Սերբիայի վարչապետը խայտառակություն է որակել Խարադինային չհանձնելու Ֆրանսիայի որոշումը
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային, որը Բելգրադի կողմից մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, Սերբիային չհանձնելու Ֆրանսիայի դատարանի վճիռը խայտառակ ու քաղաքական որոշում է։
«Սերբիայի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ դա խայտառակ, սկանդալային, անօրինական եւ միանգամայն անարդարացի որոշում է: Բայց դա ամենից ավելի քաղաքական որոշում է»,-ապրիլի 27-ին Բելգրադում հայտարարել է Վուչիչը լրագրողներին:
Նրա խոսքով՝ ստացված պաշտոնական փաստաթղթերից հետեւում է, որ այդ մարդու արտահանձնումը մերժված է, քանի որ «արտահանձնումը կարող էր խիստ ծանր անձնական հետեւանքներ ունենալ մեղադրվող Խարադինայի համար»:
Ավելի վաղ Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը:
«Ընդունվեց (Սերբիայի համար) բացասական վճիռ, հանձնում չի լինի, (Խարադինայի նկատմամբ) դատական հսկողությունը կհանվի»,-հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հայցվորները տակավին ժամանակ ունեն այս եզրակացության գանգատարկման համար:
Ռամուշ Խարադինայը ԲազելՄյուլուզ շվեյցարաֆրանսիական օդանավակայանում ձերբակալվել է հունվարի 4-ին: Ձերբակալումը կատարվել է Սերբիայի իշխանությունների պահանջով:
Բալկաններում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Խարադինայը եղել է Կոսովոյի ազատագրման բանակի շտաբի պետը: Հետագայում նա մեղադրվել էթնիկական զտումների ընթացքում կոսովցի սերբերի զանգվածային սպանություններ կատարելու մեջ: 2005 թվականին Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը ձեռնամուխ է եղել նրա գործի քննությանը: Երեք տարի անց նա լիովին արդարացվել թ մեղադրանքների բոլոր (37) կետերով:
Չնայած դրան, Սերբիայի իշխանությունները շարունակում են Խարադինային մեղավոր համարել բազմաթիվ ռազմական հանցագործություների մեջ, որոնք կատարվել են 1998-1999 թվականներն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։