«80-ականի զենք ասելով նկատի չունենք ամբողջ զինանոցը». Վիգեն Սարգսյան
«Սպառազինվելու համար պարտադիր չի մտնել սպառազինության մրցավազքի մեջ, և 21-րդ դարում սպառազինության տեսականին այնպիսին է, որ կարող ես ընտրել ասիմետրիկ պատասխանի և խելացի պաշտպանության մոտեցումը` ընտրելով այն տեսակները, որոնք կարող են փոքր ռեսուրսով առավել արդյունավետություն ապահովել: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք սպառազինվում, դա նշանակում է, որ յուրաքանչյուր ձեռքբերված զենք չի հակառակորդի, որ դու նույնից պետք է ունենաս»,- այսօր ՀՀԿ 16-րդ համագումարից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ նորընտիր անդամ Վիգեն Սարգսյանը:
Նա կարևորեց, որ բանակը լինի տնտեսության մաս, ոչ միայն սպառող, և ներազդի տնտեսության զարգացման վրա և արդեն իսկ բազմաթիվ գնումներ կատարվում են այդ նկատառումով: Ըստ նրա` սպառազինության առումով պետք է զգույշ լինել, մեր երկրում նորարարության մասով կա մեծ ներուժ, որը ցույց տվեց «Արմհայթեք» ցուցահանդեսը, և ՊՆ-ն այդ ուղղությամբ աշխատանք է տանում, արդեն ԶՈւ-ում օգտագործում են տեղական արտադրության սպառազինություն, բայց ամբողջությամբ փոխարինել հնարավոր չէ:
Վ.Սարգսյանի կարծիքով` բացարձակ հակասություն չկա իր քաղաքական գործունեության և բանակը ղեկավարելու միջև. «Քաղաքական գործունեությունը իմ գործառույթներին ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է»: Նա նշեց, որ Նժդեհականությունը ոչ միայն չի պատրաստվում բացառել ԶՈՒ-ում, այլև այն, ինչ կարող է նպաստել զինվորականության մեջ ազգային կուռ բանակ կառուցելուն, լիարժեք օգտագործելու է:
Վ.Սարգսյանի կարծիքով` 80-ականների զենքի հիշատակումն արհեստական է, բազմիցս առիթ եղել է բացատրելու դրա էությունը, այն է` մենք ունենք բազմաթիվ զինատեսկաներ, որ ներկրել ենք ԽՍՀՄ-ից և կան բազմաթիվ զինատեսակներ, և սեպտեմբերի 21-ն ապացուցեց դա, և 80-ականի զենք ասելով ի նկատի չունեն ամբողջ զինանոցը:
Անդրադառնալով մարտի դաշտում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրություններին և քրեական գործերի հարուցմանը` պաշտպանության նախարարը հայտարարեց, թե դա շատ ավելի բարդ հանգամանք է` սկսած տեղազննությունից, մինչև փորձաքննությունների անցկացումը. «Անհիմն շահարկումները չեն օգնում դեպքերի բացահայտման կամ պաշտպանության կազմակերպման համար»:
Ըստ նրա` աչքաչափով գնահատումներ անելը խորքային մոտեցում չէ:
Վ.Սարգսյանը նշեց, որ քրեական գործերը միայն մասամբ կարող են հարուցվել ՊՆ համակարգում, դրանք հիմնականում հարուցվում են Քննչական կոմիտեում և այլ իրավապահ մարմիններում, որոնք պարբերաբար ներկայացնում են զեկույցներ, և բարդություն չի լինի երբևէ գնահատել, իսկ ՊՆ գործառույթը չէ քրեական գործերի ընթացքին հետևելը: