«Պետք է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այնպիսի կառուցվածք մտածել, որպեսզի հարցերը լուծվեն ավելի օպերատիվ կերպով». Էդուարդ Կիրակոսյան

«Ներկայումս մենք մի շարք հարցեր ենք բարձրացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջև, դրանք փակուղում են հայտնվում և երկարաձգվում տարիներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Բիշքեկում ապրիլի 14-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։

Նա նշեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի սպասելիքները շատ ավելին էին, իսկ արդյունքները շատ ավելի համեստ դուրս եկան, քան հայկական կողմը սպասում էր։ «Բայց այդ ամենը պայմանավորված է Ռուսաստանում տիրող տնտեսական իրավիճակով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, ռուբլու արժեզրկմամբ և կուրսի փոփոխություններով։ Ամեն դեպքում հայաստանյան բիզնես միջավայրում ԵԱՏՄ-ում լինել-չլինելու հարց գոյություն չունի՝ որպես այդպիսին։ Վերջերս Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որում մասնակցեցին 9 կուսակցություններ և դաշինքներ, նրանցից միայն մեկ կուսակցություն և մեկ դաշինք էր դրել հարց ԵԱՏՄ անդամակցության նպատակահարմարության մասին, մյուսները նման հարց չեն բարձրացրել, քանի որ կա ընկալում, որ մենք պետք է լինենք ԵԱՏՄ-ում և պետք է աշխատենք այս երկրների հետ միասին։ Այո, ավելիին էինք սպասում, բայց փորձագիտական հանրության շրջանակում այսպիսի կարծիք կա՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք չմիանայինք ԵԱՏՄ-ին։ Բոլորը հանգում են միասնական կարծիքի, որ իրավիճակն էլ ավելի վատ կլիներ։ Այսինքն, եթե այսօր իրավիճակը ոչ այնքան լավ է, ապա չմիանալով ԵԱՏՄ-ին, չաշխատելով ԵԱՏՄ երկրների հետ՝ տնտեսական իրավիճակը շատ ավելի վատթար կլիներ, ուստի նման հարց չկա։ Մենք ողջունում ենք Բիշքեկում կայանալիք գագաթաժողովը, ակնկալում ենք, որ ընդունված որոշումները կնպաստեն ԵԱՏՄ աշխատանքի արդյունավետությանն ու կառուցողականությանը՝ ակնկալելով դրական արդյունքներ»,- ասաց Կիրակոսյանը։

Անդրադառնալով Ղրղըզստանի Առևտրաարդյունաբերական պալատի Արդյունաբերական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Կուբատ Ռախիմովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բարեփոխելու մասին առաջարկներին, նա ասաց, որ այդ հարցը բավականին ակտուալ է։ «Ներկայումս մենք մի շարք հարցեր ենք բարձրացնում հանձնաժողովի առջև, դրանք փակուղում են հայտնվում և երկարաձգվում տարիներով, պետք է ինչ-որ կերպ այնպիսի կառուցվածք մտածել կամ աշխատանքի այնպիսի ընթացակարգ, որպեսզի հարցերը լուծվեն ավելի օպերատիվ կերպով։ Ուստի, եթե դրան կնպաստի հանձնաժողովի ապակենտրոնացումը, ապա մենք կողմ կլինենք։ Իսկ ինչ վերաբերում է կազմակերպության մայրաքաղաքի ռոտացիային, ապա, անկեղծ ասած, իմ կարծիքով՝ դա ոչ այնքան ռացիոնալ որոշում է»,- նշեց Կիրակոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս