«Իրանը պատրաստ է Հայաստանի համար այլընտրանք դառնալ նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներում»
Հարցազրույց թեհրանում լույս տեսնող «արաքս» շաբաթաթերթի խմբագիր, վերլուծաբան Մովսես Քեշիշյանի հետ
– Պարոն Քեշիշյան, վերջին օրերին ԻԻՀ-ն բավականին ակտիվ անդրադարձներով է հանդես գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Ուշագրավ էին ՀՀ Պաշտպանության նախարարի Իրան կատարած այցի ընթացքում հնչած մեկնաբանությունները և Իրանի նախագահի և դեսպանների հանդիպման ժամանակ Ռոուհանիի հայտարարությունը ԼՂ հակամարտության հարցում Իրանի դերակատարման մասին։ Ավելին, հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է առաջիկայում նախատեսվող Ռոուհանի-Պուտին բանակցությունների ընթացքում։ Ինչո՞վ եք բացատրում Իրանի ներկայիս ակտիվությունն այս հարցում։
– Բնական է, որ Իրանը` որպես տարածաշրջանային հզոր երկիր, որպես երկար տարիներ պատժամիջոցներից տառապող և դրանցից վերջերս ձերբազատված երկիր, փորձում է իր սահմանների անվտանգության և կայունության մասին մտածել, քայլեր ձեռնարկել` հարցը քննարկելով այն երկրների, գերտերությունների հետ, որոնք դերակատար են տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, փորձում է նրանց հետ երկխոսության մեջ մտնել։ Նմանատիպ մի գործընթաց մենք տեսնում ենք Սիրիայի պարագայում, այս հարցի շուրջ Իրան-ՌԴ քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, նույնն է հավանաբար սպասվում նաև Արցախի պարագայում` որոշակի մտքերի փոխանակում։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ նաև հանդիպում կայացավ Ռոուհանի-Ալիև-Պուտին ձևաչափով, խոսվեց նաև ԼՂ հակամարտության մասին, ինչը Հայաստանի համար բացասական զարգացում էր, քանի որ Հայաստանը ներկա չէր այդ քննարկումներին։ Բայց բնական է, որ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հարցերը քննարկվում են հարևան և դերակատար երկրների միջև։
– Նման քննարկումները կարո՞ղ են վերաճել շարունակական ձևաչափերի` միջամտելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
– Ինչպես ասացի, սրանք անհրաժեշտ քննարկումներ են տարածաշրջանում դերակատարում ունեցող ուժերի և տարածաշրջանային երկրների միջև, որոնք որոշակիորեն զսպող գործոն են դառնում ԼՂ հակամարտության համար, քանի որ բարձրացնում են հարևան բոլոր ուժերի ներգրավվածությունն ու մասնակցությունը տարածաշրջանային խնդիրներում։ Բայց շարունակական և կայուն ձևաչափը Մինսկի խումբն է, որը կշարունակի իր գործունեությունը։
– Ի լրումն առաջին հարցի, հատկանշական է, որ համագործակցություն է սկսվում նաև Իրան-Հայաստան պաշտպանական ոլորտում։ Սա, ըստ էության, ևս պատահական չէ։
– Այո, պատահական չէ։ Վերջին շրջանում կայացավ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցն Իրան, որտեղ Սարգսյանը բազում բանակցություններ ունեցավ երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
Իրանական կողմը, ինչպես նախկինում էր պնդում, ապացուցեց, որ շարունակում է ԼՂ հակամարտության հարցում իր հավասարակշիռ դիրքորոշումը։ Այն իրողությունը, որ շուտով ԻԻՀ Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը պետք է այցելի Հայաստան, ցույց է տալիս, որ իրանական կողմն ավելի է ներգրավվում տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Այսինքն` իրանական կողմը ձգտում է դիտորդի կարգավիճակից տեղափոխվել դերակատարի կարգավիճակի։
– Իրանի այս նոր դիրքորոշումն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի և քաղաքականության վրա, որը, ըստ մի շարք հիմնավոր կարծիքների, այդ թվում` ԼՂ հակամարտության չկարգավորվածության միջոցով է պահպանում ազդեցություն Հարավային Կովկասում։
– Դա ինքնաբերաբար կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունն այս ոլորտում, քանի որ այս հարցում ՌԴ-ն մեծ դերակատարություն է ունեցել։ Իրանի այս պահվածքը ՌԴ-ին զգուշավորության կմղի և կհավասարակշռի Ռուսաստանի ազդեցությունը։ Ռոուհանին Պուտինի հետ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կնշի, որ խաղաղ կարգավորումն է հակամարտության միակ, խելամիտ կարգավորումը։ Կարծում եմ` այս հարցում Իրանն առաջնորդվում է նաև այն հանգամանքով, որ Ադրբեջանը սկսել է մերձեցման քաղաքականություն Իսրայելի հետ, Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում փոխվում է, իսկ Իսրայելն Իրանի նկատմամբ թշնամական մոտեցում դրսևորող պետություն է, այս ամենն անընդունելի է Իրանի համար, ինքնաբերաբար սա Իրանին հրահրում է, որպեսզի նա ավելի մոտենա Հայաստանին։
Չմոռանանք, վերջին հաշվով, Իսրայելի դերակատարությունը տարածաշրջանում, Ադրբեջանում` հակաիրանական քայլեր, Իրանի անջատողական ուժերին աջակցություն, այս ամենին գումարվում են նաև Սաուդիան Արաբիայի վերջին մոտեցումները։ Իրանը պարտավոր է ավելի հզոր ներկայություն ունենալ տարածաշրջանի անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Այս ամբողջը հաշվի առնելով` կարող ենք ասել, որ Իրան-Հայաստան հարաբերությունները որոշակիորեն ավելի ամրապնդում են Հայաստանի դիրքերը, ու նաև ես կասեի, որ Հայաստանին տալիս են այլընտրանք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Իրանը, ելնելով իր շահերից, պատրաստ է նման այլընտրանքներ տրամադրել Հայաստանին իր աջակցության պատրաստակամությամբ։
– Հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի հակասող շահերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում` Իրանի այս ակտիվությանը ռուսական կողմն ինչպե՞ս կարձագանքի։
– Պետությունները` հատկապես հարևան, չեն կարող հզոր պետությունների կարծիքը և մոտեցումը հաշվի չառնել. նման բան հնարավոր չէ, ռուսները չեն կարող հաշվի չառնել նաև հայաստանյան, իրանական դիրքորոշումը, եթե ՀՀ իշխանությունները հստակ քաղաքականություն վարեն, պահանջներ առաջադրեն։ Եթե մենք երկմտանքների մեջ ենք` «հող տա՞լ, թե՞ չտալ», և, եթե այդ «խաղերը» հենց պետության մակարդակով են, ապա արտաքին ուժերը հնարավորություն են ստանում իրենց կարծիքը թելադրել։ Իսկ եթե մենք հստակ դիրքորոշում ունենք, թե ինչ ենք ցանկանում, այլ պատկեր կունենանք։
Ռուսներն ու այլ ուժերը չեն կարող իրենցը պարտադրել։ Ռուսները, բնական է, որ հարցին մոտենում են ոչ թե մեր շահերից, այլ իրենց։ Իհարկե, կա որոշակիորեն շահերի համընկնում, որից մենք շահում ենք, բայց ոչ մի պետություն երրորդ պետության պատճառով չի միջամտում այդ պետության գործերին, նա առաջնորդվում է պարզապես իր շահերով։ Սա անբնական չէ։ Ես այն համոզմանն եմ, որ շահերի ճիշտ առաջմղման դեպքում, ինչը ՀՀ իշխանություններն այդքան էլ ճիշտ չեն անում, նույնիսկ Ռուսաստանը հաշվի կառնի։
Այսինքն, եթե նույնիսկ կան հակասություններ և տարբեր նպատակներ ԼՂ հակամարտության գոտու շուրջ, Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի առնել նաև Իրանի դիրքորոշումը, որն էլ խաղաղ կարգավորումն է։ Կրկնում եմ, որ Իրանի նման ներգրավվողական քաղաքականությունը չի կարող անտեսվել Մոսկվայի կողմից։ Իսկ դա նշանակում է, որ Մոսկվայի հավակնությունները փոքր-ինչ կմեղմվեն, և իրավիճակը կմղվի դեպի կայունություն, քան հակառակը։