«Ներկայացնել ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգ». Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

Գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարականներ տվեց: Հանձնարականների առաջին խումբն առնչվում էր երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը:

Գործադիրի ղեկավարը ոստիկանության պետին հանձնարարեց, ըստ անհրաժեշտության ներգրավելով նաև ֆինանսների և արդարարադության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված այս ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական կառույցներին:

ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարներին վարչապետը հանձնարարեց աջակցել Երևանի քաղաքապետին «Փարքինգ Սիթի սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ բանակցություններին՝ մեկշաբաթյան ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն համայնքնային կառույցներին:

Ոստիկանության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի էական արդյունքներ:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել երևթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:

Կարեն Կարապեայանն արդարադատության նախարարին հանձնարարեց քննարկել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Հանձարարվեց ոստիկանության պետի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկման գործող մեխազնիմների կատարելագործման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս