Բաժիններ՝

Պատերազմ ոչ խաղաղություն. Չկետադրված կյանքեր

ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասի ամենաերկարատև պատերազմն է՝ հարաբերական խաղաղության ու էսկալյացիայի փոփոխվող փուլերով՝ ներառելով ոչ միայն Արցախ-Ադրբեջան  սահմանը, այլև Հայաստանի Հանրապետության վարչական տարածքի սահմանամերձ գոտիները: 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցությունները որևէ օգուտ չեն տվել երկու երկրների հասարակություններին. հրադադարի հաստատման մասին համաձայնագիրն, ըստ էության, հակամարտության կարգավորմանն ուղղված միակ իրավական ակտն է վերջին 23 տարիների ընթացքում: Որոշումների կայացման գործընթացը քողարկված է հասարակությունից. պարզ չէ՝ ինչ է բանակցվում, ինչ պայմաններով: Հստակ է մեկ բան՝ հասարակություններին պատրաստում են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի շարունակությանը: Սա պատերազմ է, որն արդեն ժառանգվել է երեք սերնդի:

1988-1994 թթ.-ին, ըստ ՀՀ ԶՈՒ պաշտոնական վիճակագրական տվյալների, Արցախյան պատերազմին մասնակցել է 200 կին, որոնցից 42-ը զոհվել են մարտի դաշտում: Արցախյան պատերազմի երկրորդ ամենաթեժ փուլին՝ 2016 թ.-ի ապրիլյան քառօրյային, կանանց մասնակցության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Սակայն կան այլ տվյալներ. ապրիլյան թեժացումից հետո ռազմական կրթության դիմող աղջիկների թիվն աճել է գրեթե կրկնապատիկ: Իսկ ՀՀ Զինված ուժերում ծառայում է ավելի քան 2000 կին:

Բանակցային և խաղաղաշինական գործընթացներից փաստացիորեն մեկուսացված հասարակության համար խաղաղության հասնելու կամ դրան նպաստելու մեկ ճանապարհ են թողել՝ պատերազմ:

Պատերազմ առաջին. Կուկլա բաբո. Կռիվը հաղթած, կյանք տանուլ տված

Երևանից Արցախ վեց ժամվա ճանապարհ է: Ինձ պատերազմող խաղաղությունից վեց ժամ է բաժանում: Վարորդը ձեռքը տանում է գրպանը.

«Տասն օր առաջ մի ընտանիք էի Ղարաբաղ բերում: Հետները աղջիկ երեխա կար. Ականջից է ընկել: Հիմա գրպանումս եմ պահում: Պիտի գտնեմ, վերադարձնեմ»,- ասում է միջին տարիքի տղամարդը` մատների արանքում կապույտ ծաղկե փոքր ականջօղը պտտելով:

«Իմոնք երեքն էլ տղա են, մեծը 13 տարեկան… 5 տարի հետո զինվոր պիտի դառնա: Մտածում եմ, ու սիրտս արդեն կտոր-կտոր է լինում»,- ասում է կողքին նստած կինը:

Դրանից հետո ճանապարհը լուռ ենք գնում:

Շուշիում Եվգենիա Առստամյանին բոլորը գիտեն: Սպիտակ, ալեխառն  կարճ մազերի ու կնճիռների տակ քաղաքի ամենասիրուն կինն է ապրում. Բաբոն, որին դեռ Կուկլա են ասում:

Մեծ, լուսավոր տան բոլոր դռները բաց են: Մի սենյակում փայտի վառարանն է, մյուսում` հեռուստացույցը: Խոհանոցում առանձին սեղանի վրա ծաղիկներն են, որ ծաղկում են տարին տասներկու ամիս: Ջանք ու ժամանակ չի խնայում: Սերն ամբողջությամբ ծաղիկներին է տալիս, սերը, որ զավակներին տալ չհասցրեց:

Մեծ, ընդարձակ տան մաքրությունն ապշեցնում է: Թվում է` հյուրերի է սպասել: Բացում է սպիտակեղենի պահարանը` նոր գուլպաներ հանելու: Սավանը սավանի վրա, կարով արդուկած, խնամքով ծալած : Բոլորը սպիտակ: Տակի դարակում գուլպաներն են` գույն-գույն հավաքած, իրար մեջ դարսած: Ոչ մի ավելորդ իր, ոչ մի խառնաշփոթ՝ զինվորական կարգուկանոնով: Ամեն ինչ պարզ է. Որքան էլ մեծ լինի կորուստը, որքան էլ դժվար լինի, իր բաժին աշխարհը մաքուր պիտի լինի:

Կուկլա բաբոյի տունը լիքն է` մուրաբա, թխվածք, ընկույզ ու խնձոր:  Մի հոգու համար ակնհայտ շատ է. «Ես շաքար ունեմ, քաղցր չեմ ուտում»,- ասում է բաբոն:

Մուրաբաները փակել է թոռների համար, գուցե այցի գան:  Բայց, սովորաբար, բաժանում է հարևաններին: Հեռուստացույցի կողքին` փոքրիկ սեղանին, երկու լուսանկար է` մեկի վրա ինքն է՝ 16 տարեկանում,  մյուսին՝ որդին:

«Արմենս է: Փոքրս: Հաստ ոսկոր տղա է. Աչքերի գույնը տես` ի~նչ սիրուն է: Երկու տարի առաջ մահացավ»,- ասում է բաբոն` ցույց տալով մյուս լուսանկարը: Որդին ժպտում է, ավելի լայն, քան սովորաբար ժպտում են տապանաքարի նկարների մեջ:

«Բաբո, քեզ շատ էին սիրահարվո՞ւմ»,- հարցնում եմ ես, քանի դեռ կինը փոխում է հագուստը, հետն էլ` գուլպաներն ու հողաթափերը: Սիրում է, որ ամեն ինչ գեղեցիկ լինի:

«Չէ, ռիսկ չէին անում: Շատ կոպիտ էի: Սիրած տղա ունեի… Ես էլ անսեր ամուսնացա, ինքն էլ: Մեր ճակատագիրն էր, ի՞նչ արած»,- պատմում է կինը:

Անսեր ամուսնությունից տիկին Եվգենիան երեք որդի ունեցավ: Երկրորդ զավակի ծնունդից  հետո ամուսինը թողեց ընտանիքն ու գնաց արտասահման. Վերադարձավ միայն 10 տարի անց: Երրորդ որդին՝ Արմենը, ծնվեց ընտանիքը փրկելու համար:

«Այն ժամանակ դեմոկրատիա չկար: Իմ ամուսինն էր, իմ «խազեինը»: Արմենս ծնվեց եղբայրներից 11 տարի հետո: Մայրս արդեն չկար, օգնող չունեի: Ես աշխատում էի, երեխաներս` մեծանում, իրենք իրենցով: Մեծ տղերքս պատերազմի հաշմանդամ են. Երկուսն էլ մարտական վիրավորում ստացած: Մեկը Լենինգրադ գնաց ու հետ չեկավ, մյուսը մինչև հիմա ծառայության մեջ է: Մեր ամուսնու մահից հետո ես ու Արմենս իրար հետ մնացինք: Ինչ տեսնում ես էս տանը, Արմենիս արածն է: Չվայելեց»,- ասում է բաբոն` չոր լաթով մաքրելով լվացքի մեքենայի փոքրիկ դռնակը: Այդպես է անում ամեն լվացքից հետո, Արմենն է նվիրել, հանկարծ չփչանա:

1988 թվականից իրենից անկախ մասնակցեց պատերազմին. նամակներ ու հաղորդագրություններ էր տեղափոխում. ռուս զինվորականները չէին համարձակվում խուզարկել նրան: 1992 թ.-ին երկու որդիներն արդեն կամավորագրվել էին` 13-14 տարեկանում, չորս եղբայրները՝ ևս:

«1992-ին կազմավորվեց մեր ջոկատը: 12 հոգի էինք` բոլորս կին: Ջոկատում ընդամենը մի ԷսՎեԴե (Դրագունովի դիպուկահար հրացան) ունեինք, մյուսներս ավտոմատով էինք կռվում: Ես դիպուկահար էի: 1993-ի օգոստոսի 23-24-ի հին Կուբաթլույի մոտ գործողության էինք: Այդ օրը աղջիկներից մի զոհ ունեցանք, երկու վիրավոր. մեկը ես էի»,- պատմում է կինը ու բարձրացնում շորի փեշը: Ծնկներից վերև անխնամ արված կարկատաններ են` մինչև  կուրծքը:

Պատերազմը տիկին Եվգենիայից խլեց ամեն ինչ` երկու եղբայրների կյանքը, զավակների՝ չտեսած մանկությունը, իր ջահելությունն ու սիրունությունը: Տվեց` երկու բեկոր` ճերմակ մարմնի մեջ, երկու թիկնակ` թևերի տակ ու մի մեդալ` արիության համար.

«Երեք օր գործողության էինք, երեք օր` տանը: Գալիս էի տուն, ուտելու բան պատրաստում, լվացք անում: Երեխեքս իրենք իրենցով մեծացան… Կռվի ժամանակ էլ գիշերները աչք չէի փակում: Լինում էր` վիրավորներին գրկում էի, սեղմում ինձ, որ հարմար լինի, վերքերը չցավեն. ամբողջ գիշեր նստած էի անցկացնում: Ի՞նչ անեի: Երկու զինվոր էլ ես ունեի կռվում: Մեր ներկայությունից տղաները ոգևորվում էին: Շատ ժամանակ, երբ որ հուսահատվում էին, վախենում, առաջինը մենք էինք առաջ գնում: Դրանից իրենք հա՛մ ոգևորվում էին, հա՛մ էլ ամաչում: Կանայք մի կողմից առաջ մղող էին, մյուս կողմից՝ զսպող: Շատ վեճեր, խոսակցություններ միանգամից մարում էին, երբ մենք էինք մեջտեղում հայտնվում»,- ասում է տատը ու լաքապատ, երկար եղունգներով մատներն աննկատ տանում թխվածքաբլիթների տակ:  Մի տոպրակ իր հավաքած բույսերից է լցնում` թեյի համար, մի կապոց` թխվածքաբլիթ ու կոնֆետ: Գիտի` զորամաս ենք գնալու հետո.

«Զինվորի բաժինն է. Մի մայր էլ ես եմ»,- ասում է տատը:

Պատերազմ երկրորդ. Նարինե: Կռիվ են գնում երեխաները

«Բարև, մեռնեմ կյանքիդ, ես եմ, եկել եմ»,- ցածրաձայն հեռախոսի մեջ ասում է կողքիս նստած զինվորը: Իսկ ես մտածում եմ՝ «մեռնեմ կյանքիդ»… սխալ է, չասես, այլևս երբեք չասես դա:

Նայում եմ Նարինեին, պատերազմ գնացած այս փոքրամարմին, ժպտերես աղջկան: Դեռ երեխա է՝ 22 տարեկան, բայց ինքն էլ գիտի՝ զինվորը պետք է ապրի, զինվորը պետք է տուն գա:

Մեքենան մեզ տանում է Տավուշ, Ներքին Կարմիրաղբյուր: Ադրբեջանական դիրքերն անզեն աչքով են երևում: Ժամանակ  առ ժամանակ մեքենան կանգնում է, զինվորն իջնում է, վառում ծխախոտը.

«Ինձ փոխարինելու եկած տղան այնքան փոքր էր, որ ԷսՎեԴե-ն հազիվ էր ուսին պահում»,- պատմում է զինվորը, իսկ ես նայում եմ Նարինեին ու պատկերացնում. Ինչպե՞ս է ուսին ԷսՎեԴե-ն կախել, հաստատ փողը ծնկից ցածր է եղել: Նա լուռ է. ինքն ու զինվորը նույն պատերազմն են անցել:

«Տես, սա բացառիկ մեքենա է: Երկու տանիք ունի. մեկը հիմնական, մյուսը՝ ժամանակավոր: Հիմնականը ծակ է, սնարյադից: Ժամանակավորը ձյան ու անձրևի ժամանակ ենք դնում, որ ներսը չթրջվի: Հայրիկն այս մեքենայով գնում է խաղողի այգի, բերքը հավաքելու: Դե այգին էլ հենց ադրբեջանական դիրքերի տակ է. երևի բոլոր դիպուկահարները մեր մեքենան գիտեն՝ կարմիր, տանքին՝ մեծ անցք»,- ասում է Նարինեն, երբ արդեն գյուղում ենք:

Ապրիլյան պատերազմը հոր ծննդյան օրը սկսվեց: Սիմվոլիզմ չկա, ուղղակի պատերազմը ժառանգական է դարձել: Հենց այդ օրն էլ Նարինեն տանն ասաց, որ «Արծիվ» մահապարտների հետ կամավոր գնում է Արցախ:

«Այս պատերազմը ծորակի նման է, որ պինդ չեն փակել. կաթ-կաթ-կաթ… Սպառվում ենք, հասկանո՞ւմ ես, վերջանում ենք: Վատ բան է պատերազմը, սխալ բան: Պատերազմներից հետ չեն գալիս, պատերազմները խեղում են բոլորի ճակատագրերը: Արցախում հանդիպածս մարդկանցից երևի միայն երկուսն էին, որ լավ ընտանիք ունեին, երջանիկ էին. մյուսներին կյանքը ոտնատակ էր տվել»,- ասում է Նարինեն:

Փոքր սենյակում փայտի վառարանի վրա եռում է մասուրի թեյը, հեռուստացույցով ֆիլմ է՝ կյանքի ու կռվի մասին: Նարինեն ֆիլմն է նայում, ես՝ իրեն: Պատերազմի, մահվան դրվագների ժամանակ աչքերը լցնում է, ուսերն անկանոն վեր ու վար են լինում, բարակ մատներն աչքերին է տանում: Երբ ֆիլմում խոսում են սիրո մասին, ժպտում է: Նա հաղթել է իր բաժին պատերազմը, նա ատել չգիտի:

«Սահմանի տարբեր կողմերում մենք իրար գիտենք միայն գրքերից:. Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինձ թվում էր, որ թուրքը ինչ-որ վախենալու էակ է, ոչ մարդ: Վստահ եմ՝ նույնն էլ սահմանից այն կողմ է: Հենց հասկանանք, որ մեր առաջ միս ու արյունից, մեր նման՝ նման երազանքներով, նման վախերով մարդիկ են կանգնած, գուցե ինչ-որ բան փոխվի: Գիտե՞ս, ապրիլին մի անգամ կրակեցի իրենց դիրքերի վրա. ուրախ եմ, որ գիշեր էր. հաստատ վրիպել եմ»,- ասում է աղջիկը, որ պատերազմ էր գնացել:

Ննջասենյակի պատուհանից համարյա լույս չի ընկնում. հայրիկն է փակել կիսով չափ: Մի մեծ քար ու մի տախտակ: Այս պատուհանը պարզ երևում է ադրբեջանական դիրքերից: Մի քանի անգամ դիպուկահար կրակ  է եղել, մի փամփուշտը դեռ պատուհանափեղկի մեջ է: Իսկ Նարինեն մահճակալի դիրքը չի փոխում.

«Երկու տարի առաջ՝ օգոստոսին, երբ սահմանին ահավոր լարված էր, մարդիկ փորձում էին իրենց երեխաներին գոնե ապահով պատսպարել: Կրակում էին անդադար, գիշեր-ցերեկ: Մերոնք չկարողացան ինձ տանից դուրս հանել: Միայն մի անգամ պապիս տուն տարան՝ մեր տնից մի 50 մետր հեռու: Ես գիտեի՝ եթե այդ պահին տնից դուրս գամ, հետ չեմ կարողանա գալ: Կամաչեմ: Գալիս էի, վառում այս սենյակի լույսը, որ հրացանի անցքից նայողը հաստատ իմանա՝ ես տանն եմ ու չեմ գնալու,- ասում է նա՝ հոտոտելով անկողնու սպիտակեղենը: Մոր լվացածն է, տան հոտով…- Իսկ երբ սնարյադով խփեցին, դուրս վազեցի, տեսնեմ՝ հո չինարիներին բան չի՞ եղել: Մաման կանչում էր հետևիցս, իսկ ես ծառերի մասին էի մտածում: Դրանցից մեկի բունն այնքան մեծ է, որ փոքր ժամանակ մեջը պահմտոցի էինք խաղում , իսկ հարևան տատերից մեկը կեղևի մեջ մոմ էր վառում, եկեղեցու պես»:

«Նար, պատկերացնո՞ւմ ես խաղաղությունը»,- հարցնում եմ ես:

«Խաղաղությունը՞: Այսօր չկրակեցին, ուրեմն խաղաղ է: Մի օր անկրակ, անզոհ… մեր իմացած կիսատ խաղաղությունն է սա,- ասում է նա,- Ես կուզենայի, որ հարցը լուծվեր բանակցությունների միջոցով: Խոսքը կարևոր է, երկխոսությունն՝ առավել ևս: Խնդիրն այն է, որ մեր երկու հասարակությունները հստակ չգիտեն՝ ինչի մասին են այդ բանակցությունները: Մենք լսել ենք միայն ինչ-որ փաստաթղթերի անուններ, բայց բովանդակային առումով հասարակությունը որևէ կերպ ներգրավված չէ այդ գործընթացի մեջ: Բանակցություններին սահմանին ապրողները հետևում են միայն մի պատճառով. գիտեն՝ այդ օրերին իրենց տները կրակի տակ են լինելու… Տարածքները, որոնց մասին խոսում են, սանտիմետրեր չեն միայն. դա ինչ-որ մեկի տունն է, ինչ-որ մեկի համար թանկ գերեզմանը, ինչ-որ մեկի ապագան, ինչ-որ մեկի կյանքը… Դրանց մասին պետք է բանակցել նախ սեփական ժողովրդի հետ:  Ես միայն գիտեմ՝ խաղաղություն եմ ուզում, ուզում եմ մի օր արթնանալ առանց վախի, որ ինչ-որ բան կորցրած եմ արթնանալու»:

Առավոտյան տաք թեյի ու խորոված կարտոֆիլի հոտին է խառնվում Նարինեի ժպիտը: Հարևանուհին աղջիկ է ունեցել:

Պատերազմ վերջին կամ խաղաղություն. Եվա. Առաջինը

Եվան առաջինն է կանանց մեջ ու Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում: Երկու տարի առաջ վարժարանում առաջին ընդունելությունն էր աղջիկների համար: Եվան երեք ընդունվողներից մեկն էր:

12-րդ դասարանում Եվան միակն է: Կանաչ-բաց կանաչ-բաց դարչնագույն դաշտային հագուստի ֆոնին կանգնած է հպարտ` մի հատիկը, սև, տոնական շինելով, երկար մազերը ծործրակին փունջ արած: Գլխարկը ճիշտ չափի է, շինելը երկար է թևքերի մասում ու մի քիչ էլ լայն:

Ժպտում է սիրուն: Դասակի տղաների հպարտությունն է, ամենալավ սովորողը:

«Վարժարան ընդունվելու մասին երկար չեմ մտածել: Հստակ գիտեի` ուզում եմ ռազմական իրավաբան դառնալ: Հետո պարզվեց, որ այդ գծով բարձրագույն ռազմական կրթություն դեռևս չեմ կարող ստանալ. ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում այդ մասնագիտությամբ դեռ ընդունելություն չկա աղջիկների համար: Ստիպված եմ ՀՕՊ-ն  (Հակաօդային պաշտպանություն) ընտրել»,- ասում է աղջիկը:

Եվան միակն է, ում ընտանիքը դեմ չէր դստեր ընտրությանը: Հայրը, քեռիները… բոլորը զինվոր են:

«Ես խաղաղություն չեմ տեսել: Մենք սահմանի վրա ենք. մի օր լավ, մի օր վատ… Մեզ համար  «առաջին աստիճանի մարտական պատրաստության» ռեժիմը երբեք չի դադարում: Դա էլ մեր կյանքն է, ի՞նչ կարող ենք անել: Թիկունքում էլ ուժեղ ու խելացի մարդիկ են պետք, որոշում կայացնողներ, ցուցումներ տվող: Թիկունքը պետք է պինդ լինի»,- ասում է նա, իսկ ես մտածում եմ` խաղաղ լինի, թիկունքից առաջ չգնաս:

«Չես սիրահարվո՞ւմ: Տես, ինչ սիրուն են դասընկերներդ»,- կատակում եմ ես:

«Չէ՛,-ժպտում է ամաչկոտ,- սիրահարվելու ժամանակ չկա: Սովորել է պետք»,- ասում է Եվան:

Սովորում է, որովհետև գիտի`այս պատերազմին քաղաքական, իրավական լուծում է պետք: Պատերազմով ապրելն արդեն անհնար է:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն օր զոհերի ու վիրավորների մասին էինք լսում: Իմ տարիքի տղաներ, մեկ-երկու տարի մեծ: Ահավոր էր: Հայրս ու քեռիներս սահմանի վրա էին… Հունվարի 28-ին միջոցառում էինք կազմակերպել` նվիրված մեր վարժարանի զոհված սաների հիշատակին: Նրանցից մեկի նկարն իմ ձեռքին էր: Միջոցառումից հետո այդ տղայի մայրն եկել էր, գրկել ինձ ու լաց լինում: Ես չգիտեի՝ ինչ ասել նրան»,- պատմում է Եվան:

Դեռ նոր-նոր սափրվել սկսած տղաների հետ շարքով մտնում է ճաշարան, նստում սեղանի ծայրին: Դասընկերները գիտեն` Եվան սոխ չի ուտում: Աղցանի միջից հանում են սոխի մանր կտորներն ու հետո միայն փոխանցում ափսեն:

«Ուրախ են երեխաները»,- ասում եմ սպաներից մեկին:

«Թող ուրախ լինեն, շատ ուրախ լինեն, քանի դեռ կարող են: Ուրախ են, որովհետև չեն պատկերացնում, որ պատերազմն իրենց էլ է հասնելու մի օր: Նայում ու մտածում եմ` քանիսը հետ կգան, քանիսը մարդ կսպանեն, քանիսի կյանքը կխեղվի պատերազմից: Թող ուրախ լինեն»,- կրկնում է սպան:

Հանգստի ժամին փոքրիկ սենյակում երկհարկանի մահճակալների արանքում ոչ զինվորական եռուզեռ է՝ հանգստի ժամ է: Վարժարանի 11 աղջիկ սաներից մեկը մյուսի մազերն է հյուսում, երրորդը դասագրքերն է պատրաստում ստուգման, մեկ ուրիշն էլ հեռախոսով երգեր է միացնում` «սիրո մասին», կատակում են նրանք: Եվան դասավորում է հաստ թղթապանակի մեջ խնամքով հավաքված պատվոգրերը. մեկը լավ երգելու համար է, մյուսը` սպորտային ձեռքբերումների: Տոնական համազգեստով պառկել չեն ուզում, շուտ  է ճմռթվում: Բայց հոգնածությունն իրենն անում է. իրար կիպ կպած նստում են մահճակալներից մեկին ու սկսում երգել:

Երեկոյան հագնում է տաք վերնազգեստն ու դուրս գալիս վարժարանից: Ավտոբուսը կանգնում է ճիշտ դիմացը: Զինվորական համազգեստով փոքրիկ աջկան արդեն սովոր են: Սկզբում էին տարօրինակ դիտում: Եվս մի քանի րոպե, և արդեն տանն է:

Արագ մտնում է լոգասենյակ ու արդեն տնային հագուստով նստում սեղանի ծայրին: Սովորաբար ընթրում են մոր, տատի ու քրոջ հետ: Հայրը դեռ սահմանին է:

Ընտանեկան հին ալբոմների մեջ Եվայի մանկությունն է ու մոր երիտասարդությունը: Նկարների վրա երեքով են` մոր ու քրոջ հետ: Հոր անձնագրի փոքր նկարը հետո է սոսնձվել դրանցից մեկի վրա՝ իրենց կողքին:

«Պապան տանը քիչ էր լինում. կա՛մ սահմանին էր, կա՛մ Ռուսաստանում, աշխատում էր: Շատ էի կարոտում»,- ասում է Եվան` փորձելով հարցիցս առաջ ընկնել:

«Մեր կյանքը սոսնձված անցավ»,- ասում է տատը` տարիքի համեմատ ձիգ ու պինդ կինը, որ դեռ երեկ հիվանդացել էր` սահմանին զոհ կար, իր որդիները միշտ սահմանին են:

Տան դուռը բացվում է. Եվայի հայրն է, մեկ օրով է եկել դիրքերից: Բարևում է բոլորին` զուսպ, զինվորական ողջույնի նման, ու միայն Եվային սեղմում թևերի մեջ: Ոչինչ չեն ասում իրար: Ամեն ինչ պարզ է:

«Եվա, ինչի՞ համար ես սովորում. պատերազմի՞»,- հարցնում եմ ես:

«Պատրաստ լինելու… ու հույսով, որ սովորածս պետք չի գա գործնականում: Ես պատերազմ չեմ ուզում, բայց քաղաքական, իրավական հարթության վրա այս հարցը չի լուծվում արդեն 23 տարի: Այս պատերազմն ինձանից մեծ է»,- ասում է Եվան ու նորից ժպտում. Դռան ապակուց այն կողմ հոր ուրվագիծն է: Այսօր իրենց տանը հրադադար է` մինչև առավոտյան ժամը 6:00-ն, երբ պատերազմը հորը նորից դիրքեր կտանի, իրեն` ռազմական վարժարան` խաղաղության համար սովորելու:

Սոնա Մարտիրոսյան
Լուսանկարիչ Նազիկ Արմենակյան

Հոդվածը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի` «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս