«Ով ձայնի դիմաց գումար կառաջարկի՝ բոլորից վերցրեք, որովհետև բարոյական բոլոր լիմիտներն արդեն սպառված են». Սամվել Խուդոյան
Հոգեբան Սամվել Խուդոյանն ու Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին մեր երկրի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա ընտրությունների, քարոզարշավի, ինչպես նաև կուսակցությունների և դաշինքների որդեգրած կարգախոսների մասին:
Կարգախոսների առումով ասուլիսի բանախոս Սամվել Խուդոյանն առանձնացված երեք դիտարկում ուներ՝ հատկապես հոգեբանական մեխանիզմների տեսանկյունից.
«Հետաքրքիրն այն է, որ ընտրված բոլոր կարգախոսներում գերական էգոցենտրիզմի երևույթն է, այսինքն՝ նրանք միայն իրենց տեսակետով են նայում, թե ի՚նչ է պետք ժողովրդին: Առհասարակ մեր կուսակցական համակարգում էգոցենտրիզմը համատարած բնույթ է կրում: 2-3 կարգախոսներում կրկնվում է «փոփոխություն» տերմինը, որը հասարակության մոտ ընկալվում է՝ միայն որպես պաշտոնի վերափոխություն: Կամ կա կարգախոս՝ «Մենք կարող ենք». հարց է առաջանում՝ իսկ իսկապե՞ս կարող եք: Կամ կա կարգախոս՝ «Առաջադիմություն և անվտանգություն» (իշխող ՀՀԿ-ի կարգախոսը.-Ն.Մ.), որտեղ «անվտանգություն» տերմինը ժողովրդի մոտ թերահավատություն է ներշնչում, հատկապես, երբ ժողովուրդը հիմա տագնապային իրավիճակում է: Զարմանալի է, որ բոլոր տեսակի կարգախոսներից բացակայում է «արդարություն» տերմինը, որի կարիքը ժողովուրդն իրականում ունի»:
Հոգեբան Սամվել Խուդոյանն ընդգծում է՝ իր մոտ այնպիսի տպավություն է, որ իշխանությունները քաջատեղյակ են՝ ժողովուրդն իրենց չի սիրում, և պրոյեկցիայի օրենքին համապատասխան՝ թշնամանք կա ձևավորված.
«Այն պրոպագանդան և այն դիրքորոշումները, որով նրանք առաջ են գնում, ակնհայտ թշնամական են: Այնպես, ինչպես ժողովուրդն իրենց չի սիրում, նույն կերպ իրենք են պատասխանում ժողովրդին: Ես նույնիսկ մի առիթով առաջարկեցի՝ եկեք ձև թափենք, թե մենք իշխանություններին սիրում ենք: Նույն մեխանիզմի մյուս հիմնական դրսևորումը ժողովրդին խաբելն է, ժողովրդի կողմից էլ դրա պրոյեկցիան է՝ անվստահություն»:
Հոգեբանը մտահոգիչ է համարում իրավիճակի բարոյական ասպեկտը.
«Քաղաքական ուժը ժողովրդին գրավելու համար պետք է գաղափարական հենքեր առաջ քաշի, ինչն այս ընտրություններում մենք չենք տեսնում: Հիմնական սկզբունքը կաշառք, պատիժ կամ ծանոթ-բարեկամ կատեգորիաներն են: Ով շատ փող տա՝ նրան կընտրեմ, սա է այսօր իրավիճակը»:
Սամվել Խուդոյանը դիմելով լրագրողներին՝ կեսկատակ-կեսլուրջ կոչ է անում.
«Ես ռացիոնալ առաջարկով եմ եկել այսօրվա ասուլիսին: Կոչ եմ անում՝ բոլոր կուսակցություններից գումար վերցրեք, որքան շատ՝ այնքան լավ: Որքան գիտեմ, կուսակցությունների ներսում հիմա աուկցիոն է սկսվել: Ով ձայնի դիմաց գումար կառաջարկի՝ բոլորից վերցրեք, որովհետև արդեն պարզ է՝ բարոյական բոլոր լիմիտները սպառված են: Սա բարոյական ռեգրեսի բացահայտ նշան է, որովհետև մեր հասարակությունն այսպիսին չի եղել:
Մեր հասարակության բարոյական հենքի վրա սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, հետսովետական վերակառուցումը, բայց այսօր պատկերն այլ է: Մտավորականության մի ստվար զանգված դրսում է, որտեղից փորձում են բարոյական հարցեր բարձրացնել, բայց ի՞նչ է դրանից փոխվում այստեղ: Տեղի մտավորականներն էլ անելանելիության, հուսահատության ճիրաններում՝ դրանից բխող ագրեսիվ դրսևորումներ են ցուցաբերում, ինչպես, օրինակ՝ Սերգեյ Դանիելյանի և նրա հիմնած կուսակցության պարագայում եղավ: Դուք կարդացե՞լ եք առհասարակ՝ ի՞նչ մթնոլորտ է տիրում համացանցում, իշխանությունների յուրաքանչյուր ելույթ ուղեկցվում է համատարած թշնամանքով և հայհոյանքով, նույնիսկ կանայք են հայհոյում արդեն: Այսպիսի հզոր ագրեսիայի միտում կա՝ ժողովուրդն իսկապես սարսափելի վրդովված է: Անելանելիության զգացողություն կա: Այս ընտրությունները նախորդների համեմատ ամենապեսիմիստականն ու հուսահատեցնողն են»: