ՄԻԵԴ-ը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել են արդար դատաքննության և վկայությունների ուսումնասիրության իրավունքին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել ընդհանուր առմամբ 3.900 եվրո փոխհատուցում, 2400 եվրո՝ պատճառած ոչ նյութական վնասի և 1500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է ՉԱՊ ՍՊԸ-ն՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2009 թվականի մարտի 13-ին:
«ՉԱՊ ՍՊԸ»-ն հայկական մասնավոր ընկերություն է, որը ստեղծվել է 1999 թվականին Գյումրիում։ 2005 թվականին այն ստեղծել է «Gala TV» հեռուստաընկերությունը:
2007 թվականին «Gala TV»-ում հարկային ստուգումներից հետո այն մեղադրվեց հարկերից խուսափելու մեջ, մասնավորապես գովազդներից ստացած եկամուտները թաքցնելու մեջ։ Ընկերությունից պահանջվեց վճարել 51 հազար եվրո։ Մեղադրանքները հիմնված էին Հեռուստատեսության և ռադիոյի հանրային հանձնաժողովի փաստաթղթերի ու «Gala TV»-ում գովազդ տեղադրած գործարարի հայտարարությունների հիման վրա։