Հայաստանի գլխավոր մարտահրավերն այս փուլում Իրանի հետ բնականոն կապերի պահպանումն է՝ արևմտյան օրակարգի հետ մեկտեղ․ վերլուծաբան

Թուրքիայի իշխանություններն ուշադրությամբ հետևում են Հայաստանում ծավալվող նախընտրական գործընթացներին, ավելին՝ մեկնաբանում դրանք։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օրերս, ի թիվս մի շարք այլ հարցերի, անդրադարձել էր նաև ներհայաստանյան թեմատիկային։ Դրանից առաջ նա հույս էր հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է նաև Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։

Նա տեղեկացրել էր, որ այս հարցով մոտ 2 ժամ տևած հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

«Դա կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միավորման առումով։ Բացի այդ, Միջին միջանցքի շրջանակում կարևոր է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան այս ճանապարհով ուղղակիորեն բացվում է դեպի թյուրքական աշխարհ և դեպի Կենտրոնական Ասիա։ Սրանք բոլորն օգտակար ուղղություններ են, և դրանց շուրջ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- ասել էր Ֆիդանը։ Խոսելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրերս ստորագրած փաստաթղթի մասին՝ Ֆիդանն ասել է.

«Նրանք մեր կողմից «Զանգեզուրի միջանցք» կոչվող տարածքն անվանում են TRIPP և քննարկում են՝ «ինչպես կարելի է այն կյանքի կոչել»։ Այժմ այդ փաստաթղթի հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր կան։ Մենք դա շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք։ Այնուհետև երեկ ամբողջ օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ մոտ երկու ժամ, այս թեմայով զրուցել ենք Ջեյհուն Բայրամովի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է գրված այդ փաստաթղթում, և ինչպես են նրանք դրան մոտենում, քանի որ նրանց տեսանկյունը կարևոր է։ Այս հարցի վերաբերյալ տեղեկություն ենք փոխանցել նաև նախագահ Էրդողանին»։

Կարդացեք նաև

Ֆիդանի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը ստորագրվի և հնարավորինս շուտ կյանքի կոչվի, դա, ըստ թուրք նախարարի, կարևոր է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ «Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքն առկա է։ Պարզապես այժմ կան մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են սպասվում, և դա ևս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Նրա այս գործընթացում ունեցած կառուցողական դերակատարումն իսկապես աջակցում ենք։ Անհրաժեշտ է, որ այս գիծը և այս քաղաքական կամքը շարունակություն ունենան»,- ասել էր Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանի այս դիտարկումները լայն արձագանք ստացան Երևանում։ Ընդդիմությունը քննադատեց այս հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես նաև միջամտություն ՀՀ ներքին գործերին, իսկ իշխանությունն՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ԱԳ նախարարին իր մեկնաբանությունների համար։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի վերաբերյալ այլ երկրների դիվանագետների նմանօրինակ հայտարարություններն արտացոլում են այն արտաքին քաղաքականությունը, որը վարում են ՀՀ իշխանությունները։

Նրա խոսքով, բնական է, որ ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության պայմաններում, որն աչքի է ընկնում Թուրքիայի նկատմամբ լոյալությամբ, Թուրքիայի աջակցությունը կլինի ու այդ մասին կհնչի նման ձևով։

«Թուրքիան Հարավային Կովկասում իր ծրագրերի, քաղաքական սկզբունքների մասին հստակ ու ուղիղ է հայտարարում, առանց բարդ դիվանագիտական ձևակերպումների։ Կարծում եմ՝ դա կարևոր է, նրանք պատրանքներ չեն տալիս Հայաստանին, կեղծիք չեն անում, հստակ հայտարարում են, որ Ադրբեջանի հետ են բոլոր հարցերում, այդ թվում՝ ներկայումս, երբ հայտարարում են, որ խաղաղությունը գրեթե հաստատված է։ Սա դիվանագիտություն է ուժի դիրքերից, երբ չեն գործում երկրների միջև հարաբերությունների տարրական սկզբունքներ։ Թուրքիան այդպես էլ հայ-թուրքական օրակարգը չառանձնացրեց հայ-ադրբեջանական օրակարգից, Հայաստանը չդիտարկեց՝ որպես առանձին ռեգիոնալ խաղացող, հանուն որի արժե Ադրբեջանից գոնե անջատ որոշ քայլեր նախաձեռնել կամ բանակցված պայմանավորվածություններն իրագործել»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։

Նրա կարծիքով, ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Արևմուտքի, փոխվել են ՀՀ հարաբերություններն ավանդական դաշնակիցների ու սերտ գործընկեր երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանն ու Իրանն են։

«Տեսնում ենք, որ արդեն կոշտ տոնայնությամբ հայտարարություններ են հնչում Իրանից, Իրանի համար հասկանալի ու ընկալելի չէ այս քաղաքականությունը, որովհետև ԱՄՆ քաղաքականությունը ռեգիոնում հենց Իրանի դեմ է։ Իսկ Հայաստանը գնում է պայմանավորվածությունների Արևմուտքի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որոնք աշխատում են Միջին միջանցքի ուղղությամբ»,- ասաց վերլուծաբանը։

Վլադիմիր Եվսեևի կարծիքով, ակնհայտ է, որ հայկական կողմը շահագրգիռ չէ Իրանի հետ հարաբերությունների սրացմամբ։

«Սակայն մարտահրավերն այս երկու օրակարգերը համադրելն է, ինչը բարդ է՝ հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս հակաիրանական գիծը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը։ Ռուսաստանի ուղղությամբ ԱՄՆ-ը նման դիրքավորում չունի, իսկ Իրանի հարցում՝ կա, և դա մարտահրավեր է Հայաստանի համար՝ հատկապես TRIPP-ը համաձայնեցնելու ֆոնին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս