Բաժիններ՝

Այսօր տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է

Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն աշխարհում նշում են ապրիլի 12-­ին: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը:

1961թ. ապրիլի 12-­ին ԽՍՀՄ քաղաքացի ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով մարդու կողմից կառավարվող տիեզերական թռիչքների սկիզբը:

Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: Յուրի Գագարինի անունը հայտնի է դարձել աշխարհում, իսկ առաջին տիեզերագնացը վաղաժամկետ ստացել է մայորի և Խորհրդային Միության Հերոսի կոչումներ:

ԽՍՀՄ-­ում Տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի ժամանակ Գագարինի փոխարինող օդաչու­տիեզերագնաց Գերման Տիտովը: Նա առաջարկել է ԽՍՀՄ կառավարության անունից դիմել ՄԱԿ՝ Տիեզերագնացության համաշխարհային օր սահմանելու նախաձեռնությամբ:

1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61­-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12­-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր:
ՄԱԿ­-ի գլխավոր ասամբլեան եւս բանաձև է ընդունել ապրիլի 12-­ը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օր հռչակելու մասին: Վեհաժողովը ճանաչել է, որ «այդ պատմական իրադարձությունը (մարդու թռիչքը տիեզերք) ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզերական տարածությունը հետազոտելու համար»:

Այդ բանաձևում ՄԱԿ­-ի անդամ պետությունները «հավաստել են տիեզերական գիտության և տեխնիկայի կարևոր ներդրումը կայուն զարգացման և պետությունների ու ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակներին հասնելու, ինչպես նաև խաղաղ նպատակների համար տիեզերական տարածությունը պահպանելու նրանց ձգտման իրականացումն ապահովելու գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս