Ռուսաստանում աղջկան 15 հազար ռուբլով տուգանել են ChatGPT-ի միջոցով ստեղծված արջի լուսանկարի համար
Ռուսաստանի Ամուրի մարզում աղջկան 15 հազար ռուբլով տուգանել են ChatGPT-ի միջոցով ստեղծված արջի պատկերով լուսանկարի համար։ Նա ցանկացել էր կատակել ընկերուհու հետ և արջի պատկեր էր ավելացրել Մագդագաչի ավանի փողոցներից մեկում արված լուսանկարին։ Այս մասին հայտնել են մարզի դատարանների մամուլի ծառայությունից։
Պատկերը կարճ ժամանակում տարածվել է տեղի բնակիչների չաթերում և խուճապ առաջացրել։ Մարդիկ սկսել են զանգահարել ոստիկանություն, իսկ գոյություն չունեցող արջին որոնելու համար ներգրավել են որսագիտության մասնագետների և հատուկ տեխնիկա։ Տեղի բնակիչներից մեկն այնքան է վախեցել, որ ամբողջ օրը տանից դուրս չի եկել։
Ավելի ուշ կատակի հեղինակը ինքն է դիմել ոստիկանություն և խոստովանել, որ լուսանկարում պատկերված արջը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

