«Ռոսնեֆտը» ՅՈՒԿՕՍ-ի գործով ճնշումներ է գործադրել հայ դատավորների վրա. Financial Times-ի բացահայտումը
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակները, սեփական հետաքննությունն է իրականացրել ռուս հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկու նավթային ՅՈՒԿՕՍ (Yukos) ընկերության հետ կապված, որի ընթացքում հետաքրքիր տեղեկություններ է պարզել առ այն, որ հայաստանյան դատական ատյանները ՅՈՒԿՕՍ-ի գործով վճիռներ կայացնելիս ենթարկվել են ռուսաստանյան «Ռոսնեֆտ» պետական նավթագազային ընկերության իրավաբանների ճնշմանը։
Բրիտանական պարբերականը նշում է, որ «Ռոսնեֆտի» իրավաբաններն են ուղղորդել ՀՀ դատական համակարգը ՅՈՒԿՕՍ-ին առնչվող գործերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Պարբերականը վկայակոչում է իր տրամադրության տակ գտնվող էլեկտրոնային փաստաղթերը՝ նշելով, որ «Ռոսնեֆտը» ցուցումներ է տվել Հայաստանիդ ատական համակարգի բարձրաստիճան անդամներին ՅՈՒԿՕՍ-ին առնչվող 5 գործերի ժամանակ։
FT-ի տրամադրության տակ են հայտնվել «Ռոսնեֆտի» իրավաբանների նամակագրությունները, որոնք ապացույցն են այն մեծ ճնշման, որը գործադրվել է հայ դատավորների նկատմամբ դատական վճիռներ կայացնելիս։ Նշվում է, որ այդկերպ «Ռոսնեֆտը» կարողացել է ՅՈՒԿՕՍ-ից խլել միլիոնավոր դոլարներ։
«Մենք միշտ իմացել ենք, որ ՌԴ իշխանություններն ի վիճակի են եղել ազդեցություն ունենալ Ռուսաստանում դատական որոշումների ընդունման գործընթացների վրա, սակայն էլեկտրոնային նամակները մեզ հնարավորություն են տալիս տեսնել, թե իրականում ինչ էր կատարվում կուլիսների հետևում»,- ասել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարներից մեկը՝ Սթիվեն Թիդին, որը 2004-ին լքել է Ռուսաստանը։
Պարբերականը փորձել է նաև մեկնաբանություններ ստանալ «Ռոսնեֆտից», որտեղից միայն նշել են, որ ՀՀ դատարանները որոշումներ կայացնելիս առաջնորդվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
2006թ. Մոսկվայի արբիտրաժային դատարանը սնանկ էր ճանաչել ՅՈՒԿՕՍ-ին, 1 տարի անց նավթային ընկերության բաժնեմասն օտարվել էր «Ռոսնեֆտին», իսկ ընկերության ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին այդ ժամանակ գտնվում էր բանտում։
Խոդորկովսկու՝ ՅՈՒԿՕՍ-ի հայաստանյան դուստր ձեռնարկության՝ Yukos CIS Investment-ի հայ գործընկերները, Yukos CIS-ի տնօրեն Արմեն Միքայելյանը դիմել էին հայաստանյան դատական համակարգի տարբեր ատյանների՝ փորձելով կանխել ռուսական հսկայի կողմից Yukos CIS Investment-ի կապիտալին տիրանալու ջանքերը, սակայն դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո անհաջողության էին մատնվել։
Նշվում է, որ հենց «Ռոսնեֆտն» է կանգնած 2010թ․ հոկտեմբերին Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշման հետևում, որով ռուսաստանյան ընկերությունը ճանաչվեց Yukos CIS Investment-ի սեփականատեր։
FT-ն գրում է, որ հենց իր վրա գործադրված ճնշման հետևանքով է Yukos CIS-ի գործով զբաղվող դատավոր Սուրիկ Ղազարյանը հրաժարական ներկայացրել 2011թ. և քաղաքական ապաստան տրամադրելու հայցով դիմել ԱՄՆ-ին։ Վերջինս ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
Դատավոր Ս. Ղազարյանի խոսքով՝ ինքը «այլ ելք չի ունեցել», քան հետևել «Ռոսնեֆտի» կողմից տրվող ցուցումներին։
2014 թվականի հուլիսի վերջին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որով Ռուսաստանը ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին պետք է 1.86 միլիարդ դոլար վճարի:
Միխայիլ Խոդորկովսկին ՌԴ բանտում անցկացնելով 10 տարի՝ ներկայումս բնակվում է Շվեյցարիայում։