Եվ աղջիկները, և տղաները այսօր պետք է վարեն մեքենա, դա անհրաժեշտություն է դարձել. ոստիկան. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի 51 դպրոցներում եեկ նախատեսված էին ոստիկանության ներկայացուցիչների հանդիպումներ աշակերտների հետ:

Ճանապարհային ոստիկանության ծառայողների, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների, ինչպես նաեւ կամավորների կողմից պետք է անցկացվեին «Հետիոտնի եւ ուղեւորի պարտականությունները» թեմայով դասընթացներ:

Սուրեն Սպանդարյանի անվան №24 դպրոցում, օրինակ, հանդիպումը 6-րդ եւ 7-րդ դասարանցիների հետ էր: Վեցերորդցիների մոտ այդ ժամին ինֆորմատիկայի դաս պիտի լիներ, յոթերորդցիների մոտ` համաշխարհային պատմության:

«Առավոտյան, հենց տնից դուրս եկանք, մենք դառնում ենք հետիոտն, որովհետեւ քայլելով գնում ենք: Հետո եթե մենք նստում ենք որեւէ տրանսպորտ, դառնում ենք ուղեւոր: Եվ պարտադիր պետք է իմանանք հետիոտնի եւ ուղեւորի պարտականությունները: Հետո արդեն, երբ որ կլրանա ձեր 18 տարին, այդ ժամանակ կխոսենք նաեւ վարորդ կարգավիճակի մասին` ե´ւ աղջիկների (անպայման), ե´ւ տղաների, որովհետեւ այսօր բոլորը պետք է վարեն մեքենա, դա անհրաժեշտություն է դարձել»,- իր դասընթացը սկսեց Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման, վերլուծության բաժնի հատկապես կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր ԳոհարԿարապետյանը:

Նա իր հետ բերել էր քաղվածք` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից, որով էլ սահմանվում են վերոնշյալ պարտականություները:

Երբ ճանապարհային ոստիկանության ներակայացուցիչը միալար կարդում էր այդ տեքստը՝ բանավոր ու մատչելի ներկայացնելու փոխարեն, երեխաները կարծես նրան չէին լսում, առավել եւս` ընկալում: Այլ էր պատկերը, երբ ոստիկանի խոսքը կենդանանում էր առօրյա կյանքից բերվող օրինակներով:

Հանդիպման ավարտին էլ երեխաների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ նրանք լսել ու հասկացել էին ոստիկանի խոսքի միայն այն հատվածները, որոնք անմիջական էին` առանց օրենսդրական ձեւակերպումների:

Վերջում աշակերտները հարցեր ուղղեցին Գոհար Կարապետյանին: Նրանց հետաքրքրում էր, օրինակ, թե արդյոք հեծանվորդին հարկավո՞ր է վարորդական իրավունք ունենալ, արդյոք նա տուգանվո՞ւմ է երթեւեկության կանոնները խախտելու դեպքում: Ստացան բացասական պատասխան: Հետաքրքրվում էին նաեւ, թե ինչու հետիոտնին չեն տուգանում, երբ նա կարգազանց է լինում, զարմանում, որ ավտոմեքենայի հետեւի նստատեղերին նստած ուղեւորները նույնպես պետք է ամրակապվեն, հակառակ դեպքում տուգանք է հասնում: Արձանագրում էին, որ նման տուգանք երբեք չեն տեսել, որ կիրառվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս