
Էպշտեյնի հանցագործությունների մասին լուրերից հետո Թրամփը դարձել է ՀԴԲ-ի իրազեկիչ. Ջոնսոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործունեության հետաքննության ժամանակ համագործակցել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
Նրա խոսքով՝ Թրամփը կասկածի տակ չի դրել Էպշտեյնի հետ կապված փաստերը և դրանք «սարսափելի չարիք» է համարել։
«Երբ նա առաջին անգամ լսել է լուրերը, Էպշտեյնին արգելել է այցելել Մար-ա-Լագո և տեղեկություններ է փոխանցել ՀԴԲ-ին` փորձելով կանխել իրադարձությունների զարգացումը», – նշել է Ջոնսոնը: Նրա մեկնաբանություններով տեսանյութը X սոցիալական ցանցում հրապարակել է CNN-ի լրագրող Մանու Ռաջուն:
Հարցին, թե հնարավոր է Թրամփի հանդիպումը Էպշտեյնի զոհերի հետ, Ջոնսոնը պատասխանել է` դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա»:
Գործի նկատմամբ հետաքրքրությունը կրկին սրվեց, գործող վարչակազմը չ տրամադրեց խոստացված նոր նյութերը՝ չնայած դրանք գաղտնազերծելու մտադրության մասին Թրամփի հայտարարություններին: Քննադատությունը սրվեց ՀԴԲ-ի և արդարադատության նախարարության համատեղ հայտարարությունից հետո, ըստ որի՝ Էպշտեյնը չի զբաղվել ազդեցիկ անձանց շանտաժով և «հաճախորդների ցուցակ» չի ունեցել: Միևնույն ժամանակ փետրվարին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ զոհերի և հնարավոր հաճախորդների ցուցակը գտնվում է իր «սեղանին և սպասում է ուսումնասիրության»:
Էպշտեյնը ձերբակալվեց 2006 թվականին անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու կասկածանքով։ 2019 թվականին նրան մեղադրանք առաջադրվեց անչափահասների առևտրի և սեռական շահագործման նպատակով հանցավոր պայմանավորվածության համար, ինչը նախատեսում էր մինչև 45 տարվա ազատազրկում։ Մեղադրող կողմի վարկածով՝ 2002-2005 թվականներին Էպշտեյնը Նյու Յորքի և Ֆլորիդայի իր նստավայրերում սեռական հարաբերությունների մեջ է մտել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, նրանց գումար վճարել և ոմանց ներգրավել նոր զոհերի հավաքագրման մեջ: Տուժածների մի մասը 14 տարեկանից փոքր էր։
2019 թվականի օգոստոսին Էպշտեյնի դիակը գտան բանտախցում, որտեղ սպասում էր դատավարությանը։ Նրա մահը պաշտոնապես որակվեց ինքնասպանություն, սակայն ԶԼՄ-ներում շարունակում են շրջանառվել դավադրության տեսություններ, այդ թվում՝ տեսախցիկների հրապարակված տեսանյութերում առկա բացերի պատճառով: