«Տարանցիկ երկիր դառնալու համար Հայաստանը շատ լուրջ քայլեր պետք է անի». Արմեն Վարդանյան
Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և Իրանի միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որի փորձագիտական եզրակացության մեջ նշվում է, որ Մեղրի-Նորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով:
Իրանագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե սա ի՞նչ հնարավորությունն է ստեղծում Հայաստանի համար, և ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը՝ տարանցիկ երկիր դառնալու համար։
«Իրանը միշտ էլ Հայաստանը դիտարկել է՝ որպես իրանական ապրանքները Վրաստան և այնտեղից Եվրոպա կամ ԵՏՄ երկրներ արտահանելու համար տարանցիկ երկիր։ Այս տեսանկյունից հայկական և իրանական կողմերն ամեն ինչ անում են, որպեսզի արդիականացնեն Մեղրի-Նորդուզ մաքսակետը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։
Մինչդեռ տարանցիկ երկիր դառնալու համար, ըստ նրա՝ Հայաստանը դեռ շատ լուրջ քայլեր պետք է անի. «Մասնավորապես, առաջին հերթին, պետք է սկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի և Վայոց Ձորի հատվածների ճանապարհների կառուցումը, որը հնարավորություն կտա Հայաստանին՝ իսկապես դառնալ իրանական ապրանքների համար դեպի հյուսիս արտահանման տարանցիկ երկիր»:
Իրանի տարածքով շուրջ 10 տարանցիկ ճանապարհ է անցնում, Հայաստանը գտնվում է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքում: