Բաժիններ՝

«Ելնելով խախտումների բնույթից՝ 35 տնտեսվարող սուբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է»

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախորդ 6 ամիսների ընթացքում իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված կարճաժամկետ միջոցառումները, ինչպես նաև ձեռնարկել են որոշակի աշխատանքներ, որոնք կունենան երկարաժամկետ ծրագրերի նախադրյալներ:

«Որոշակիորեն փոխել ենք մոտեցումները պետական վերահսկողության շրջանակներում. խորհրդատվություն և անհրաժեշտ տեղեկատվություն ենք տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին, որ նրանք տեղյակ լինեն թե՛ իրենց պարտականությունների և թե՛ իրավունքների մասին»,- ասաց Վահե Դանիելյանը: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում ծառայության մասնագետների կողմից իրականացվել են շրջայցեր 8000 տնտեսվարող սուբյեկտների մոտ:

Արդյունքում՝ 7900 սննդի շղթայի օպերատորներ գրանցվել են ծառայության համապատասխան բազայում: Վահե Դանիելյանը նաև նշեց, որ հաշվետու ժամանահատվածում իրականացվել են 622 պետական վերահսկողության միջոցառումներ, որոնք ընդգրկել են կաթնամթերքի, մսամթերքի, հացի, զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտները, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպման ոլորտը և նախակրթական ու կրթական ուսումնական հաստատությունները: Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի դիտարկմամբ՝ վերահսկողական բնույթի գործողություններն իրականացվում են համաձայն ծառայության կողմից հաստատված ժամանակացույցի, որտեղ հաշվի են առնվում թե՛ արտադրական ռիսկերը, թե՛ սեզոնային բնույթը:

Վերջինս նաև շեշտեց, որ ելնելով խախտումների բնույթից՝ 35 տնտեսվարող սուբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է, և կայացվել է անձանց աշխատանքի թույլատրելու մասին 37 որոշում:

Վահե Դանիելյանը, ամփոփելով առաջին կիսամյակի վերահսկողութան արդյունքները, ներկայացրեց առավել հաճախ հանդիպող խախտումները, դրանք են՝ սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման անհամապատասխանությունները, համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումները, աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննությունների խախտումները, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները:

«Թեժ գծին ստացել ենք 1315 զանգ, որից 186-ը եղել են բողոքներ, մնացածի մասով տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն: Բողոքները վերաբերել են սննդամթերքի որակին, պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետի խախտումներին»,- նշեց բանախոսը: Վահե Դանիելյանի փոխանցմամբ՝ կազմակերպվել են ոլորտային քննարկումներ ինչպես՝ մարզերում, այնպես էլ՝ Երևանում, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 700 տնտեսվարողների մասնակցությամբ:

Ծառայությունն արդեն հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած, հաց-հացաբուլկեղենը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տրանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ են ուղարկվել 1316 տնտեսվարողների: Բանախոսի խոսքով՝ 2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ:

Վերջինս նաև նշեց, որ ծառայությունը, ընդհանուր առմամբ, կասեցրել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս