Ահաբեկչություն պլանավորած գերմանացի զինվորն իրեն սիրիացի փախստական է ձևացրել
Բավարիայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է բունդեսվերի մի զինվոր, որն իրեն սիրիացի փախստական է ձեւացրել: Այդ մասին հայտնել է Die Welt-ը:
Այս տարվա հունվարին 28-ամյա զինծառայողն ատրճանակը թաքցրել էր Վիեննայի օդանավակայանի զուգարանում: Զենքը հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք հսկողություն են սահմանել, սպասելով, թե երբ են գալու դրա հետեւից:
Զինվորը վերադարձել է մեկ ամիս անց: Ավստրիայի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն եւ, պարզելով նրա ինքնությունը, տեղեկատվություն փոխանցել գերմանացի գործընկերներին: Իսկ զինվորականին բաց են թողել:
Գերմանիայում պարզել են, որ 2015 թվականին տղամարդը, որն իրեն սիրիացի միգրանտ է հայտարարել, Բավարիայի միգրացիոն մարմիններին է դիմել իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով: Նա թաքցրել է, որ ինքը Գերմանիայի քաղաքացիություն ունի, եւ արդյունքում նրա խնդրանքը բավարարել են:
Հաղորդվում է, որ նրան բնակարան են տրամադրել եւ նպաստ նշանակել: Ինչպես նշում է Die Zeit-ը, զրույցի ընթացքում ուշադրություն չեն դարձրել այն բանի վրա, որ նա արաբերեն չգիտի եւ հարցերին պատասխանել է ֆրանսերեն:
Այդ մարդն ավելի վաղ իրավապահ մարմինների տեսադաշտում էր հայտնվել իր ազգայնական հայացքների պատճառով: Դատախազությունում չեն բացառում, որ նա կարող էր գործել՝ ղեկավարվելով այլատյացության համոզմունքներով, նշում է BBC-ն:
Վարկածներից մեկի համաձայն, նա պատրաստվում էր հարձակում կատարել եւ ատրճանակը նետել հանցագործության վայրում: Զենքի վրայի մատնահետքերի վերլուծությունը հետաքննությանը կհամոզեր, որ գրոհը սիրիացի փախստականի ձեռքի գործն է:
Ինչպես պատմել են դատախազությունում, տղամարդը ազգային անվտանգությանն սպառնացող «լուրջ հանցագործություն էր պլանավորել»