Վարդան Արամյանը՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հանձնարարականների մասին

Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին։ Նշենք, որ նիստի ընթացքում վարչապետը մասնավորապես Ֆինանսների և Արդարարադության նախարարությունների ներկայացուցիչներին հանձնարարեց բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված այս ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին: Ֆինանսների նախարարն ասաց, որ հանձնարարականը, որը վերաբերում էր Ֆինանսների նախարարության մանդատին, շատ պարզ էր։

«Տեղյակ եք, որ ներկայումս այդ գումարների մի մասը գնում է Ոստիկանության արտաբյուջե և դրանից հետո պայմանագիր է կնքվում «Սեքյուրիթի դրիմի» հետ, որը կատարում է ամբողջ համակարգի սպասարկումը, բարելավումը և այլ գործառույթներ։ Ի՞նչ պետք է անենք մենք։ Սա այն քայլերի հաջորդականությունն է, որը հանձնարարված է և՛ նախագահի, և՛ վարչապետի կողմից: Մենք գնալու ենք մեր կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման: Այն բոլոր գործառույթները, որոնք հնարավոր է` իրականացնենք մեր ուժերով՝ պետությունն իր վրա վերցնի, կփորձենք իրականացնել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ արդյունքում միջոցների մի մասը, որոնք տրամադրվում են մասնավորին և ուղղվում են համակարգի պահպանմանը և բարելավմանը, կշարունակվի նույն կերպ:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև սեփականատիրոջ իրավունքները, Վարդան Արամյանն ասաց, որ դա ենթադրում է, որ պետք է արդար գտնվեն նաև տնտեսվարողների հետ:

«Ցանկացած տիպի կառավարության կողմից խեղման քաղաքականությունն ազդակ է նաև այլ տնտեսվարողներին, որ կառավարությունը չարաշահում է իր հնարավորությունները: Այսինքն՝ ամեն ինչ պետք է լինի արդար հիմքերի վրա։ Մյուս կողմից էլ, նրա գաղափարախոսությունը, ինչ մենք իրականացնելու ենք, շատ պարզ է՝ գումարները գալիս են արտաբյուջե, դրանից հետո բաշխվում է «Սեքյուրիթի դրիմին»՝ որպես ծառայությունների գնում։ Այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու»,- նշեց Վարդան Արամյանը: Նախարարն ասաց, որ տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել, սակայն կառավարության այս թիմը հետամուտ է լինելու իր խոստումների կատարմանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս