
ԱՄՆ նախագահը պաշտպանել է Google-ին և սպառնացել ԵՄ-ին պատասխան միջոցներով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ԵՄ-ին հետաքննությամբ, որը կարող է հանգեցնել հետագա մաքսատուրքերի սահմանման այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով՝ գովազդային տեխնոլոգիաների ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման համար։
Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը Google-ին տուգանելու որոշումը որակել է շատ անարդար՝ հավելելով, որ իր վարչակազմը թույլ չի տա, որ այդ խտրական գործողություններն ուժի մեջ մնան։
Թրամփը նաև գրել է, որ ստիպված կլինի սկսել 301-րդ բաժնի վարույթը՝ ամերիկյան հարկ վճարող ընկերությունների նկատմամբ սահմանված անարդար պատժամիջոցները չեղարկելու համար։
1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է տուգանքներ կիրառել այն օտարերկրյա պետությունների նկատմամբ, որոնց գործողությունները համարվում են անհիմն, որոնք բեռ են ստեղծում ամերիկյան առևտրի համար։
«Ես կխոսեմ Եվրամիության հետ», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Սա չորրորդ անգամ է, որ Բրյուսելը բազմամիլիարդ դոլարի տուգանք է սահմանում Google-ի նկատմամբ՝ 2017 թվականից ի վեր շարունակվող հակամենաշնորհային գործի շրջանակում։