրողներին և լրատվամիջոցների աուդիովիզուալ մասնագետներին։
Գիտաժողովը կանցկացվի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակիցների համար: Ընտրվելու է թվով 23 մասնակից: Հետաքրքրված անձինք՝ հեռուստաընկերությունները, լրատվամիջոցները (այդ թվում՝ առցանց), անհատ լրագրողները, ռեժիսորները, կարող են մասնակցության հայտ ներկայացնել հետևյալ հղումով: Սեպտեմբերի 20-ը հայտերի ներկայացման վերջնաժամկետն է:
Մասնակիցները ներկայացնում են իրենց նախագծերը գիտաժողովում` բանավոր, 5-7 րոպե տևողությամբ պրեզենտացիայի տեսքով, ֆիլմի թրեյլերի կամ որևէ էպիզոդի (առկայության դեպքում) ցուցադրությամբ։ Համատեղ քննարկումներում որոշվում են ֆիլմի իրականացման ուղիները, վիզուալ ու թեմատիկ կոնցեպտը: Համատեղ աշխատանքի նպատակն է` նախագծերի ընդհանուր կոնցեպտի և դրամատուրգիական կառուցվածքի վերլուծությունը, նկարահանման և մոնտաժի հարցերում փորձագետների առաջարկների բարձրաձայնումը:
Ավարտված տեսանյութերը «Adami երկխոսություն-Երևանի» մասնակիցները կարող են ներկայացնել Adami մրցանակաբաշխությանը, որի անցկացումը նախանշված է 2018թ. Քիշնևում։
«Adami երկխոսություն-Երևան»
– Ժամկետ` նոյեմբեր 4-5, 2017թ.
– Վայր` Երևան, Հայաստան – Աշխատանքային լեզուներ` ռուսերեն, անգլերեն – Հայտերի ընդունման վերջնաժամկետ` սեպտեմբեր 20, 2017թ.
– Մասնակցության արժեք` 500 եվրո, սակայն ամենաուշագրավ նախագծերի հեղինակներին կհատկացվի կրթաթոշակ։ Հայտերի ներկայացումն անվճար է։
– Մասնակցության արժեքը ներառում է ճանապարհածախսը, հյուրանոցը և սնունդը: Խնդրում ենք լրացնել և ուղարկել Մասնակցության Հայտը ոչ ուշ, քան մինչև 2017թ.-ի սեպտեմբերի 20-ը:
Ընտրված հայտատուները և կրթաթոշակի արժանացած նախագծերի հեղինակները կտեղեկացվեն 2017թ. հոկտեմբերի 5-ին։
Adami մեդիա մրցանակը ֆինանսական աջակցություն է ստանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ProCredit հոլդինգի կողմից, գործընկերների թվում են Եվրոպայի Հեռարձակողների Միությունը (EBU), Deutsche Welle Ակադեմիան, Արևելաեվրոպական հետազոտությունների գերմանական Ըըկերակցությունը (DGO): Adami-ին աջակցում են այնպիսի մեդիա գործընկերներ, ինչպիսիք են Ֆրանս-գերմանական մշակութային ARTE, Գերմանական ZDF և MDR հեռուստաալիքները:
Adami մեդիա մրցանակը Գերմանական ոչ առևտրային Forschungs gruppe Modell projektee. V. Կազմակերպության նախաձեռնությունն է:
«Adami երկխոսություն-Երևան» գիտաժողովն ընդունում է արտադրության տարբեր փուլերում գտնվող նախագծերի հայտեր` մտահղացումից մինչև մոնտաժ. հրավիրված մասնագետների կողմից մասնակիցները կստանան նախագծի զարգացմանը, նկարահանումներին և մոնտաժին վերաբերող առաջարկություններ:
«Adami երկխոսություն-Երևանի» փորձագետների թվում են կինովավերագրող Վիտալի Մանսկին (Լատվիա-Ռուսաստան), պրոդյուսեր, ռեժիսոր Անջեյ Կլամտը (Գերմանիա) և «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, հեռուստալրագրող Սաթիկ Սեյրանյանը (Հայաստան)։ Գիտաժողովի ընթացքում տեղի է ունենալու նաև Վիտալի Մանսկու «Հարազատները» հանրահայտ ֆիլմի բաց ցուցադրությունը:
«Գիտաժողովի գլխավոր նպատակը հանդիսանում է երկխոսության ձևավորումը, մշակութային բազմազանության ցուցադրությունը, ինչպես նաև Արևելյան Գործընկերության երկրների հեռարձակողների և կինոպրոֆեսիոնալների միջև համագործակցության ցանցի ստեղծումը»,- նշեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին:
Ըստ վերջինիս՝ Adami-ի մրցանակային ֆոնդը կազմում է 6 հազար եվրո, և պարգևատրվելու են 6 մասնակիցներ, այսինքն՝ «յուրաքանչյուր նախագծի համար՝ հազար եվրո»:
«Անցյալ տարի մրցույթի հաղթողը մեկամսյա փորձաշրջան է անցել ARTE հեռուստաընկերությունում, Ստրասբուրգում: Այս տարի մենք բանակցություններ ենք վարում ARTE-ի հետ, և ես կարծում եմ, որ ամեն ինչ դրական լուծում կստանա, և այս տարի նույնպես մենք հրավեր կստանանք ARTE-ից: Կարելի է ասել, որ դա մրցանակներից մեկն է: Բայց պարտադիր պայման է, որ մասնակիցը պետք է խոսի կամ գերմաներեն, կամ ֆրանսերեն, որպեսզի փորձաշրջան անցնի ARTE-ում: Ցավոք, բայց դա հենց հեռուստաընկերության պայմանն է։ Սեմինարի արժեքը 500 եվրո է: Բայց ի՞նչ է դա նշանակում: Լավագույն նախագծերի հեղինակները հետագայում կրթաթոշակ կստանան: Այսինքն՝ մասնակցությունը սեմինարին անվճար է, հայտերի դիմումը, ցանկանում եմ հստակեցնել, բացարձակապես անվճար է: Մենք շատ հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների ենք հրավիրում, և այս ամենն ինչ-որ մեկը պետք է ֆինանսավորի: Իսկ լավագույն նախագծերը ֆինանսավորվելու են հենց «ADAMI»-ի կողմից: Այսինքն՝ հետաքրքիր, լավագույն նախագծեր ներկայացրած մասնակիցները կստանան կրթաթոշակ»,- անդրադառնալով ֆինանսական կողմին՝ ընդգծեց Կունցև-Գաբաշվիլին:
Adami մեդիա մրցանակի հաղթողները, բացի նախագծերի զարգացմանն ուղղված աջակցությունից, կստանան նաև ֆրանս-գերմանական մշակութային ARTE հհեռուստաալիքում ցուցադրվելու հնարավորություն:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը նշեց, որ Գերմանիայի և Adami-ի համագործակցության գլխավոր նպատակը Հայաստանի, Կենտրոնական Եվրոպայի և Գերմանիայի ստեղծագործողների միջև կապեր ստեղծելն է. «Մենք ցանկանում ենք աջակցել բազմակարծությանը, ինչպես նաև ցանկանում ենք հասնել տարբեր էթնիկ խմբերի, երկրների միջև բացերի վերացմանը, որը կարող է կամրջվել մշակութային համագործակցության շնորհիվ»:
Adami մրցանակաբաշխության հայաստանյան սիմպոզիումի խոսնակ Սաթիկ Սեյրանյանը, ընդգծելով Adami մեդիա մրցանակի հնարավորությունները, հորդորեց բոլոր հեռուստաընկերություններին, բոլոր առցանց կայքերին և անհատ լրագրողներին, ռեժիսորներին, բոլոր ստեղծագործողներին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ընդամենը հեռախոսի միջոցով կարողանում են ասելիք, բովանդակություն փոխանցել՝ օգտվել այս հնարավորությունից.
«Adami-ն Արևելյան Եվրոպայի ամենահեղինակավոր մեդիա մրցանակաբաշխությունն է, որի մասին, ցավոք, Հայաստանում քչերն են տեղյակ։
«Սա լրագրողներիս, մեդիա ոլորտի աշխատողներիս լայն հնարավորություններ է ընձեռում: Ժամանակակից մեդիադաշտը, հատկապես՝ վերջին տարիներին, այնքան արագ է փոփոխվում, որ մենք՝ լրագրողներս, խմբագիրներս, չենք կարողանում դրանց երևից հասնել և դեռ չմարսած՝ փորձում ենք շտապ անցնել մեկ այլ նորարարության… Եվ հատկապես այդ սոցիալական մեդիայի պայմաններում, շարժական սարքերի զարգացման պայմաններում, շատ հաճախ մենք արդեն բովանդակությունը փոխանցելու համար նոր միջոցներ ենք փնտրում: Թեև ես ինքս ինձ համարում եմ տպագիր խոսքի կրող, տպագիր մամուլի լրագրող, բայց այսօր բոլորս էլ գիտակցում ենք, որ տպագիր խոսքն ինչ-որ իմաստով սկսում է նահանջել: Դրա լավ կամ վատ կողմի մասին չենք խոսում, պարզապես կյանքն այնպես է փոխվել, որ ուզում ենք շատ արագ ինֆորմացիա ստանալ: Այստեղ օգնության է գալիս աուդիովիզուալ նյութը, որի հետ մենք՝ լրագրողներս, այսօր ստիպված ենք ամեն օր աշխատել: Այս իմաստով Adami-ն լրագրողներիս համար լավ հնարավորություն է՝ աշխատելու պրոֆեսիոնալների հետ, գնահատված լինելու և օգտվելու այն բոլոր կապերից և ցանցային հնարավորություններից, որը տալիս է Adami-ն»:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև 2016թ. Adami-ի մրցանակակիր, հեռուստալրագրող Արտակ Վարդանյանը, ում ռեպորտաժը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ներկայացվել էր մրցանակաբաշխությանը և հաղթող ճանաչվել։ Նա վստահեցրեց, որ նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցությունը և, առավել ևս, հաղթանակը լրագրողին ավելի ինքնավստահ է դարձնում.
«Երբ դու այնտեղ տեսնում ես’՝ մյուս բոլոր արտադրանքները որքան որակով են, որքան գրագետ են, ամեն մի կադրը և բառը հաշվարկված է, ու երբ դրանից հետո պարզվում է, որ քո ռեպորտաժն է հաղթել, այո, դու մի քիչ ինքնավստահ ես դառնում»:
Արտակ Վարդանյանը հույս հայտնեց նաև, որ Հայաստանում մարդիկ կգիտակցեն, թե ինչ է Adami-ն, այդ մրցանակի կարևորությունը, ինչն էլ կնպաստի հայ հաղթողների թվի աճին:
Անի Գաբուզյան
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի