Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո, սակայն, երկու երկրի ղեկավարները հրաժարվել են որևէ հայտարարությամբ հանդես գալ: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը հայտնել է, որ գագաթնաժողովի շրջանակում Մերկելն ու Էրդողանը քննարկել են «երկու երկրի միջև անհանգստություն առաջացնող հարցեր»:
Նա տեղեկացրել է նաև, որ Մերկելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևոր նախապայման է գերմանացի պատգամավորների կողմից գերմանացի զինվորներին արվող այցելությունը: Բացի այդ, Մերկելը պահանջել է Թուրքիայից Գերմանիայի քաղաքացիներին վերաբերվել՝ համաձայն իրավական պետության սկզբունքների:
Մասնավորապես, նա հորդորել է ազատ արձակել գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Զայբերտը չի հստակեցրել՝ արդյոք կողմերը Ինջիրլիքի ռազմաբազայի հարցում գրանցել են որևէ առաջընթաց:
Հանդիպումից առաջ արած հայտարարության մեջ Մերկելը հայտարարել էր, որ եթե թուրքական կողմը թույլ չտա պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, ապա իրենք զինվորներին դուրս կբերեն այդտեղից:
«Քանի որ բանակը խորհրդարանինն է, կարևոր պայման է Գերմանիայի դաշնային խորհրդարանի անդամների կողմից զինվորներին այցելելը: Այս մասին պատրաստվում եմ բացեիբաց ասել Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի մեր զինվորներին դուրս բերել Ինջիրլիքից»,-ասել էր նա:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:
Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին:
«Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,-ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: