Վարդան Օսկանյանն իրեն համարում է Մադրիդյան փաստաթղթի միայն առաջին պարբերության հայրը
«Նախ` ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է ՀՀ տարածքի հետ կապված, կոնկրետ Մեղրիի խնդիրը: Այսպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել: Ընդամենը ժամանակին՝ 90-ական թվականներից Գոբլի ծրագիր կար, բայց ո՛չ սկզբնական շրջանում, ո՛չ հետագայում ՀՀ իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել: Ցավում եմ, որ այդ խնդիրը նորից շահարկման թեմա է դարձել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին արտգործնախարար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը` խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի մասին:
Ըստ նրա` ժողովուրդը մինչև 1998 թ. ապացուցել է, որ հնարավոր է, հակառակ Ղարաբաղի հարցի առկայության, խաղաղությունը պահպանել, նույնիսկ զարգանալ երկնիշ տնտեսական աճով, արտագաղթը կանգնեցնել` առանց դրսից պարտքեր վերցնելու, հնարավոր է նաև առաջընթաց արձանագրել ԼՂ բանակցություններում:
Օսկանյանի խոսքով` այդ տարիներին իրենց հաջողվել է բանակցային փաստաթղթում ամրագրել ԼՂ ինքնորոշման իրավունքը, և միջազգային հանրությունը դա ընդունել է.
«Մենք դա կարողացել ենք, և դա մեր ժամանակում է եղել»: Օսկանյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց «պարտվողական թույլ մոտեցում» ցուցաբերելու մեջ, որը դրական որևէ բան չի կարող ունենալ ՀՀ հետագա գործունեության վրա` անկախ՝ թե ով կլինի իշխանության մեջ:
Նա հայտարարեց, թե համոզված են, որ ռեալ հնարավորություն կա նույնը կրկնելու` խաղաղություն ապահովելու, արտագաղթը կանգնեցնելու, ԼՂ ինքնորոշման իրավունքից անցնելու փաստի ճանաչմանը միջազգային հանրության կողմից:
168.am-ի հարցին` արդյոք Օսկանյանն այսօր իրեն համարո՞ւմ է Մադրիդյան սկզբունքների հայրը, և ինչո՞ւ է որբ թողել դրանց, ինչպես հայտարարել է ՀՀ առաջին նախագահը, Վ.Օսկանյանը պատասխանեց, որ ինքն իրեն համարում է Մադրիդյան փաստաթղթի միայն առաջին պարբերության հայրը.
«Այդ փաստաթղթում միակ նորությունը նախկիններից առաջին պարբերությունն էր: Տարածքներ, փախստականներ միշտ էլ բոլոր փաստաթղթերում եղել են, բացակայել է ԼՂ ինքնորոշման իրավունքը: Դա կարողացել եմ ես անել, և ինչպես նախագահն է ասում` կարող էինք երազել, այդ երազանքը դարձրել ենք իրականություն»:
Վ.Օսկանյանը նշեց, որ իր բանակցած վերջին Մադրիդյան փաստաթղթի առաջին պաբերությունը եղել է` ԼՂ-ն հանրաքվեով կորոշի իր կարգավիճակի հարցը: Նա ասաց, որ նորմալ է ընդունում բանավեճը, երբեք պիտակավորումներ չի անում, և, ի վերջո, մեր հասարակությունն ինքը կորոշի` որն է ճիշտ: Օսկանյանի կարծիքով` Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ հասցեատեր է ընտրել, դրան մի հասցեատեր կա` իշխանությունները:
Ըստ նրա` ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հետ Տեր-Պետրոսյանը պայմանավորվել է և միայն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իշխանություններին: «Իշխանություններն այնքան ապաշնորհ են դարձել, որ, եթե նույնիսկ տարածք ուզենան տան, չեն կարողանա, սխալ տարածք կտան»,- ասաց Օսկանյանը: