«Հայաստանի տնտեսական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի՝ որպես երկրի, հեղինակությունն ու բրենդն է, որ էականորեն կարագացնեն Ցեղասպանության ճանաչման գործընթացը». Վահագն Վարդանյան
Վահագն Վարդանյանը ծնվել է 1973թ., Երևանում: Սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտում, այնուհետև` Հայաստանի Աﬔրիկյան համալսարանում: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ում` Միսսուրի նահանգի պետական համալսարանում: Ունի գործարար կառավարման մագիստրոսի և ﬕջազգային հարաբերությունների մագիստրոսի գիտական աստիճաններ: Շուրջ 10 տարի աշխատել է Հայաստանի բանկային համակարգում` Զարգացման հայկական բանկում, լինելով հեռանկարային պլանավորման ղեկավար, հետագայում` Բանկի Վարչության նախագահի տեղակալ: 2005թ.-ից ապրում և աշխատում է Արևելյան Ասիայում, ﬕնչ 2008թ.-ը` Չինաստանում, այնուհետև` Սինգապուրում` հանդիսանալով Սինգապուրի Հիլսայդ Ակադեﬕայի (Hillside World Academy) Ավագ դպրոցի տնօրենը և Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրի ղեկավարը: Մայրենիից բացի, տիրապետում է ռուսերեն, անգլերեն և չինարեն լեզուներին:
Վահագն Վարդանյանը դոկտորական հետազոտություն է կատարում Սինգապուրի ազգային համալսարանում: Ուսումնասիրության ոլորտն ազգային ինքնությունն է, հայրենիք-սփյուռք հարաբերությունները, այդ թվում` երկրի հեղինակության (բրենդի) զարգացման հիմնահարցերը: Վահագն Վարդանյանը հանդես է եկել ելույթներով տարբեր կոնֆերանսներում և հանդիպումներում՝ Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում և, իհարկե, Հայաստանում:
2016թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության 25-ամյակի կապակցությամբ, Վահագն Վարդանյանը հանդես է եկել նամակ-առաջարկով, որն ուղղվել է ՀՀ որոշ գերատեսչությունների, ինչպես նաև՝ Սփյուռքի որոշ կառույցների: Ստորև ներկայացնում ենք Վ. Վարդանյանի առաջարկը, որը Ցեղասպանության ճանաչման և Հայաստանի զարգացման գործընթացում նոր ուղիներ է նախանշում՝ ինչպես այն վերափոխել՝ դարձնելով տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեցող երկիր:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, Երևան
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, Ստեփանակերտ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարություն, ԵրևանՀայոց ցեղասպանության պետական թանգարան–ինստիտուտ, Երևան
Հայկական ազգային ինստիտուտ, Վաշինգտոն
Ամերիկայի հայկական ազգային կոմիտե, Վաշինգտոն
Ամերիկայի հայկական համագումար, Վաշինգտոն
Ամերիկայի հայկական ազգային կոմիտե, Սիդնեյ
Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավո՛ր Հայաստանի անկախության 25-ամյակը։
Սկսած 1994թ.-ից՝ ամեն տարի ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղում։ Վերջին տասնամյակների ընթացքում՝ ապրիլի 24-ից օրեր և շաբաթներ առաջ, մենք՝ հայերս, ուշադրությամբ հետևում ենք, թե ինչպես է ԱՄՆ նախագահը իր հերթական ուղերձում արտահայտվելու մեր ազգի ողբերգության մասին։ Այս տարի դա նույնպես տեղի ունեցավ, երբ նախագահ Օբաման օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը իր տարեկան հայտարարության մեջ, այն արտահայտությունը, որը մենք՝ հայերս, օգտագործում ենք (և կասեի՝ զգում)։ Դիտարկելով Ցեղասպանության ճանաչման այս միտումը, մասնավորապես վերջին ժամանակների զարգացումները, որոշեցի կարծիքս կիսել ձեզ հետ՝ հասկանալով, որ նոր գաղափարները լայնորեն ընդունվելու համար ժամանակ է պահանջվում։
