«Միգուցե դուք էլ գաք իշխանության». Գալուստ Սահակյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ, թեև ընդդիմությունը սովոր է ամեն ինչին դեմ խոսել, բայց ըստ նրա՝ «կառավարության ծրագրից ու վարչապետի խոսքից ավելի որևէ մեկն ընդդիմությունից որևէ բան չկարողացավ ասել»:

Նրա խոսքով՝ պետական բյուջեի նախագիծն արտացոլում է ՀՀ քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակն ու, միևնույն ժամանակ, նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում:

«2017թ. պլանավորվող հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բավականաչափ հուսադրող են և կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Մասնավորապես, առաջիկա տարում, ըստ պետբյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2%, արդյունաբերությունը կաճի 5.5%-ով, գյուղատնտեսությունը՝ 4%-ով, ծառայությունների ոլորտը՝ 2.8%-ով: Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռևս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք՝ տնտեսության բնականոն գործունեության ապահովման և հետագա զարգացման համար»,- ասաց Գ. Սահակյանը:

Նրա կարծիքով՝ 2017թ. պետական բյուջեի նախագիծն արտացոլում է Հայաստանում առկա տարաբնույթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները դեռևս բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների համապարփակ և ամբողջական լուծման համար, սակայն, միևնույն ժամանակ, համոզված ենք, որ առկա բյուջետային միջոցներն արդյունավետությամբ օգտագործելով՝ կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը, որն ապահովելու համար պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

ԱԺ նախագահը հավելեց, որ կարևորագույն խնդիրներից մեկն էլ երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է՝ հասարակության լայն շերտերի ներգրավմամբ. «Երկրում կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրների լուծումը պահանջում է տնտեսական ծավալուն բարեփոխումների իրականացում, առաջին հերթին՝ մրցակցային դաշտի ձևավորման և գործարար միջավայրի բարելավման նպատակով: Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի ձեռնարկատիրական հակումներ ունեցող յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր գործարար ներուժը՝ զերծ մնալով բյուրոկրատական քաշքշուկից ու պետական մարմինների անհարկի միջամտությունից: Այս ուղղությամբ առաջին քայլերը, կարծում եմ՝ տեսանելի են բոլորի համար»:

Գ. Սահակյանը կարևորեց նաև երկրում սոցիալական համերաշխությունը: Նա վստահություն հայտնեց, որ, չնայած որոշակի դժվարություններին, Հայաստանն ունի մի շարք առավելություններ և կարող է գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար: Ելույթի վերջում կոչ արեց կողմ քվեարկել 2017թ. պետական բյուջեի նախագծին. «Հատկապես ընդդիմությունը. Առաջիկայում ընտրություններ են, և այն բանալիները, այն ուղղորդող գործիքները, որ ունեք, ընտրությունների ընթացքում ասեք. միգուցե դուք էլ գաք իշխանության»:

Տեսանյութեր

Լրահոս