Հայաստանի համար կարևոր նշանակում ԱՄՆ Պետդեպում. ինչպե՞ս օգտագործել Նուլանդի պաշտոնում Հեֆերնի նշանակման փաստը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ 2011-2014 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ստանձնել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր Վիկտորյա Նուլանդը։ 168.am-ն այս նշանակման հնարավոր ազդեցության շուրջ զրուցեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանի հետ։
– Պարոն Մինասյան, ԱՄՆ Պետքարտուղարությունում Հայաստանի համար բավականին ուշագրավ նշանակում է տեղի ունեցել։ Պետքարտուղարության կայքը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Վիկտորյա Նուլանդին կփոխարինի ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, ում առաքելության օրոք հայ-ամերիկյան հարաբերություններում առանցքային համաձայնություններ են ձեռք բերվել։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կարելի է գնահատել այս նշանակումն ինչպես՝ ԱՄՆ, այնպես էլ՝ ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից։
– Ես այն միակը չեմ Հայաստանի փորձագիտական և քաղաքական դաշտից, ով անձամբ լավ ճանաչել է դեսպան Հեֆերնին, շփվել նրա հետ, քննարկել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր։ Կարող եմ ասել, որ նա շատ դրական անձ և դիվանագետ է։ Ըստ իս, իր նշանակման պատճառներից մեկը ոչ միայն այն հանգամանքն է, որ նա եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, չնայած կարծում եմ, որ Հայաստանը յուրօրինակ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, որքանով ես եմ տեղյակ, մինչ Հայաստանում նշանակվելը նա զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության փոխնախագահի պաշտոնը։ Նա բավականին ակտիվ դիվանագետ է։
Մի կողմից՝ Պետդեպարտամենտի այդ պաշտոնում կհայտնվի մարդ, ով հարավկովկասյան և հետխորհրդային տարածքը բավական լավ գիտի, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի հետ խնդիրները, որոնք հատկապես Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների շրջանակում ԱՄՆ քաղաքականության համար կարևոր նշանակություն ունեն։ Դրա հետ մեկտեղ, Հեֆերնը, Հայաստանում զբաղեցնելով ԱՄՆ դեսպանի պաշտոնը, մի երկրի դեսպանի, որն ավանդաբար ունի շատ լավ հարաբերություններ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի հետ, փոխզիջումային մոտեցումներին բավականին ծանոթ է, և միգուցե դա էլ կարող է պատճառներից մեկը լինել, որ նա նշանակվեց այս պաշտոնում և փոխարինեց Վիկտորյա Նուլանդին, որովհետև թվում է, որ Թրամփի աշխատակազմի փուլում ԱՄՆ-ը փորձելու է փոխզիջումային լուծումներ գտնել ՌԴ-ի հետ հարաբերություններում։
Դա, իհարկե, երաշխավորված չէ, դրա հետ մեկտեղ՝ երաշխավորված չէ, որ դրա արդյունքում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ավելի լուրջ առճակատման առջև չեն կանգնի, բայց կարծում եմ, որ Հեֆերնը, լինելով դիվանագետ, զբաղեցրել է դեսպանի պաշտոնը մի երկրում, որտեղ ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերը և՛ առնչվում են, և՛ բախվում, և միշտ չէ, որ հանգեցնում են հակամարտության, մենք տեսնում ենք, որ ՀՀ-ն իր ողջ հետխորհրդային շրջանում փորձել է համադրել Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումները, այդ հանգամանքը կգնահատեի՝ որպես կարևոր առանձնահատկություն։
Մարդ, ով լավ ճանաչում է Հայաստանը և Հայաստանի փորձագիտական և քաղաքական դաշտի մեծ մասին միայն օգտակար կլինի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման համար։
– Հասկանալի է, որ Հեֆերնն իր անձնական համակրանքով և անցյալում զբաղեցրած պաշտոնից մնացած ժառանգությամբ չի առաջնորդվելու իր նոր պաշտոնում։ Ակնհայտ է, որ այս պաշտոնն ի օգուտ Հայաստանի օգտագործելու պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա։ Ինչպե՞ս կարող են ՀՀ իշխանություններն այս հանգամանքն օգտագործել՝ ի օգուտ հայկական հարցերի։
– Յուրաքանչյուր դիվանագետ, քաղաքական գործիչ՝ լինելով պետական պաշտոնում, իհարկե, պետության կամ ադմինիստրացիայի շրջանակում է մոտեցումներ ներկայացնում, բայց յուրաքանչյուր դիվանագետ կամ քաղաքական գործիչ որոշ չափով երանգներ կարող է մտցնել, հենց այդ պատճառով են պաշտոնյաները փոխվում։ Այն կապերը, որոնք կան Հեֆերնի դեպքում, կարող են հնարավորություն տալ ավելի ճկուն քաղաքականություն վարել, երբեմն համադրել և օգտագործել և՛ ԱՄՆ-ի, և՛ ՀՀ-ի շահերը տարածաշրջանային համատեքստում։
Չեմ կարծում, որ դա էապես կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության վրա, որովհետև այս հարցում ավելի գլոբալ գործոններ կան, բայց երկկողմ հարաբերությունների բարելավմանը կարող է նպաստել այս նշանակումը։ ԱՄՆ քաղաքական, տնտեսական և անվտանգային աջակցության ձևավորմանը Հայաստանի հանդեպ, կարծում եմ, միայն կնպաստի։ Իմ համոզմամբ, ՀՀ իշխանությունները պետք փորձեն ավելի ակտիվ լինել, և դիվանագիտական, և քաղաքական շրջանակներով կապեր զարգացնել Հեֆերնի հետ։
– Գաղտնիք չէ, թե Նուլանդը Ռուսաստան-Արևմուտք առճակատման հարցում ինչպիսի դերակատարում և ընկալում է ունեցել։ Ըստ Ձեզ՝ Հեֆերնի դերն այս պաշտոնում ո՞րն է լինելու, նշեցիք փոխզիջումային, մեղմ մոտեցումների մասին։
– Ես չէի ասի, որ ավելի մեղմ, ես կասեի՝ ավելի ճկուն։ Ի դեպ, Նուլանդի մոտեցումները Հայաստանի հանդեպ բավականին դրական եմ գնահատում, բավականին պրագմատիկ, իրատեսական։ Ավելին, ընդհանրապես պետքարտուղար Քերին, կարծում եմ, բավականին լավատեղյակ էր տարածաշրջանային և հայկական թեմաներին, այնպես որ, Նուլանդի այդ վերաբերմունքը կանխատեսելի էր։ Հեֆերնի դերակատարությունն է լինելու՝ ավելի ճկուն լինել, հաշվի առնել ռուսական մոտեցումները, կանխատեսել ռուսական կողմի հակաքայլերի սրության աստիճանը։ Այս պաշտոնում դիվանագետները ոչինչ չեն որոշում, բայց կարող են շեշտադրումներ և նրբերանգներ փոխել։