Հայտնի փաստ է, որ երբ «ցեղասպանություն» բառը 1944թ.-ին առաջին անգամ ներկայացվեց, հայկական կամ հրեական ողբերգություններն արդեն տեղի էին ունեցել։ Բառը իրավական կատեգորիա դարձավ միայն ՄԱԿ-ի կողմից 1948թ․ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումից հետո։ Դրանից շատ ավելի ուշ՝ 1960-ականներին, երբ «հոլոքոստ» անվանումը սկսեց գործածվել, ժամանակի հետ այն դարձավ Հրեական ցեղասպանության յուրահատուկ նույնականացում։ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված վերջին զարգացումները՝ 2015թ.-ից առաջ և հետո 100-ամյակի հիշատակի միջոցառումները, դրանց հաջորդող «Ավրորա» մրցանակաբաշխությունը (2016թ.), ինչը սկզբունքորեն նոր, համաշխարհային բնույթի նախաձեռնություն էր, նպաստեցին ճանաչման գործընթացին՝ ստեղծելով Հայոց ցեղասպանության (և այլ նմանատիպ 2 ողբերգությունների) ճանաչման և դատապարտման զգալիորեն տարբերվող առանցքային շրջանակ։
Իհարկե, հայկական, հրեական, ռուանդական և այլ զանգվածային բնաջնջումներն ունեին տարբեր արմատներ և իրականացման վայրեր, ինչպես նաև տարբեր էին այդ գործողություններն իրականացնող մարդիկ։ Սակայն այդ բոլոր դեպքերն էլ համապատասխանում են «ցեղասպանություն» տերմինի սահմանմանը, այն է՝ «մտադրված գործողություններ՝ ուղղված ազգային, ռասայական կամ կրոնական խումբն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելուն» («Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման ՄԱԿ-ի կոնվենցիա», 9 դեկտեմբերի, 1948թ., www.un.org)։ Հայոց ողբերգության դեպքում այս նույն իմաստը շեշտվել է ԱՄՆ նախագահներ Ջեյմս Քարթերի և Բարաք Օբամայի կողմից, ովքեր պաշտոնավարման ընթացքում ընդունել են, որ «կանխատեսված ջանք է գործադրվել ոչնչացնելու ամբողջ հայ ժողովուրդը» և որ «հայերն ընտրվել էին ոչնչացվելու համար» (համապատասխանաբար 16 մայիսի, 1978թ․ և 24 ապրիլի, 2010թ.)։
Շատերը կարող են առարկել՝ նշելով, որ արտահայտությունը ավելի ազդեցիկ դառնալու համար անհրաժեշտ է «ցեղասպանություն» իրավական արտահայտության օգտագործումը պաշտոնական հայտարարություններում։ Սակայն դա նույնպես արվել է. Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով իր նախագահության տարիներին անդրադարձավ հայոց ողբերգությանը՝ օգտագործելով «ցեղասպանություն» բառը (նախագահ Ռեյգանի հայտարարություն, 22 ապրիլի, 1981թ.)։ Սա ամենևին էլ միակ դեպքը չէ, երբ «ցեղասպանություն» բառն օգտագործվում է ԱՄՆ կառավարության կողմից հայոց ողբերգության առնչությամբ։
Այսպես, այդ հայտարարությունից շատ ավելի վաղ՝ 1951թ.-ին, Հաագայի Միջազգային դատարան ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման կոնվենցիայի» վերաբերյալ խորհրդակցական կարծիքում (28 մայիսի, 1951թ.) ԱՄՆ կառավարությունը հղում է կատարել թուրքերի կողմից հայերի կոտորածներին, ի թիվս այլ նմանատիպ ողբերգությունների՝ որպես «ցեղասպանության հանցագործության բացառիկ օրինակներ» (էջ 25)։ Այսպիսով, մի փոքր անակնկալ է այն, որ նման փաստերը մինչ այժմ թերագնահատված են։ Միևնույն ժամանակ, սակայն, Ուրուգվայի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում, որը համարվում է իբրև այն պաշտոնապես ճանաչող առաջին պետությունը, ո՛չ Սենատի և Ներկայացուցիչների պալատի միացյալ դեկլարացիայում (20 ապրիլի, 1965թ.) և ո՛չ էլ Ուրուգվայի օրենքում (26 մարտի, 2004թ.) նշված չէ «ցեղասպանություն» բառը, այլ փոխարենը նշված են համապատասխանաբար «ազգային ջարդ» կամ «ազգային կոտորած» արտահայտությունները։ Վերը նշված փաստաթղթերը, ներառյալ իսպաներեն լեզվով բնօրինակները, զետեղված են Վաշինգտոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, հետազոտությունների և 3 միջազգային ճանաչման առաքելությամբ գործող Հայկական ազգային ինստիտուտի կայքում (www.armenian-genocide.org), ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման փաստաթղթերում, որոնք ամբողջական ձևով ներկայացված են «Հայոց ցեղասպանություն. աշխարհն է խոսում, 1915-2015, փաստաթղթեր և հայտարարություններ» գրքում (Հ.Սասունյան, 2015)։
Հայոց ցեղասպանության ճանաչման ներկայիս գործընթացներն ու միտումները, ներառյալ Վատիկանում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ունեցած ելույթը (12 ապրիլի, 2015թ.), նրա կողմից վերջերս Ցեղասպանության վերաբերյալ վերահաստատված դիրքորոշումը (24 հունիսի, 2016թ.) և Գերմանիայի Բունդեստագի կողմից ընդունված բանաձևը (02 հունիսի, 2016թ.) Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և արդարության հաստատմանն ուղղված կարևորագույն քայլերից են։
Հետևելով վերը նշված զարգացումներին՝ կարծում եմ, որ
1) Ցեղասպանության ճանաչումը շարունակական գործընթաց է։ Հնարավոր է տասնամյակներ պահանջվեն, մինչև բոլոր անկախ պետությունները պաշտոնապես ճանաչեն այն։ Ցեղասպանությունն արդեն ճանաչվել է մի շարք պետությունների կողմից Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և անգամ Մերձավոր Արևելքում։ Կարելի է պնդել, որ առաջին հերթին Հայաստանի տնտեսական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի՝ որպես երկրի հեղինակությունն ու բրենդն է, որ էականորեն կարագացնեն Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Հայաստանը չունի այլընտրանք, քան իր փոքր տնտեսությունը տարածաշրջանում արդյունավետ մասնագիտացված մի մոդելի վերածելը։ Հայաստանը պատմական և ժողովրդագրական զարգացումների հետևանքով միևնույն ժամանակ դարձել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում գտնվող մեծամասամբ քրիստոնյա բնակչությամբ միակ երկիրը1 , և սա կարևոր հանգամանք է երկրի բրենդը ձևավորելու ճանապարհին։ Ունենալով եվրոպական մշակութային և կրթական ավանդույթներ՝ հայկական քաղաքակրթությունը, որը գերիշխող է եղել Հայկական բարձրավանդակի տարածքում, կապված է նաև Մերձավոր Արևելքի քաղաքակրթության հետ, մասնավորապես երբ խոսքը գնում է սոցիալ-մշակութային որոշ նորմերի մասին։
2) Հայաստանի Հանրապետությունը, լինելով ամբողջ հայ ժողովրդի ներկայացուցիչը պատմական-մշակութային-քաղաքական առումներով, կարիք ունի խորացնելու իր ներգրավող քաղաքականությունը Սփյուռքի հանդեպ։ Հանդիսանալով միացման օղակ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև՝ Հայաստանի զարգացումը 1 Ընդունենք, որ Վրաստանի կապը Մերձավոր Արևելքի հետ անհամեմատ ավելի թույլ է։ 4 որոշակի առումով պայմանավորված է երկրի՝ իր տարածաշրջանից դուրս թռիչք գործելով, որպեսզի այն դառնա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունների միջև արդյունավետ կամուրջ։ Չափազանց կարևոր է վերափոխել Հայաստանը՝ դարձնելով այն տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեցող երկիր՝ չնայած, որ այս նպատակին հասնելու համար մի քանի տասնամյակ կարող է պահանջվել։ Այս տեսակի ամբիցիոզ նպատակի կարելի է հասնել տարածաշրջանում ինտեգրված տնտեսության զարգացման միջոցով և, ամենից առաջ, հարատև ժողովրդագրական գործընթացի շնորհիվ։
Առանցքային նշանակություն է ստանում Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումը հստակ սահմանված ժամանակային հեռանկարում (ասենք՝ մինչև 2030թ.)՝ այն հասցնելով 5 միլիոնի։ Վերջինս միջին հաշվով ենթադրում է տարեկան 5% աճ։ Ակնհայտ է, որ նման նպատակը հնարավոր չէ իրականացնել միայն բնական աճի շնորհիվ։ Հայերը համաշխարհային ազգ են՝ սփռված աշխարհով մեկ։ Սփյուռքի հանդեպ ներգրավման քաղաքականությունը կարող է դառնալ լայնածավալ առումով արդյունավետ, եթե տնտեսական շահը լինի գերիշխող գործոն։ Անգամ եթե մեծաքանակ սփյուռքահայեր կարճաժամկետ կտրվածքով մշտապես չվերաբնակվեն Հայաստանում, տնտեսական շահերով առաջնորդված նրանց հաճախակի այցելությունները կամրապնդեն կապը Հայաստանի հետ և, ի վերջո, Հայաստանը կդարձնեն գրավիչ նաև իրենց ընտանիքների համար։
3) Հայաստանի Հանրապետությունը, հայկական կազմակերպությունները, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված հայերը պետք է շարունակեն ակնկալել Թուրքիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։ Սակայն, եթե անգամ Ցեղասպանություն գործած երկիրը Թուրքիան չէ, այլ Օսմանյան կայսրությունը, ապա Թուրքիայի կողմից շարունակական ժխտումը համաշխարհային հանրության առջև անուղղակիորեն իրեն դարձնում է այդ ողբերգության համար պատասխանատու։ Եթե Թուրքիան ստանձնում է այդ դերը, ապա մենք պետք է էլ ավելի փոքր ակնկալիք ունենանք, քանի որ յուրաքանչյուրն ունի մեղադրանքները ժխտելու իրավունք, սակայն արդարադատության համակարգն է, որ պետք է հետապնդի և պատժի հանցագործության կատարման համար։ Անցած հարյուրամյակի ընթացքում հնարավոր կլիներ Թուրքիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ճանաչմանը ականատես լինել։
Սակայն կարելի է վիճարկել, որ դա տեղի չի ունեցել հիմնականում երկու գործոնի պատճառով․ Օսմանյան կայսրությունում հայերին երբեմնի պատկանող գույքի հանդեպ իրավունքները կորցնելու հնարավորության պատճառով՝ գույք, որը ներկայիս գներով գնահատվում է հարյուրավոր միլիարդ դոլարներ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հետ համերաշխության պատճառով։ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հաստատուն ջանքերը պետք է 5 շարունակվեն։ Միևնույն ժամանակ այժմ, երբ բազմաթիվ պետություններ, նախագահներ, խորհրդարաններ, նահանգներ և մարզեր (այդ թվում՝ ԱՄՆ 50 նահանգից 45-ը), կառավարության ղեկավարներ և միջպետական մարմիններ ճանաչել են և/կամ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ժամանակն է ճանաչումից անցում կատարել դեպի իրավական գործողությունների։ Այդ ճանապարհին, տարբեր նյութեր, այդ թվում՝ Թուրքական ռազմական տրիբունալի դատաքննության փաստաթղթերը (1919թ.) պետք է օգտագործվեն, քանի որ նրանք են հիմք ծառայել Սևրի պայմանագրի (թեկուզ և մասնակիորեն) կիրառման, ինչպես նաև Օսմանյան կայսրության մասնատման համար։
4) Վերջին ժամանակներում զանգվածային քարոզչության միջոցով պատմության հետ կատարվող մանիպուլյացիաները մի յուրահատուկ իրավիճակ են ստեղծել, երբ «ցեղասպանություն» տերմինն արժեզրկման վտանգի առջև է կանգնած։ Այսպես, օրինակ. Արցախում՝ նախկին Խոջալու անվանմամբ գյուղում, 1992թ. սկզբին ադրբեջանական ներքին քաղաքական հակամարտողների կողմից սպանությունների ներկայացումն իբրև ցեղասպանություն հենց նման դեպքերից է։ Երբ հանցագործություն է կատարվում, սովորաբար առաջին քայլն է՝ պարզել, թե ում է դա ձեռնտու։ Աշխարհը պետք է իմանա «Խոջալու»-ի թյուր ներկայացման ետևում թաքնված իրականությունը, մինչև առաջիկա ամիսների ընթացքում՝ փետրվարին այդ դեպքերի 25-ամյակին ընդառաջ, նրա լայնածավալ առաջ մղումը։ Ճշմարտությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելիս գործելը պետք է գերակայի հակառակորդի գործողություններին պարզապես պատասխան տալու քայլերին։ Այնպիսի ողբերգություններ, ինչպիսին է, օրինակ, Մարաղայի կոտորածը, պետք է հայտնի դառնան համաշխարհային հանրության և ցեղասպանություն ուսումնասիրողների համար։
5) Խոսքի ուժը չի կարելի թերագնահատել։ Հայաստանն իր ներկայիս տնտեսությամբ, օբյեկտիվ պայմաններից ելնելով, չի կարող մրցել ժողովրդագրական և տնտեսական առումներով ավելի հզոր երկրների հետ։ Սակայն այն կարող է իր նպատակային ջանքերն ուղղել դեպի սեփական պատմությունն ու մշակույթը առաջ մղելուն, ինչպես նաև դրանք նսեմացնելու կամ, ավելի վատ՝ կեղծելու ցանկացած փորձը կանխելուն։ Այս ուղղությամբ կարևոր քայլ կլինի հաստատուն կերպով «Ադրբեջանի թուրքեր» արտահայտության կիրառումը, «ադրբեջանցիներ» կամ «ադրբեջանի ժողովուրդ» արտահայտությունների փոխարեն՝ հիմնվելով այն փաստի վրա, որ «Ադրբեջան» բառը, այնպես, ինչպես դա օգտագործվում է այդ աշխարհագրական տարածքի իմաստով, ապակողմնորոշող աշխարհագրական անվանում է։ Այսպես, օրինակ, 1899թ.-ին Բրոքհաուսի և Էֆրոնի կողմից հրատարակված հանրագիտարան-բառարանը նշում է (55-56 էջեր)․ «Ադրբեջան 6 (հին Աթրոպատենա) Պարսկաստանի հյուսիս-արևմտյան մարզ, Ռուսաստանի սահմանակից, Հայկական բարձրավանդակի վրա գտնվող, 104 հազար քկմ։ Բնակեցված է թուրքմեններով։ Հիմնական ապրանքներ՝ բամբակ, չորացրած մրգեր, աղ։ Հիմնական քաղաքը՝ Թավրիզ»։ Այսպիսով, Ադրբեջանը չէր կարող ինքն իրեն սահմանակից լինել, քանի որ ներկայիս Ադրբեջանի տարածքն այն ժամանակ Ռուսաստանի կայսրության կազմում էր գտնվում։ Այսպիսի փաստերը նշված են նաև մի շարք այլ աղբյուրներում և հիմք են ստեղծում այդ տարածքում ապրող մարդկանց մասին հղում կատարելիս օգտագործել «Ադրբեջանի թուրքեր»-ը, ինչպես, օրինակ, Սիրիայի «թուրքմեններ» կամ «թուրքեր» արտահայտությունը։ Թուրքականի վրա շեշտադրումը պաշտոնական և ոչ պաշտոնական հղումներ կատարելիս առաջին հերթին կկանխի իրականության խեղաթյուրված մեկնաբանությունը, որն Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են արդեն տասնամյակներ ի վեր։ Երկրորդ՝ այն կվերացնի վերջինիս արտաքին քաղաքականության հայտարարություններից մեկը, այն է՝ հայկական երկրորդ պետության՝ Արցախի գոյությունը կանխելը։
6) Արցախի ճանաչումը Հայաստանի Հանրապետության համար ունի կենսական նշանակություն։ Արցախին սպառնացող ցանկացած վտանգ երկարաժամկետ առումով վտանգի է ենթարկում Հայաստանը։ Կասկածից վեր է, որ քաղաքական ճանաչումը ժամանակատար գործընթաց է։ Սակայն այս փուլում կարելի է իրականացնել երկու քայլ. առաջինը՝ «Արցախի Հանրապետություն» անվանման կիրառությունն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» փոխարեն։ Վերջինիս օգտագործման մեջ է իրեն վերաբերող փաստաթղթերի մեծ մասում և նրա կտրուկ անվանափոխությունը «Արցախ»-ի կարող է ապակողմնորոշող լինել։ Սակայն երկու անվանումների զուգահեռ օգտագործման միջոցով ժամանակի ընթացքում «Արցախ» անվանումը պետք է դառնա գերիշխող։ Հաջորդ քայլը Արցախի անդամակցությունն է միջպետական խոշորագույն կազմակերպություններից մեկին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (WHO): Գոյություն ունի Թայվանի՝ Չինաստանի և այլ երկրների հետ միասին, այդ կազմակերպության անդամ լինելու հաջողված նախադեպը։ Որպես մարդու առողջության հետ կապված մասնագիտացված մարմին` գործընթացում հաստատուն ջանքեր ներդնելու դեպքում նրան անդամակցելու դիմումն առաջ մղելն ավելի դյուրին է։
7) Մենք արդեն ականատես ենք եղել ԱՄՆ նախագահի (և ոչ միայն իր) կողմից «Մեծ եղեռն» արտահայտության օգտագործմանը, ինչը հեշտացնում է այդ արտահայտության հետագա միջազգայնացումը, և մի քանի տարի հետո այն կարող է ներառվել անգլերեն լեզվի բառարաններում որպես Հայոց ցեղասպանության 7 յուրահատուկ անվանում։ Անգլերեն լեզվի Օքսֆորդ բառարանը, որն ունի լայն կիրառություն, անգլերեն լեզվով ամենաընդգրկուն և ամենից շատ հղում արվող բառարան-աղբյուրն է։ Բառարանում նոր բառեր ներառելու մասնագետների խմբի անդամներից մեկի պարզաբանմամբ բառարանում նոր բառ մուտքագրելու համար որոշակի ապացույց է անհրաժեշտ, և «ոսկե կանոնն» այն է, որ ցանկացած բառ կարող է բառարանում ընդգրկվել, եթե այն հինգ տարվա ընթացքում օգտագործվել է հինգ անգամ հինգ տարբեր տպագրված աղբյուրներում (www.askoxford.com): Այսպիսով, գործընթացը սկսվել է տարիներ առաջ։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ժխտման է արժանանում, հակառակ, օրինակ, Հոլոքոստի, որի պատասխանատվությունն իր վրա բացահայտորեն ընդունել է գերմանական պետությունը։ Հայոց ցեղասպանությունը գործած երկրի իրավահաջորդի կողմից պաշտոնապես այն ժխտելու փաստն անհրաժեշտություն է դարձնում օգտագործել պատմական-զգացմունքային «Մեծ եղեռն» անվանումը «Հայոց ցեղասպանություն» իրավական արտահայտության հետ միասին, համենայն դեպս որոշակի ժամանակի ընթացքում։ Տարիներ հետո, հաստատուն աշխատանքի շնորհիվ, «Մեծ եղեռն» անվանումը կարող է «Հայոց ցեղասպանություն» անվանման հոմանիշ դառնալ և կիրառվել լիովին անկախ՝ որպես միջազգայնորեն ընդունված անվանում։
Հարգանքով՝ Վահագն Վարդանյան
21 սեպտեմբերի, 2016թ.