ԱՄՆ-ն շարունակում է ինտենսիվ շփումները Սիրիայում բոլոր կողմերի հետ՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով
ԱՄՆ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվ շփումները Սիրիայում բոլոր կողմերի հետ՝ լարվածությունը նվազեցնելու և տեղում ցանկացած սրացում կանխելու ջանքերի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարաքը նշել է X հարթակում գրառման մեջ։
«Միացյալ Նահանգները շարունակում է սերտ կապի մեջ լինել Սիրիայում բոլոր կողմերի հետ՝ աշխատելով շուրջօրյա՝ լարվածությունը նվազեցնելու, սրացումը կանխելու և Սիրիայի կառավարության ու «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև ինտեգրման բանակցություններին վերադառնալու համար», – նշված է գրառման մեջ։
Նախորդ շաբաթ Թոմ Բարաքը Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Նրանք քննարկել էին Հալեպում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև Սիրիայում անցումային փուլի վերաբերյալ հարցեր։ Բարաքն ընդգծել էր, որ Վաշինգտոնն այս փուլը դիտարկում է որպես միասնական սիրիական պետություն կառուցելու կարևորագույն հնարավորություն։
Հալեպից արևելք գտնվող Դեյր Հաֆերում սիրիական բանակի և ՍԴՈւ-ի միջև բախման սպառնալիք է նկատվում։ Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ հունվարի 16-ին ՍԴՈւ-ն խոչընդոտել է խաղաղ բնակիչների հեռացմանը Հալեպի արևելյան շրջաններում գտնվող մարդասիրական միջանցքով՝ կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ։
Հունվարի 12-ին սիրիական բանակը զորքեր է տեղակայել Հալեպի նահանգի արևելյան հատվածներում՝ նկատելով ՍԴՈւ-ի և նախորդ իշխանությունների հետ առնչություն ունեցող զինված խմբավորումների տարածումը նահանգի Մասկանա և Դեյր Հաֆեր քաղաքների մոտակայքում։
Հունվարի 13-ին Սիրիայի բանակը Հալեպի արևելյան ծայրամասում գտնվող Մասկանան և Դեյր Հաֆերը հայտարարել է փակ ռազմական գոտի՝ կոչ անելով այնտեղի զինված խմբավորումներին նահանջել Եփրատ գետի արևելք։
Syria TV-ի փոխանցմամբ՝ ՍԴՈւ-ն բարձրացրել է Հալեպի շրջանի Դեյր Հաֆեր քաղաքում գտնվող իրենց մարտիկների աշխատավարձը՝ հասցնելով ամսական մոտավորապես 450 դոլարի։ Այս քայլը նպատակ ունի լուծել մարտիկների թվի զգալի անկման խնդիրը, որը հետևանք է վերջերս դասալքությունների աճին։
Տեղեկություններ են հաղորդվում, որ ՍԴՈւ-ի մի շարք մարտիկներ վայր են նետել իրենց զենքերը և լքել են խմբավորման շարքերը Դեյր Հաֆերի ճակատում։
Հալեպում հունվարի 6-ին բախումներ էին սկսվել քրդերի գլխավորած ՍԴՈւ-ի և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել էին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ Հունվարի 9-ին հաղորդվել էր կրակի դադարեցման մասին։



