«Չկա քաղաքական կապ ընտրությունների և ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման միջև». Սվիտալսկի

«Մենք պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին, և, որ համաձայնագիրը պատրաստ է իր քաղաքական բովանդակությամբ»,- այսօր որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կարճ զրույցում, անդրադառնալով շաբաթներ առաջ Բրյուսելում արձանագրված ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտին և նոր համաձայնագրի ստորագրման ժամկետներին՝ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Դեսպանն ասաց՝ պետք է հասկանալ, որ ներկայումս անհրաժեշտ է շատ մանրակրկիտ տեխնիկական աշխատանք, ինչը նշանակում է, որ կարող ենք ակնկալել համաձայնագրի նախաստորագրում, ինչը ֆորմալ արարողություն է, որով արձանագրվում է՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, բովանդակությունը՝ համաձայնեցված։

Բայց դրան կհաջորդի, Սվիտալսկիի խոսքով, մի երկարաշունչ ժամանակահատված, երբ համաձայնագրի տեքստը կուսումնասիրվի իրավաբանական և տեխնիկական տեսանկյունից, ինչն ամիսներ կպահանջի։ «Ուստի համաձայնագիրը կստորագրվի միայն Եվրոպական միության խորհրդի հաստատումից և ԵՄ պաշտոնական բոլոր լեզուներով թարգմանելուց հետո։ Ես չեմ կարող ստորագրման հստակ ամսաթիվ նշել, բայց առաջարկում եմ դիտարկել անցյալի փորձը։ Ժամանակ առ ժամանակ բանակցությունների ավարտի և համաձայնագրի ստորագրման միջև ընկած ժամանակահատվածը կարող է բավականին երկար լինել։ Օրինակ՝ Ղազախստանի դեպքում պահանջվեց ավելի քան մեկ տարի տեքստի դիտարկման և անհրաժեշտ բոլոր իրավական և տեխնիկական ստուգումների համար»,- ասաց դեսպանը։

Նա հստակեցրեց, որ Եվրոպական միությունը համաձայնագրի ստորագրման համար չի սպասում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ «Չկա քաղաքական կապ ընտրությունների և համաձայնագրի միջև, քանի որ համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական միության միջև շատ ավելի երկարատև հարաբերությունների տեսլականով է թելադրված, և մենք ուրախ ենք, որ բանակցություններն ավարտվել են, առջևում տեխնիկական գործընթացներն են, բայց, իհարկե, համաձայնագրի վավերացումը, դրա միջավայրը կախված է լինելու նրանից, թե ինչպես են ժողովրդավարական գործընթացները, տնտեսական բարեփոխումներն իրականացվում Հայաստանում։ Որքան ավելի շատ ժողովրդավարություն, որքան ավելի շատ տնտեսական ազատություն, որքան ավելի շատ եվրոպական բարեփոխումներ տեղի ունենան Հայաստանում, այնքան մեր գործընկերության միջավայրը դրական կլինի։ Դա պարզ է»,-նշեց Պյոտր Սվիտալսկին։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց. «Հավատում եմ, որ, եթե ամեն ինչ լավ ներդրվի և իրականացվի, մասնավորապես, տեխնոլոգիաների իմաստով, մենք կունենանք ավելի լավ ընտրություններ, գուցե ոչ իդեալական, որովհետև վատ և հին սովորույթները դժվար են մահանում, մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների անցկացմանն են ներգրավված եղել, զարգացրել են որոշ վատ սովորույթներ, բայց ես լիահույս եմ, որ հայ ընտրողների, ազատ ԶԼՄ-ների ակտիվ աջակցությամբ մենք կսահմանափակենք վատ սովորույթների ազդեցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս