Apple-ը և Google-ը ամենաթանկ բրենդներն են մնացել հինգերորդ տարին անընդմեջ
Apple-ը եւ Google-ը արդեն հինգերորդ տարին է՝ պահպանում են աշխարհում ամենաթանկ բրենդի իրենց կարգավիճակը: Այդ մասին վկայում է 2017 թվականին աշխարհի հարյուր առաջատար բրենդների վերաբերյալ Interbrand Corp.-ի հաշվետվությունը։
Interbrand-ի տվյալներով՝ Apple բրենդի արժեքը բարձրացել է 3 տոկոսով՝ մինչեւ 184,15 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում գտնվող Google-ը տարվա ընթացքում ավելացրել է 6 տոկոս՝ բարձրանալով մինչեւ 141,70 մլրդ դոլար: Այս անգամ երրորդ հորիզոնականում հայտնվել է Microsoft-ը՝ տարվա ընթացքում թանկանալով 10 տոկոսով՝ մինչեւ գրեթե 80 մլրդ դոլար:
Առաջին տասնյակում տեղ են գտել բարձրտեխնոլոգիական սեկտորի յոթ ներկայացուցիչներ. բացի Apple-ից, Google-ից եւ Microsoft-ից, թոփ-ում հայտնվել են Amazon-ը (հինգերորդ տեղը, 64,8 մլրդ դոլար), Samsung-ը (վեցերորդ տեղ՝ 56,2 մլրդ դոլար), Facebook-ը (ութերորդ տեղ, 48,2 մլրդ դոլար), IBM-ն (տասներորդ տեղ, 46,8 մլրդ դոլար): Ընդհանուր առմամբ ճյուղի լավագույն բրենդները, որոնք հայտնվել են ռենքինգում, այս տարի արժեն 675 մլրդ դոլար՝ մեծ տարբերությամբ գերազանցելով մնացած բոլոր սեկտորները:
Coca-Cola-ն, որին հաջողվում էր 13 տարի շարունակ՝ մինչեւ 2013 թվականը առաջատարի դիրքը պահպանել հաջող մարկետինգի շնորհիվ, այժմ զբաղեցնում է չորրորդ տեղը, նրա բրենդի արժեքը նվազել է 5 տոկոսով՝ մինչեւ 69,3 մլրդ դոլար:
Նաեւ տասնյակում հայտնվել են երկու ավտոմոբիլային բրենդներ՝ Toyota-ն՝ յոթերորդ դիրքում (50,3 մլրդ դոլար) եւ Mercedes-ը՝ իններորդ հորիզոնականում (47,8 մլրդ դոլար): Ավտոմոբիլաշինությունը երկրորդ տեղն է զբաղեցնում ճյուղերի շրջանում բրենդների միագումար արժեքով՝ 266,8 մլրդ դոլար:
2017 թվականին 100 ընկերություններից 31-ը պատկանում են տեխնոլոգիական կամ ավտոմոբիլաշինական ճյուղերին՝ մեկ տարի առաջվա 29 նման ընկերությունների դիմաց:
Աշխարհի խոշորագույն սոցցանցը՝ Facebook-ը, կրկին արձանագրել տարվա ընթացքում բրենդի արժեքով ամենաարագ աճը՝ 48 տոկոսով (մինչեւ 48,2 մլրդ դոլար), ինչը սոցցանցին թույլ է տվել միանգամից բարձրանալ յոթ հորիզոնականով՝ 15-րդից մինչեւ ութերորդ տեղը: Առավել արագ զարգացող բրենդների թվում են նաեւ Amazon-ը (+29 տոկոս), Adobe-ն (+19 տոկոս), Adidas-ը (+17 տոկոս, Goldman Sachs-ը եւ Starbucks-ը (16-ական տոկոս):
Ընդամենը 10 տոկոսով եւ ավելի աճի տեմպեր ցուցադրել են 100 ընկերություններից 16-ը:
Ընդամենն այս տարի ռենքինգում տեղ են գտել երեք նորույթներ՝ Netflix-ը՝ 78-րդ տեղում, Salesforce.com-ը՝ 84-րդ եւ Ferrari-ն 88-րդ հորիզոնականում:
Աշխարհի 100 առաջատար բրենդների միագումար արժեքը 2017 թվականին անցյալ տարվա համեմատությամբ ավելացել է 4,2 տոկոսով՝ մինչեւ 1 տրլն 871,7 մլրդ դոլար: ԱՄՆ-ը մնում է բացարձակ առաջատարը՝ 51 ընկերություններ առաջին հարյուրյակում. Գերմանիան զբաղեցրել է իններորդ դիրքը, Ֆրանսիան՝ ութերորդ, Չինաստանը՝ երկրորդ: Ռուսաստանյան ընկերություններից ոչ մեկը տեղ չի գրավել ամենաթանկ բրենդների հարյուրյակում:
Interbrand-ը իր հաշվարկներում հաշվի է առնում ընկերությունների ֆինանսական արդյունքները, գնումների վերաբերյալ սպառողների որոշումների վրա բրենդների ազդեցությունը եւ ընկերությունների՝ եկամուտներ ապահովելու կարողությունը: Աշխարհի ամենաթանկ բրենդների թոփ 100-ը հրապարակվում է արդեն 18 տարի, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: