«Փառք Աստծո, Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ողջ են, դրանից զատ, այլ բան ո՛չ մենք, ո՛չ նրանց հարազատները չեն կարող ասել». Մետաքսե Հակոբյան

Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական գերությունից հայրենիք է վերադարձել 4 հոգի։ Վերադարձողներն են Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։ Այս լուրն առաջինը ֆեյսբուքյան իր էջում գրեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետև Արդարադատության նախարարությունը հրապարակում արեց, որ Սիրիային են վերադարձվել 2020 թվականին Ադրբեջանի կողմից հավաքագրված և Արցախի դեմ կռված սիրիացի 2 վարձկանները։

Ադրբեջանական գերությունից մեր 4 հայրենակիցների վերադարձն արդյո՞ք հույս ներշնչում է, որ կվերադարձվեն նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խոսելով այս հարցի շուրջ՝ նախ իր ուրախությունը հայտնեց, որ ադրբեջանական գերությունից 4 հայ է վերադարձել հայրենիք ու իրենց ընտանիքների հետ են։

«Այս ամենն Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլ չէր, այլ ընդամենը քաղաքական չոր հաշվարկ էր և այդ հաշվարկը կատարել էր ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը։ Ելնելով այս հանգամանքից, մենք չենք կարող որևէ վստահություն ունենալ կամ հասկանալ, թե Ադրբեջանն արդյոք կարո՞ղ է՝ իր նպատակին հասել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցում, որովհետև սա քաղաքական նպատակի համար է։ Ադրբեջանն ուզում է  ամբողջ աշխարհին ցույց տա, որ 30 տարի շարունակ Արցախը ոչ թե եղել է մեր հայրենիքը, այլ ինչ-որ «ահաբեկիչների խմբակի» հավաքատեղի»,- 168.am հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Ըստ պատգամավորի, սպասել, որ ՀՀ օրվա իշխանությունը քայլեր կձեռնարկի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու համար, ուղղակի միամտություն կլինի։

«Իհարկե, մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի ռազաքաղաքական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ կապ է հաստատում ընտանիքի անդամների հետ։ Ինքներս մշտապես ընտանիքներից նրանց ճակատագրի հետ կապված հետաքրքրվում ենք։

Նախկինում ընտանիքները կարող էին որոշակի բաներ ուղարկել մեր հայրենակիցներին, բայց հիմա այդ հնարավորությունը չունեն, այն ժամանակ «Կարմիր խաչի» միջոցով էին ուղարկում։ Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներն ազատ չեն հեռախոսազանգերի ընթացքում նկարագրել իրենց վիճակը, իրական պայմանները։

Ամեն դեպքում կապը կա, փառք Աստծո, ողջ են, դրանից զատ՝ այլ բան ո՛չ մենք, ո՛չ նրանց հարազատները չեն կարող ասել»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս