Մերկելի դաշինքը մեծացնում է առավելությունը սոցիալ-դեմոկրատների նկատմամբ. հարցում
Գերմանիայում անցկացված հերթական հարցումը ցույց է տվել, որ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը կրկին սկսում է աստիճանաբար մեծացնել առավելությունը սոցիալ-դեմոկրատների նկատմամբ: Մարտի 22-ին հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, որը Forsa սոցիոլոգիական ինստիտուտի կողմից կատարվել է Stern հանդեսի եւ RTL հեռուստաալիքի պատվերով, ՔԴՄ/ՔՍՄ-ն անցյալ շաբաթվա համեմատությամբ իր վարկանիշը բարելավել է 1 տոկոսային կետով՝ մինչեւ 34 տոկոս:
Այն դեպքում, եթե ընտրություններն անցկացվեին այս շաբաթ, սոցիալդեմոկրատները պահպանողական դաշինքից հետ կմնային 3 տոկոսով եւ կհավաքեին ձայների 31 տոկոսը:
Մնացած կուսակցություններին վերաբերող տվյալներն անցած շաբաթվանից չեն փոխվել. «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կստանար ձայների 9 տոկոսը, «կանաչների» եւ Ձախ կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 7-ական տոկոսը:
Գերմանիայի Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) կհավաքեր ձայների շուրջ 6 տոկոսը: Forsaի հարցմանը մասնակցել է ԳՖՀ-ի 2,5 հազար քաղաքացի:
Եթե կանցլերն ընտրվեր ուղղակի քվեարկությամբ, Անգելա Մերկելը կհավաքեր ձայների 41 տոկոսը, ԳՍԴԿ-ից Մարտին Շուլցը՝ 33 տոկոսը: Ընդ որում, ինչպես ցույց է տվել հարցումը, Մերկելն իր վարկանիշը անցած շաբաթվա համեմատությամբ բարելավել է 2 տոկոսային կետով:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, գերմանացիների մեծամասնությունը (30 տոկոսը) հանդես է գալիս այն բանի օգտին, որ իշխանության գլուխ մնա «մեծ կոալիցիան» (ՔԴՄ/ՔՍՄ-ի եւ ԳՍԴԿ-ի դաշինքը): Միեւնույն ժամանակ հարցվածների 47 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ դրանում «ավագ գործընկերը» պետք է լինի ՔԴՄ/ՔՍՄ-ն, 37 տոկոսը՝ ԳՍԴԿ-ն: Միայն 19 տոկոսն է արտահայտվել այն կոալիցիայի ստեղծման օգտին, որի մեջ կմտնեին ԳՍԴԿ-ն, «կանաչները» եւ Ձախ կուսակցությունը: Հետազոտությանը, որը վերաբերում էր կոալիցիոն նախապատվություններին, մասնակցել է ԳՖՀ-ի 1002 քաղաքացի:
Մարտի 20-ին Bild թերթը հրապարակել էր մեկ այլ հարցում, որի համաձայն ԳՍԴԿն ՔԴՄ/ՔՍՄ-ին գերազանցել էր 1 տոկոսային կետով (32 տոկոս՝ 31 տոկոսի դիմաց), հաղորդել է ՏԱՍՍ-ը։