ԱՄՆ-ը թևավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի տարածքին
Ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին, տեղեկացնում է BBC-ին:
Այդ ավիաբազայից ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:
Ինչպես ճշտել է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, Միջերկրական ծովից նավերի գրոհին են ենթարկվել ավիաբազայի տարածքի մի քանի ռազմական օբյեկտներ՝ թռիչքավայրէջքային գոտիները, ինքնաթռներն ու ուղղաթիռները, ինչպես նաեւ լցակայանները:
Նրա խոսքով՝ հրթիռային հարվածներն ուղղված չեն եղել Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտներին:
Ինչպես հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դեւիսը, ավիաբազայում տեղաբաշխված էին մի խումբ ռուսներ, բայց ԱՄՆ-ը վաղօրոք նրանց նախազգուշացրել Էր նախապատրաստվող ռազմական հարվածի մասին:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաստատել է , որ հարձակման է ենթարկվել ավիաբազան: Նրա հայտարարության մեջ խոսվում է ամրիկյան ագրեսիայի մասին:
Ռազմական գործողության սկսվելու մասին առաջին հաղորդագրություններից շատ չանցած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ազգին հղված ուղերձով:
«Այսօր ես կոչ եմ անում քաղաքակիրթ բոլոր երկրներին՝ գտնել Սիրիայում կոտորածին ու արյունահեղությանը վերջ դնելու միջոցը»,-ասել է նա:
«Քիմիական զենքի տարածման ու օգտագործման կանխումը կենսական կարեւորություն է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար»,-հավելել է նա:
«Կասկածի ենթակա չէ այն փաստը, որ Սիրիան արգելված քիմիական զենք է օգտագործել՝ խախտելով Քիմիական զենքի արգելման մասին կոնվեցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, եւ անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատակամ պահանջները»,-ընդգծել է Թրամփը:
Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չկարողացավ կատարել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման իր պարտավորությունները, որոնք նախատեսված էին 2013 թվականի պայմանագրով: Նա նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն ձեռնարկում են քայլեր, որոնք ուղղված են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը: «Քայլերն արդեն արվում են», պետքարտուղարի խոսքը փոխանցում է CBS հեռուստալիքը:
Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել է 58 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Կենտրոնը նշել է, որ հարվածը կարող էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:
Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել է սիրիական օդուժը: Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում էր Հալեպում: