Բաժիններ՝

Ինչո՞ւ Ալիևը իր կնոջը նշանակեց Ադրբեջանի փոխնախագահ. փորձագիտական կարծիքներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեկ նշանակեց հանրապետության առաջին փոխնախագահ։

Նշանակման մասին հրամանագիրը Ալիևը ստորագրել է երեքշաբթի։ Առաջին փոխնախագահի պաշտոնը Ադրբեջանում առաջացել է 2016թ. սեպտեմբերին։ Մինչ օրս այն թափուր էր։

Ալիևը Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստում իր կնոջը ներկայացրեց որպես իր տեղակալ։

Նա հայտարարեց, որ իր կինը արդեն երկար տարիներ «կարևոր դեր է խաղացել քաղաքական, մշակութային, միջազգային գործունեության մեջ»։
Ալիևը իր կնոջը որակեց որպես «պրոֆեսիոնալ և մարդասեր»։

Անձամբ Մեհրիբանը Անվտանգության խորհրդի նիստում իր հաջողությունները բացատրեց Իլհամ Ալիևի աջակցությամբ։

«Ես լիովին հասկանում եմ ինձ վրա դրված պատասխանատվությունն ու հավատում եմ, որ կարող եմ արդարեցնել ձեր, պարոն նախագահ և ինձ հավատացող մարդկանց վստահությունը»,- ասել էր Ալիևան։

Այդ առնչությամբ BBC-ի ռուսական ծառայությունը ճշտել է փորձագետների կարծիքը այդ կադրային որոշման մասին։ Որոշումը նրանց չի զարմացրել։

Արկադի Դուբնով, ԱՊՀ-ի հարցերով փորձագետ

«Ես ենթադրում եմ, որ Իլհամ Ալիևը հետևում է պետական կառավարման ոճին, որը Ադրբեջանում ստեղծել է նրա հայրը՝ իր բնույթով ընտանեկան, որը կոչված է հավասարակշռել կլանների ազդեցությունը։

Ազդեցիկներից կարելի է թվարկել երկուսը՝ Ալիևների ու Փաշաևների կլանը, որը ներկայացնում է Մեհրիբան Ալիևան։

Այդ ոճը հիմնել էր ազգի հայր Հեյդար Ալիևը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների թվում առաջինն ու միակը, ով կարողացավ հետխորհրդային տիրույթում կյանքի կոչել իշխանության փոխանցման ընտանեկան տեսակը։

Մեհրիբան Ալիևայի նշանակման մասին որոշումը կանխորոշված է իշխանությունը կոնսոլիդացնելու, այն ամրապնդելու, կլանների միջև հավասարակշռություն ստեղծելու, որոշակի փոխզիջումների գնալու անհրաժեշտությամբ և թույլ չտալու, որ Իլհամ Ալիևի և նրա թիմի իշխանությանը մրցակիցների կողմից վտանգ սպառնա։

Ադրբեջանը ինչ-որ առումով արդեն ընտանեկան կառավարում է։ Հնարավոր է, ապագայում առաջին փոխնախագահի դրույթը թույլ տա կատարել իշխանության որոշակի տարանցում ռուսական տանդեմի նմանությամբ, որը 2011թ. իրականացրին Պուտինն ու Մեդվեդևը։ Այդ սցենարը հնարավոր է՝ կյանքի կոչվի Ադրբեջանում Իլհամ Ալիևի լիազորությունների ավարտից հետո։

Մեհրիբան Ալիևան ունի համակարգային կառավարման փորձ, նա պարզապես տնային տնտեսուհի չէ։ Ինչպես պնդում են Բաքվում, նա բարի հարաբերությունների մեջ է եղել Հեյդար Ալիևի հետ։

Ինչպես պնդում են Ադրբեջանում, ժողովուրդը նրան շատ սիրում է»։

Զարդուշտ Ալիզադե, ադրբեջանցի քաղաքագետ

«Կարծում եմ՝ Մեհրիբան Ալիևայի նշանակումը ոչ մի նշանակություն չի ունենա։ Ադրբեջանում ամեն ինչ կայուն է, ամեն ինչ հայտնի է, ամեն ինչ հասկանակի է, ոչինչ չի փոխվում։

Հասկանալի է, որ Հեյդար Ալիևը այդ իշխանությունը թողեց իր որդուն, իսկ որդին դա համարում է իր գույքը։ Բնակչությունը դրան ոչ մի առնչություն չունի՝ ո՛չ ընտրություններին, ո՛չ ինչ-որ հարցերի, նրանք պարզապես նայում են, դիտում։
Դիտորդների ազգ։

Ոչինչ չի փոխվում՝ ո՛չ որոշումների կայացման մեխանիզմը, ո՛չ որոշումների կատարման մեխանիզմը։ Այդ պատճառով կատարյալ հանգիստ եմ ընդունել այդ նշանակումը, շատերը դա սպասում էին։

Ադրբեջանում չկա քաղաքականություն։ Ադրբեջանում օրենքները չեն գործում, կուսակցություններ գրեթե չկան։

Այդ իսկ պատճառով և քաղաքականություն չկա։ Կա իշխանություն, որտեղ մարդիկ միավորվել են, նրանք էլ որոշում են ամեն ինչ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս