Բաժիններ՝

«Արտագաղթի իրական պատկերը քիչ թե շատ կբացահայտի հաջորդ մարդահամարը: Բոլոր տվյալները մոտավոր են». Ժողովրդագիր

«Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ «Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում» թեմայով քննարկումը, որին մասնակցում էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Ազգային վիճակագրության ծառայության օրերս հրապարակած տվյալները փաստում են այն մասին, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր երկրում առկա արտագաղթի ծավալները նվազելու միտում չեն գրանցում: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն այն համոզմանն է, որ տարեկան կտրվածքով դիտարկել արտագաղթի ծավալի ցուցանիշները և փորձել դիտարկումներ անել դրանց վերաբերյալ՝ այնքան էլ լուրջ չէ.

«Սա մի երևույթ է, որ ձևավորվել է ավելի քան 25 տարի անընդմեջ և բնականոն զարգացումներն է գրանցում: Սա համակարգային խնդիր է՝ կապված սոցիալական, տնտեսական, քաղաքական, հոգեբանական իրողություններով: Ակնկալել դրական ուղղորդվածությամբ փոփոխություններ այս առիթով՝ այնքան էլ իրատեսական չէ»:

«Արտագաղթի ծավալները ներկայացնող տվյալները հուշում են տարբեր թվերի մասին, սակայն դրանցից և ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, որովհետև չկան չափագրման համար անհրաժեշտ մեխանիզմներ,- նկատում է Ռուբեն Եգանյանը և հավելում,- Մեր միգրանտների հիմնական մասը չի հետևում պետական կարգին, որ հաստատված է միգրացիոն տեղափոխությունները գրանցելու համար: Պատկերը պարզելու համար մեզ անհրաժեշտ է իրականացնել սոցիոլոգիական հետազոտություններ, որոնց տվյալներից դատելով՝ միգրացիոն պրոցեսները տեղի են ունենում ոչ թե ներքին խնդիրներից կախված, որոնք կայուն են և գրեթե անփոփոխ, այլ պայմանավորված են ռուսաստանյան իրողություններով, քանի որ մեր հիմնական միգրացիոն գործընկերը հանդիսանում է հենց այդ երկիրը»:

Այնուամենայնիվ, որքա՞ն են կազմում վերջին 10 տարիների ընթացքում միգրացիոն տեմպերը՝ կանխատեսել դժվար է:

«Կանխատեսումներ ես, բնականաբար, չունեմ, իրական պատկերը, քիչ թե շատ, կբացահայտի հաջորդ մարդահամարը: Բոլոր ունեցած տվյալները մոտավոր են: Ըստ էության, բնակչության թվաքանակի և միգրացիոն տեղաշարժերի մասին քիչ թե շատ հավաստի պատկերացում մենք ստանում ենք միայն մարդահամարից մարդահամար: Միջանկյալ պայմաններում մեր բնակչության թիվը շարունակաբար գերհաշվարկվում է՝ ի հաշիվ թերհաշվարկված միգրացիայի: Կոպիտ, մոտավոր հաշվարկներով՝ տարեկան մոտ 30.000 մարդ հեռանում է երկրից, ուրեմն վերջին 10 տարվա ընթացքում 300.000 մարդ մենք կորցրել ենք: Բոլորին միանշանակ չենք կորցնում:

Նրանց մի մասի վերադարձը հնարավոր է, այլ բան է, որ այդ հնարավորությունները շարունակաբար նվազում են: 2015 թվականի տվյալներով՝ յուրաքանչյուր 3 ընտանիքում գրանցվել է միգրանտ: 2016 թվականի տվյալներով՝ ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով: Բնակչության 31 տոկոսն արտերկրում ունեցել է կամ այնտեղ մեկնած-մնացած, կամ մեկնած-վերադարձած միգրանտ: Հետազոտությունների միջոցով հնարավոր չի չափագրել բնակչության այն զանգվածը, որ մեկնել է ողջ ընտանիքով: Դրանք մնում են տեսադաշտից դուրս, և դրանց մասին մոտավոր պատկերացում կարելի է ստանալ ելնելով միայն ուղևորաշրջանառության համակարգի տրամադրած տվյալներից՝ որքա՞ն ուղևոր է մեկնել, և նրանցից քանի՞սն է վերադարձել»,- ամփոփում է տվյալները ասուլիսի բանախոս ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս