Բաժիններ՝

«Եռագույնին ևս երկու գույն ենք ավելացրել՝ սևը և սպիտակը». Զավեն Խաչիկյանը՝ նոր գրքի մասին

Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի ունեցավ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «սև, սպիտակ, եռագույն» գրքի շնորհանդեսն ու լուսանկարների ցուցադրությունը, որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

1983-2000-ականներին արված 150 սև-սպիտակ լուսանկարներն Անկախության 25-ամյա ընթացքի գեղարվեստական վավերագրումն են՝ զերծ քաղաքական, սոցիալական, գաղափարական շեշտադիր բեռնվածքից:

«Մեր կյանքը լի է դադարներով, և իմ կյանքում նույնպես մշտապես եղել են որոշակի դադարներ, թեև դրանցից ողբերգություն սարքելու կարիք չկա: Դրանք պետք են մտածելու, առաջ նայելու, ինչ-որ ձևով պոետիկ կերպով դրանք իրար կապելու համար: Այդ դադարները պետք է լցնել ստեղծագործություններով, այլ ոչ բողոքներով: Նույնիսկ գրքում՝ «սև, սպիտակ, եռագույն»-ում, Ղարաբաղյան շարժումը պատերազմից հետո է տեղափոխվել, որովհետև մեզ անընդհատ շարժվելու, համախմբված լինելու, իրար անընդհատ ինչ-որ բաներ ասելու և լսելու կարիք ունենք»,- ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում նկատում է լուսանկարիչ և «սև, սպիտակ, եռագույն» գրքի հեղինակ Զավեն Խաչիկյանը:

????????????????????????????????????

Կարդացեք նաև

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Գրքի առաջաբանն ու պատկերային շարքերն ընդմիջում են Հրանտ Մաթևոսյանի տեքստերը, որ մեր ժամանակի ընկալման խորհուրդն են կրում՝ միաժամանակ ընթերցողին ընձեռելով լուսանկարները կարդալու բանալին, նրանց համատեքստային ընկալումն ու վերաիմաստավորումը: Մեկնաբանելով մաթևոսյանական ընտրությունը, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն ասում է.

«Դա գիրքը կազմողի՝ Անելկա Գրիգորյանի կամքն էր ու «մեղքը»: Անելկա Գրիգորյանի հետ մենք երկար ժամանակ ենք համագործակցել, ու թեև ես ուսուցիչներ շատ եմ ունեցել, բայց նրան համարում եմ իմ գաղափարական ուսուցիչը: Ինքս էլ համամիտ էի այս ընտրության հետ: Հրանտ Մաթևոսյանից առավել լավ բանաձևված ու սեղմ նկարագրությամբ էլի մեկը կա՞, որ կարողացել է արտահայտվի: Միայն մեծ վարպետին բնորոշ գրչի ուժով նա կարողացել է թղթին հանձնել իր ասելիքը, ու ինձ մնում էր կրկին անգամ լսել այդ խոսքը, բայց ոչ երբեք՝ չարաշահել այն»:

????????????????????????????????????

Գրքի՝ «սև, սպիտակ, եռագույն» վերնագրի ընտրության մասին լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը կատակում է.

«Վերնագիրն իմ կարծիքով՝ և´ պոետիկ է, և´ լուսանկարչական է, իր մեջ պաուզա ունի, որն ինձ շատ դուր է գալիս: Առհասարակ շատ տարբերակներով կարելի է մեկնաբանել, բայց որ եռագույնը չեմ գունաթափել, դա վստահ կարող եմ հաստատել: Ինչպես ընկերս՝ Հովհաննես Երանյանը, նկատեց՝ եռագույնին ևս երկու գույն ենք ավելացրել՝ սևը և սպիտակը…»:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Զավեն Խաչիկյանի՝ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից յուրաքանչյուրի պատկերներում կանգ առած ակնթարթը կրում է ոչ միայն անցած պատմության ստույգ վկայությունը, այլև շարունակում է իր կյանքը՝ իբրև ներկայի ու ապագայի հանդեպ խոհ ու զգացմունք: Յուրաքանչյուր պատկեր՝ իր անխառն ու անփոփոխելի իսկությամբ հանդերձ, ընկալվում է ոչ իբրև անցյալի վերարտադրություն, այլ դառնում է այդ նույն անցյալի «պատասխան-կանչը» ներկային:

Ցուցահանդեսի ներկաներից՝ լուսանկարիչ Գերման Ավագյանը 168.am-ի հետ զրույցում նկատում է.

????????????????????????????????????

«Սա երկրորդ նմանատիպ ցուցահանդեսն է, առաջինը մայիսին էր՝ հեղինակությամբ լուսահոգի Ռուբեն Մանգասարյանի: Զավեն Խաչիկյանն ու Ռուբեն Մանգասարյանը Ղարաբաղյան պատերազմն իրար հետ են անցել: Ցուցահանդեսին ներկա յուրաքանչյուր այցելու հիմա Զավեն Խաչիկյանի աչքերով է տեսնում Ղարաբաղյան պատերազմը: Այստեղ քիչ առաջ շատ ջերմ հանդիպում եղավ մի մարդու հետ, ով այս լուսանկարներն անելու տարիներին Քելբաջարում հանդիպել է Զավենի և Ռուբենի հետ: Խոսքս Հմայակ Սայադյանի մասին է, ով հիմա Չինաստանում ռազմական հարցերով ատաշե է: Հենց նոր՝ այստեղ, երկար տարիներ անց նորից հանդիպեցին Զավենն ու Հմայակը, և, եթե չհաշվենք գրքի շնորհանդեսն ու լուսանկարները, ապա միայն այդ հանդիպման համար կարելի էր կազմակերպել այս ցուցահանդեսը»:

168.am-ի հետ զրույցի ընթացքում Հմայակ Սայադյանի հետ երկարամյա ընդմիջումից հետո հանդիպման մասին լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը պատմում է.

????????????????????????????????????

«Հմայակն ինձ համար Ղարաբաղյան պատերազմում կռված տղաների խորհրդանիշերից է: Նրա հետ 1993 թվականին Քելբաջարում՝ մեր վերջին հանդիպումից հետո, միայն մեկ անգամ եմ հանդիպել: Ես Ղարաբաղում հանդիպած բոլորին հատ առ հատ հիշում եմ, հիշում եմ նույնիսկ, թե ում հետ ո՞նց ենք բարևել, ի՞նչ ենք խոսել, բայց միշտ մի տեսակ անբացատրելի վախ եմ ունեցել, որ հանկարծ ուզենամ գնամ-փնտրեմ, կարող է պատահի՝ հանկարծ նրանց կենդանի չգտնեմ… Այնուամենայնիվ, ես արեցի նման փորձ, գնացի Մարտակերտ ու պարզեցի, որ իմ արած կոլաժից մեկում, որտեղ կան պատկերված 8 տղաներ, նրանցից չորսն արդեն չկան… Չնայած զգացողություն ունեի ու վստահ էի, որ Համիկը (Հմայակ Սայադյանը) կա, և հիմա այնքան ուրախ եմ, որ ինքն այսօր եկավ ցուցահանդեսին: Գիտե՞ք, այսօրվա հեռավորությունից ու այսօրվա խաղաղության մեջ այնքան էլ հեշտ չէ պատկերացնել այն թվերը, տանկերը, ազատագրումը և այլն… Ինձ համար այս օրը շատ խորհրդանշական դարձավ նաև Համիկի հայտնվելով: Թույլ տվեք այսպիսի սիմվոլիկ պատասխանով ամփոփեմ հարցը»:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

«սև, սպիտակ, եռագույն» գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 25–ամյակի առթիվ՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Հարավային Կովկաս» շվեյցարական համագործակցության գրասենյակի և Էդուարդ և Վերժին Մսրլյանների աջակցությամբ: Գիրքը կազմել են Անելկա Գրիգորյանը և Զավեն Խաչիկյանը, ձևավորումը՝ Հասմիկ Մովսեսյանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս